‘Պետությունը ամեն ինչ անում է ինտերնետ առևտուրը սահմանափակելու համար’

3938

Մաքսային միությանը միանալով Հայաստանը մտադիր չէ նվազեցնել դեպի հանրապետություն ֆիզիկական անձանց անմաքս ծանրոցների սահմանաչափը, որը ներկայումս կազմում է 150 հազ.դրամ (մոտ 360 դոլար): Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում:

Հարկ է նշել, որ դեպի Ռուսաստան ծանրոցների անմաքս ներմուծման սահմանաչափը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 6 անգամ, մինչև 150 եվրո մեկ ծանրոցի համար, ներկայիս 1000 եվրոյի փոխարեն: «Անգամ եթե Ռուսաստանը նվազեցնի այդ սահմանաչափը, մենք այն կթողնենք առանց փոփոխության»,-ասել են նախարարությունում:

Համաձայն ՀՀ Մաքսային օրենսդրության, ֆիզիկական անձինք առանց մաքսավճարների կարող են ստանալ ծանրոցներ, որոնց արժեքը չի գերազանցում 150 հազ.դրամը, մինչև 20 կգ քաշով, ընդ որում, 180 օրվա ընթացքում: Իսկ Մաքսային միության օրենսդրությամբ, կարելի է ստանալ ծանրոցներ մինչև 1000 եվրո արժողությամբ և 31 կգ քաշով: Ընդ որում, ժամկետների առումով սահմանափակումներ չկան:

Առաջին հայացքից ՄՄ-ում ներկայումս գործում են ծանրոցների արագ առաքման ավելի ազատական օրենքներ, հաշվի առնելով քաշը, արժեքը և ժամկետների բացակայությունը: Բայց դեռ պարզ չէ, արդյո՞ք Ռուսաստանը կնվազեցնի ներկայումս գործող սահմանաչափը:

 

Ինտերնետ-առևտուրը տարեցտարի մեծացնում է շրջանառությունն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, քանի որ ինտերնետ-խանութների ապրանքները հաճախ ավելի որակյալ են, ու ավելի էժան, քանի տեղական շուկաների ապրանքները, անգամ առաքման ծախսերի հետ միասին: Այդ կապակցությամբ էլ յուրաքանչյուր ոչ այնքան զարգացած երկիր, որը չի կարողանում դիմանալ միջազգային մրցակցությանը, փորձում է իր ձևով սահմանել վերոնշյալ սահմանափակումները, փակելով իր շուկաները: Այսպես, Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, փաստորեն ֆիզիկական անձանց համար փակել են բեռների առաքման կուրյերային ծառայությունը: Արդեն մի քանի տարի DHL Express և FedEx ընկերությունները ֆիզիկական անձանց չեն սպասարկում Ռուսաստանում, այն մատուցելով միայն իրավաբանական անձանց: Հարցը քննարկվում է, և ռուսաստանյան իշխանությունները պատրաստ են այդ ծառայությունները մատուցել պարզեցված կարգով:

 

Հայաստանում սահմանափակումները ներդրված են 2012 թվականից, ինչի արդյունքում ծանրոցների ստացումը ֆիզիկական անձանց համար դարձել է ավելի ծախսատար, բացառելով նաև դռնից-դուռ ծանրոցների ստացման հնարավորությունը: Յուրաքանչյուր շտապ ծանրոցի համար ֆիզիկական անձինք Հայաստանում ստիպված են վճարել առնվազն 4 հազ.դրամ` փաստաթղթերի փաթեթի ձևակերպման համար, ընդ որում, անկախ այդ բեռի մաքսային արժեքից: Իրավիճակի անհեթեթությունը կայանում է նրանում, որ եթե ծանրոց ես պատվիրել DHL Express կամ FedEx ընկերություններում, որի արժեքը կազմում է մոտ 1 դոլար, ապա միևնույնն է, ստիպված ես վճարել 4 հազ.դրամ: Այդ գումարը չի գնում երկրի բյուջե, այլ ստանում են կուրյեր-ընկերությունները, որոնք էլ իրենց հերթին մաքսատներին վճարում են բեռները պահելու դիմաց: Եթե ձեր ծանրոցը պահեստում է գտնվել 48 ժամից ավելի, ապա արդեն ստիպված կլինեք վճարել ոչ թե 4 այլ 6 հազ դրամ: Հայաստանի քաղաքացիներն այսուհետ ստիպված են արագ ծանրոցներ ստանալիս ներկայացնել անձնագրի պատճենը և վճարել փաստաթղթերի ձևակերպման դիմաց: Մեկնաբանությունների համար ԱրմԻնֆո-ի թղթակիցը դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությանը, որտեղ նրան առաջարկել են հարցերը ներկայացնել գրավոր, քանի որ իրենք «կենդանի» հարցազրույցներ չեն տալիս:

 

Իսկ բեռի մաքսային արժեքի գնահատումը Հայաստանում արդեն այլ պատմություն է: Ներկայումս նշված 150 հազ դրամը, հաշվի առնելով դրամի արժեզրկումը, կազմում է մոտ 360 դոլար, որը նախկինում կազմում էր 430-450 դոլար: Բայց այդ սամանաչափն էլ կառավարությւոնը սիրալիր ձևով բարձրացրեց: Բանը նրանում է, որ Հայաստանի Մաքսային ծառայությունը ղեկավարվում է ոչ թե ապրանքի ինվոյսային արժեքով, այլ ունի իր «փրայս-լիստը», որը, իբր, հիմնված է երկրի ներսում գործող շուկայական գների վրա: Ընդ որում, այդ «սև ցուցակը» հայտնի է միայն մաքսատան աշխատակիցներին: Այն ոչ մի տեղ չի հրապարակվում, թաքցնելով քաղաքացիներից, որպեսզի նրանք երբեք չիմաան, թե իրենց բեռը հարկման ենթակա է, թե ոչ:

Այլ խոսքերով, եթե ebay համակարգով 260 դոլարով գնել եք օգտագործված Iphone, կամ 300 դոլարով` նետբուք, ապա հույս չունենաք, որ կարող եք խուսափել մաքսազերծումից: Համաձայն Մաքսային ծառայության մոտավոր սակագների, կստացվի, որ ձեր հեռախոսի արժեքը կազմում է 900 դոլար, իսկ համակարգչինը` 1000 դոլար, լրացուցիչ վճարելով նաև այդ արժեքի 32%-ը: Արդյունքում, տվյալ բեռի արժեքը ստացվում է ավելի բարձր, քան Հայաստանում: Դա քաղաքացիների համար ստեղծում է բազմաթիվ բարդություններ և կոռուպցիոն ռիսկեր: Այստեղ պետության շահերը հակասում են քաղաքացիների շահերին, քանի որ պետությունը փորձում է մի կողմից համալրել գանձարանը, իսկ մյուս կողմից, քաղաքացիներին ստիպել ապրանքներ գնել բացառապես տեղական շուկաներից, ինչն էլ կրկին` կապված է ֆիսկալ սպասումների հետ: 

Նախորդ հոդվածը‘Կանադան ռուսաստանցի զինվորականներին 24 ժամ է տվել՝ երկիրը լքելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պետբյուջեի գումարները՝ գոյություն չունեցող ՀԿ-ներին. Civilnet. Տեսանյութ’