‘Պոռոշենկոն «դեկոմունիզացրել» է ուկրաինացի զինվորականների ուսադիրները’

1744

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն՝ ուկրաինացի զինծառայողների ուսադիրներից  կանհետանան սովետական աստղերը: Այդ մասին երեքշաբթի իր facebook-յան էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը:

«Այդ քրտնաջան աշխատանքը տարվել է ավելի քան մեկ տարի: Չարակամների կողմից՝ համապատասխան «ուշադրություն»՝ իր ողջ զինանոցով՝ խարդավանքներ, սկանդալներ, բամբասանքներ, գանգատներ: Եվ մի խումբ էնտուզիաստների քրտնաջան աշխատանք: Այսօր վերջակետ է դրվել այդ ամենին»,- տեղեկացրել է Բիրյուկովը՝ հավելելով, որ նոր ուսադիրների պաշտոնական շնորհանդեսը կկայանա օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ անցկացվող շքերթի ժամանակ:

Մայիսի 15-ին Պոռոշենկոն հայտարարել է, որ «դեկոմունիզացիան» ազգային անվտանգության հարց է: Նա նաև նախազգուշացրել է զերծ մնալ երկրի քաղաքները կայսերական հին անուններով անվանակոչելուց՝ խոստանալով, որ թույլ չի տա «Ուկրաինայի քարտեզը կրկին աղտոտել  ռուսական անվանումներով»: Պոռոշենկոն նշել է, որ «դեկոմունիզացիայի» շրջանակներում երկրում արդեն վերանվանվել են 688 բնակավայրեր և 15 շրջաններ, ապամոնտաժվել է պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի՝ հազարից ավելի հուշարձան:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիա. Ի՞նչ կասի բրիտանացիներին «Չիլքոթի զեկույցը»’
Հաջորդ հոդվածը‘Նկարչուհին ծննդյան օրվա առթիվ Նազարբաևին նկարել է իր կրծքով’