ՊՆ-ն հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին

733

Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, սահմանային միջադեպերի, առաջնագծում լարված իրադրության ժամանակ, երբ, ցավոք սրտի, հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվում կամ վիրավորվում, որոշ լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր, այս կամ այն ճանապարհով ստանալով այդ տեղեկությունը, որը շատ հաճախ լինում է ոչ ստույգ և սխալ, շտապում են հաղորդել այն հանրությանը:

Պաշտպանության նախարարությունը բազմիցս հորդորել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նման իրավիճակներում սպասել պաշտոնական հաղորդագրությանը, քանի որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունները հրապարակում է միայն բազմակի ստուգումներից, զոհված զինծառայողի ընտանիքին սահմանված կարգով տեղեկացնելուց հետո:

Այսօր ևս, ինչպես նախորդ օրերին, լրատվամիջոցներից մեկը շտապել է հանրայնացնել իր ստացած սխալ տեղեկությունը` նշելով, թե զոհված զինծառայողը Շիրակի մարզից է: Պաշտպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարին զանգահարել են Շիրակի մարզից զինծառայողների բազմաթիվ ծնողներ, ովքեր փորձել են ճշտել այդ տեղեկությունը:

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին նմանօրինակ իրավիճակներում չշտապել և չտարածել իրենց ստացած այս կամ այն սխալ տեղեկությունը, ավելորդ սթրեսի չենթարկել զինծառայողների ծնողներին, հետևել պաշտոնական լրահոսին. պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է առաջնագծում տիրող իրադրության վերաբերյալ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Նախորդ հոդվածըԶոհված զինվորը Էդգար Սուլեյմանյանն է
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Ռուսներին հավաքագրելու՝ ԿՀՎ-ի նոր փորձերը ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն են