Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելից

579

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով խոսքերի համար Ադոլֆ Հիտլերի «հրեական արմատների» վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Կրեմլում տեղեկացրել են, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նաֆթալի Բեննեթի հետ, սակայն ներողություն խնդրելու մասին չեն նշել։

«Բեննեթը հեռախոսազրույցի ընթացքում ընդունել է Պուտինի ներողությունները Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն է հայտնել այն պարզաբանումների համար, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերվում հրեա ժողովրդին և Հոլոքոստի հիշատակին»,- տեղեկացրել է վարչապետի գրասենյակը։

Ըստ Կրեմլի տեղեկատվության՝ խոսակցության ընթացքում «առաջնորդներն ընդգծել են մայիսի 9-ի ամսաթվի կարևորությունը Ռուսաստանի և Իսրայելի ժողովուրդների համար», Պուտինը խնդրել է «Իսրայելում բնակվող վետերաններին փոխանցել առողջության և հաջողության իր մաղթանքները», իսկ Բեննեթը նշել է «Կարմիր բանակի ավանդը նացիզմի դեմ հաղթանակում»։

Մայիսի 1-ին իտալական Mediaset ալիքին տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել նացիզմի մեջ, եթե նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ադոլֆ Հիտլերը նույնպես «հրեական արյուն» ուներ, իսկ «ամենակատաղի հրեատյացները, որպես կանոն, հրեաներն են»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելոռուսական մամուլի արձագանքը
Հաջորդ հոդվածըԴեմ են Կիրիլ պատրիարքին պատժացուցակում ընդգրկելուն