‘Պուտինը բարձրացրել է Սերժ Սարգսյանի տոկոսները’

1187

Մոսկվայում այսօր կայացել է Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ըստ  ՌԴ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության, Սարգսյանն ու Պուտինը քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, իր խոսքով, այս նախագահական ընտրություններում «տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ», եւ հավելել, թե «ավելի քան 60 տոկոս քվեն (Սերժ Սարգսյանը հստ ԿԸՀ-ի ստացել է 58.7 տոկոս-խմբ., president.am-ը «խմբագրել է» Պուտինի խոսքերը) շատ լավ արդյունք է, որը վկայում է ժողովրդի վստահության մասին և հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը», որոնք Սարգսյանն իր առջև դրել է՝ սկսելով նախընտրական քարոզարշավը: «Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ե՛վ Հայաստանում, և՛ Ռուսաստանում դա լավ գիտեն: Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, դրանք հաջողությամբ են զարգանում՝ չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին: Անցյալ տարի մենք ավելի քան 20 տոկոս ապրանքաշրջանառության աճ ենք ունեցել: Եվ ինձ համար շատ հաճելի է նշել, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ առևտրատնտեսական շրջանառության մեջ վստահորեն պահպանել առաջին տեղը: Պետք է նշել, որ մենք առաջին տեղն ենք զբաղեցնում նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների առումով՝ ավելի քան 3 մլրդ դոլար, և այս գործընթացը շարունակվում է: Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել: Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում: Մենք փոխգործակցություն ենք իրականացնում գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր ուղղություններով՝ և՛ խորհրդարանների, և՛ կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով: Այդ ամենը շատ լավ նախադրյալներ է ստեղծում մեր հարաբերությունների ամրապնդման համար, առաջին հերթին, մարդկանց միջև, հումանիտար ոլորտում: Այստեղ կարևոր դեր են խաղում Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայկական սփյուռքի միավորումները: Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր և արդյունավետ աշխատող քաղաքացիներ են և շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է: Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»,- հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաեւ հիշեցրել է Սերժ Սարգսյանին՝ ՌԴ-ում ապրող հայերի մասին: «Այստեղ շատ կարեւոր դերակատարություն ունի ՌԴ-ում ապրող հայկական Սփյուռքի միասնությունը: Մեզ մոտ շատ հայեր կան, Դուք գիտեք, եւ նրանք շատ պարկեշտ են, եւ մեր երկրի արդյունավետ աշխատող քաղաքացիներ: Նրանք շարունակում են սերտ կապեր պահպանել իրեց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մարդկային հավելյալ պոտենցիալ է, որը մեզ միավորում է»,- ասել է Պուտինը:
Սերժ Սարգսյանն էլ միանգամայն օրինաչափ է համարել ընտրություններից հետո իր առաջին արտերկրյա այցը Ռուսաստանի Դաշնություն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը և դրանով, սկզբունքորեն, ամեն ինչ ասված է:
«Անցած տարին մեզ համար հոբելյանական էր. մենք նշում էինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ ժամանակահատվածում մենք անցել ենք շատ լավ ճանապարհ և հասել ենք բացառիկ արդյունքների բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության մեջ, ռազմական ոլորտում, հումանիտար և ինտեգրացիոն գործընթացներում: Դրա համար էլ մենք համարում ենք. լավ է, որ կուտակել ենք՝ պետք է զարգացնել:
Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր վերջին հանդիպումից հետո ռազմական ոլորտում լավ առաջընթացի համար: Մեզ մոտ այցերով եղել են ՌԴ պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը: Հայ հասարակությունը շատ բարձր գնահատեց այն փաստը, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան այցելեց Հայկական բանակի օրը: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ առաջընթաց կա նաև տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ հարցեր կան, և մենք ակնկալում ենք Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը»,-հայտարարել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Կզաքիսը մտել է խաղադաշտ եւ կծել ֆուտբոլիստին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Ճնշման այս դոզայով Սերժ Սարգսյանը չի ընկրկի’