‘Ջավախահայերը ողջունում են Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը’

1046

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այդ մասին ասցում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի հաղորդագրության մեջ:

«Վրաստանի կողմից Բրյուսելում՝ Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, ստորագրված Ասոցացման համաձայնագիրը մեծ դռներ է բացում մեր երկրի առաջ, քանզի ակնհայտ է, որ Վրաստանը իր վրա է վերցնում մեծ բարեփոխումներ կատարելու պատասխանատվություն, ինչը առնչվելու է երկրի բոլոր բնագավառներին:

Մեր խորհուրդը մշտապես դրական է արտահայտվել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կապակցությամբ, քանզի եվրոպական սկզբունքները հոգեհարազատ և ընդունելի են Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար: Մեր ժողովուրդը իր ապագան տեսնում է Եվրոպական ընտանիքում, որտեղ չի լինելու ոչ մի տեսակ խտրականություն:

Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը հույս ունի, որ Եվրոպական ուղին բռնած Վրաստանը անպայման հաշվի է առնելու իր հայաբնակ շրջանի քաղաքացիների պահանջները, որոնք բխում են եվրոպական սկզբունքներից և Վրաստանի շահերից:

Մեր պահանջները մշտապես եղել են. Հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակի շնորհումը Վրաստանի կողմից, Ջավախքի բոլոր քաղաքներին ինքնիշխան ապակենտրոն կարգավիճակի շնորհում, Հասարակական, կրոնական, մշակութային, ուսումնական հաստատությունների նկատմամբ խտրական քաղաքականության վերացում, Ուժային մարմինների կողմից ապօրինի վերահսկողության և միջամտությունների վերացում, Վիճելի համարվող եկեղեցիների վերադարձ, Հայ-վրացական համալսարանի ստեղծում,  Սամցխե-Ջավախքի ազգային դիմագծի արհեստական փոփոխության ջանքերին ուղղված ապօրինի գործունեության դադարեցում։

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի պահանջները արդար են և բխում են հայ հասարակության պահանջներից: Տվյալ պահանջները ոչ միայն չեն հակասում եվրոպական արժեքներին և այդ ուղին բռնած երկրի ազգային ու պետական շահերին, այլ հակառակը դրանց ընդունումը Վրաստանը կդարձնի ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, որի ապագան միայն ու միայն Եվրոպական միության լիիրավ անդամակցության մեջ է»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան կունենա նոր նախագահ և կառավարման նոր համակարգ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ երկրների դեսպանների խորհուրդը սկսել է բանավեճը Ուկրաինայի իրավիճակի շուրջ’