‘Ջհանգիրյան. Կառավարությունն ինքնագլուխ վաճառել է պետական գույքը’

1193

Ազգային ժողովը քննարկում է «Գազի հանձնաժողովի» ներկայացրած եզրակացությունը:

2014-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը զբաղվել է 2011-2012 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակած պարտքի հիմնավորվածության չափի եւ դրա մարման գործընթացի ուսումնասիրության, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրության, բնական գազի այլընտրանքի ներկրման, նաեւ Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորություններն ուսումնասիրմամբ:

Քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց  «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման ու վաճառքի վերաբերյալ:

Նա նկատեց, որ եզրակացության շարադրման մեջ նշված են այն սխալները, որոնք կատարվել են «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը մասնավորեցնելիս:

«Կառավարությունն ինքնագլուխ, Սահմանադրության 87 հոդվածին հակասող գրծողություններ էր կատարել՝ պետական գույքը փաստացի վաճառել էր՝ առանց ԱԺ գիտության: Բայց դուք նշում եք, թե քանի որ ԱԺ-ն համաձայնագրերը վարերացրել է, ապա դա համապատասխանում է օրենսդրությանը: Ուղղակի հետին թվով բերեցիք դեմ տվեցիք ԱԺ-ին, Ազգային ժողովն էլ քվեարկեց: Ես ուզում եմ իմանալ, գոնե այս ընթացակարգային խախտումները, որ մեր Կառավարությունը պետական գույքի կառավարման լիազորությունը մեկնաբանում է որպես պետական գույքը վաճառելու լիազորություն, այս հարցերին հանձնաժողովը անդրադարձ կատարե՞լ է, թե ոչ», — հարցրեց Ջհանգիրյանը:  

Նա հարցրեց նաեւ՝ եթե պետական սեփականությունը, ինչպիսին հանդիսանում էր «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը, ընդգրկված չէ մասնավորեցման մասին օրենքի ցանկում, ի՞նչ իրավունք ունի նախարարը, վարչապետը կամ այլ պաշտոնյա բանակցել դրա վաճառքի շուրջ:

«Ի՞նչ գիտեն այդ պաշտոնյաները, որ ԱԺ-ը վավերացնելու է, որ գնում են ու վաճառքի վերաբերյալ բանակցություններ են վարում», — ասաց պատգամավորը:

Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանն ի պատասխան նշեց, որ մինչեւ ԱԺ քննարկմանը դրվելը գազային համաձայնագրերը բանակցվել են ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ:

«Ես շատ լավ հասկանում եմ, Ձեր հարցը քաղաքական է: Ես էլ որպես քաղաքական անձ կպատասխանեմ: Որոշում կայացնողն ԱԺ-ն է: [Կառավարությունը] ունի քաղաքական մեծամասնություն, գիտեն, որ ԱԺ-ում ընդառաջ կգնան, բանակցել են, մենք էլ համաձայնել ենք: Այ եթե չհամաձայնեինք, այն ժամանակ կասեին՝ հարգելիներս, բերեք այն  գնի տարբերությունը, որը այս քանի տարի կուտակվել է, վճարեք», — ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Ժամկետանց վարկերը կիսով չափ ավելացել են. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Մեզ Վարդան Այվազյանի փաստաթուղթը պետք չէ, մեզ հանձնաժողովի փաստաթուղթն է պետք (Տեսանյութ)’