‘ՊՆ խոսնակն արձագանքում է iLur.am-ում հրապարակված հոդվածին’

1153

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է iLur.am-ում հրապարակված հոդվածին, որի հեղինակը տարակուսանք էր հայտնում այն փաստի վերաբերյալ, որ վերջին շրջանում ՊՆ-ը պատվոգրեր ու շքանշաններ է հանձնում պաշտպանության բնագավառի հետ առնչություն չունեցած, որոշ դեպքերում` բանակում չծառայած անձանց:

«Պաշտպանության նախարարությունում լավ գիտեն, թե ինչ արժանիքների համար են պարգեւատրում այս կամ այն մարդուն», — iLur.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ արժանիքների կամ ծառայությունների մասին է խոսքը. «Պաշտպանության ոլորտը, ինչպես հայտնի է, որոշ գաղտնիություն իր մեջ պարունակում է, եւ պարտադիր չէ, որպեսզի լայն հասարակայնության համար հայտնի լինեն այս կամ այն արժանիքները, որոնց դիմաց մարդիկ պարգեւատրվում են», — հավելեց խոսնակը:

Նա նշեց նաեւ, որ արծարծվող հոդվածում որոշ փաստեր «խառն են» ներկայացված` կրկին չմանրամասնելով, թե կոնկրետ որ փաստերի մասին է խոսքը:

Անդրադառնալով հոդվածում տեղ գտած ձեւակերպմանը, թե «ռազմական գերատեսչությունը տեղեկատվական ոլորտում պարտվում է թե երկրի ներսում, թե դրսում», Արծրուն Հովհաննիսյանը «սիրով հրավիրեց» այս հարցում մտահոգ քաղաքացիներին` համագործակցել ՊՆ հետ եւ իրենց փորձն ու հմտությունը ներդնել տեղեկատվական պայքարի հարցում:

 

Նախորդ հոդվածը‘Կրկին լուրեր ապագայից. Վարչապետը դեպի Չինաստան հայկական ապրանքների մեծ հոսք է կանխագուշակում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը պահանջում է անհապաղ դադարեցնել ակտիվիստների նկատմամբ ապօրինի հետապնդումները’