‘Պետդեպ. ԱՄՆ չի ճանաչում Աբխազիայի և ՌԴ-ի միջև որևէ պայմանագրի օրինականությունը’

924

«Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշումը մնում է հստակ. այդ տարածաշրջանները Վրաստանի անբաժան մասերն են, և մենք շարունակում ենք պաշտպանել Վրաստանի անկախությունը, ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեի  հայտարարությունում:

«Միայցալ Նահանգները չեն ճանաչում Վրաստանի տարածաշրջան Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև որևէ «պայմանագրի» օրինականությունը: Մենք վերստին Ռուսաստանին կոչ ենք անում կատարել 2008 թվականի հրադադարի շուրջ համաձայնագրի շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները, դուս բերել իր զորքերը, չեղյալ հայտարարել Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանների ճանաչումը որպես անկախ պետություններ և ապահովել այդ տարածաշրջաններ մարդասիրական օգնության ազատ մուտքի հնարավորությունը», — ասվում է հայտարարությունում:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը, ով նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագիրը, այն համարում է Վրաստանի ինքիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան նոյեմբերի 24-ին ստորագրել են դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագիր, որը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածության ձևավորում, այդ թվում  միավորված զորամիավորման ստեղծման օգնությամբ, որը կենթարկվի միավորված հրամանատարությանը:

Վլադիմիր Պուտինը Ռաուլ Խաջիմբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին: «Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք զգալի ուշադրություն հատկացրեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերին: Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այդ նախագիծը, օրինակ, որպես երկաթուղային տրանզիտային հաղորդակցություն` Սուխումի, Թբիլիսի ուղղություններով, իսկ հետագայում դեպի Հայաստան, իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»,-ասել է Պուտինը: Նա համոզմունք է հայտնել, որ նման նախագծերի իրականացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների միջև համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը: 

Նախորդ հոդվածը‘Օբաման հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի պաշտոնաթողության մասին’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը կրկին զարմացնում է (տեսանյութ)’