‘Ջավախահայությունը հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին. «Երկիր» միություն’

1147

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում, այս մասին ասվում է Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության տարածած հաղորդագրությունում: 

Մասնավորապես նշվում է, որ առ այսօր ուժի մեջ է տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ ստեղծելու վրացական օրենսդրական արգելքը, ինչի պատճառով հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, վրացական ուժային կառույցների ճնշումների արդյունքում 2008 թ. առ այսօր տասնյակ ջավախահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից և/կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը։ Հաղորդագրությունում մատնանշվում են «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքն ու առաջնորդ Վահագն Չախալյանի ազատազրկումը: 

Այս ամենի հետևանքով Ջավախքի բնակչությունն այսօր, ըստ էության, որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից։ 

Հաղորդագրությունում ջավախահայության մի շարք պահանջներ են առաջ քաշված. առաջադրվող պատգամավորության թեկնածուներից ու կուսակցություններից պահանջել իրենց ծրագրերում ընդգրկել և, ընտրվելու դեպքում, լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ ջավախահայ ազգային–քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքների դադարեցում, Վահագն Չախալյանի և ջավախահայ այլ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում, խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական եկեղեցիների վերադարձ և այլն:

Նախորդ հոդվածը‘Երևանում կկայանա Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը ‘
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն կառաջադրի՞ Սամվել Բալասանյանի որդու թեկնածությունը’