‘Պեսկով. Չեչնիան իրավունք չունի զենք մատակարարել Մեքսիկային’

1238

Ռուսաստանի օրենսդրությամբ՝ Չեչենական Հանրապետությունը չի կարող զենք մատակարարել Մեքսիկային, ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբդուռախմանովի հայտարարությունը:

«ՌԴ սուբյեկտները այլ երկրների չեն կարող մատակարարել կամ  վաճառել հատուկ ունեցվածք: Դա օրենքով հնարավոր չէ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Նախօրեին Աբդուռախմանովը սպառնացել է զենք մատակարարել Մեքսիկային, եթե Վաշինգտոնը սպառազինություն տրամադրի Ուկրաինային: «Մենք նորագույն սպառազինություն կտրամադրենք Մեքսիկային, որպեսզի թարմացվի վեճը ԱՄՆ-ի կողմից անեքսիայի ենթարկված տարածքների շուրջ, որտեղ հիմա ամերիկյան Կալիֆոռնիա, Նյու-Մեքսիկո, Արիզոնա, Նևադա, Կոլորադո նահանգներն են»,- խոսնակի խոսքն է մեջբերում Չեչնիայի խորհրդարանի մամլո ծառայությունը:

Պեսկովը նշել է, որ ինքը մանրակրկիտ ծանոթ չէ չեչենական խորհրդարանի խոսնակի հայտարարությանը և չգիտի, թե այն ինչ պատճառով է արվել: «Նման հայտարարությունները չեն կարող համաձայնեցված լինել Մոսկվայի հետ»,- շեշտել է Պեսկովը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մարսելի դատախազ. Օդաչուն հատուկ փորձել է վայրէջք կատարել Ալպերի վրա’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանի դեմ ակցիաներ են նախապատրաստվում’