‘Ջհանգիրյան. Մարտի 1-ի բացահայտումը դրված է տաբուի տակ (Ամբողջական տեսանյութ)’

2509

Ինչպես տեղեկացրել ենք՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Արամ Մանուկյանը ԱԺ են ներկայացրել  «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ: Նախագիծը ԱԺ օրակարգ ու այս քառօրյայի օրակարգ էր մտել փետրվարի 24-ին:
Նախագծի մեջ հեղինակները, մասնավորապես, որոշումը հիմնավորում են այն հանգամանքով, որ «դեռեւս բացահայտված չեն Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բացահայտված չեն նաեւ բազմաթիվ անձանց հրազենային (գնդակային ու բեկորային) եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը», «թեեւ սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն դրանցով որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, մարմնական (այդ թվում ծանր) վնասվածքներ ստացած անձինք մինչեւ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում»: Նշվում է նաեւ, որ «թե՛ Ազգային ժողովում ներկայացված եւ թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ողջ հասարակությունը ու միջազգային կառույցները շահագրգիռ են 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու հարցում», եւ որ «դեռեւս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեեւերի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու Հայաստանի Հանրապետությանն ուղղված պահանջները»:

Հանձնաժողովի խնդիրը պետք է լինի ուսումնասիրել «2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած հնարավոր առնչությունները», «ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը»:

Հանձնաժողովը պետք է կազմված լինի 7 անդամից. ՀՀԿ-ից՝ 2, մյուս խմբակցություններից՝ մեկական անդամով: Հանձնաժողովն իր գրավոր եզրակացությունն ԱԺ նիստում պետք է ներկայացնի մինչեւ 2014-ի նոյեմբերի 29-ը:

Նախագծի կապակցությամբ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանն իր առաջին ելույթում նշեց, որ Կոնգրեսը դեռեւս 2012 թ.-ի աշնանը` սույն հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնությամբ մտել էր ԱԺ ու այս խնդիրը քննարկելու ժամանակ համաձայնել էր պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկությանը՝ հանձնաժողովը ստեղծել նախագահական ընտրություններից հետո: Քաղաքական մեծամասնության կողմից հավաստիացիումներ էին տրվել:

«Ուստի, մենք այն շրջանառության մեջ դրեցինք 2013-ի մարտին, երբ ավարտվել էին նախագահական ընտրությունները: Պետաիրավական հանձնաժողը դրական եզրակացություն տվեց նախագծի վերաբերյալ: Ինձ համար անսպասելին այն էր, որ հետագայում` ԱԺ լիագումար նիստում հանձնաժողովի ստեղծման նախագիծը քննարկելիս արդեն պարզվեց, որ քաղաքական մեծամասնությունն ունի բազմաթիվ այլ առաջարկություններ, դիտողություններ, նկատառումներ, բայց համաձայնության գալու նպատակով մենք բազմաթիվ քննարկումներ ունեցանք, եւ ես` որպես համահեղինակ եւ զեկուցող, ընդունեցի մոտ տասը խմբագրական բնույթի առաջարկություններ ու դիտողություններ եւ 2-3 բովանդակային առաջարկություններ, բայց անընդունելի համարեցի երկու սկզբունքային դիտողություն, որի ընդունման դեպքում անիմաստ կդառնար այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը, եւ նախօրոք կկանխորոշվեր այն առաքելության տապալումը, ինչը հանձնաժողովն իր առջեւ դրել էր: Եվ բնականաբար, համաձայնություն ձեռք չբերեցինք, իմ կարծիքով` պատրվակ օգտագործելով մեկ-երկու լիազորության սուբյեկտիվ մեկնաբանությունները՝ այդ հանձնաժողովը չստեղծվեց: Այսպիսով, նախաձեռնության սկզբից 1.5 տարի է անցել, մարտի 1-ի արյունալի դեպքերից անցել է ուղիղ վեց տարի, չի բացահայտվել ոչ մի սպանություն, չեն բացահայտվել մի քանի հարյուր հրազենային վնասվածքներ, այդ քաղաքացիները չեն օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից, տուժողների մեծ մասը նույնիսկ քրեական գործով որպես տուժող ընդգրկված չէ եւ չի ստանում Սահմանադրությամբ նախատեսված փոխհատուցում: Էլ չեմ խոսում, որ վերջերս ԱԺ-ի օրակարգից հանվեց նաեւ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու մասին Կոնվենցիայի վավերացումը, որը նույնպես հնարավորություն էր վերը նշված տուժողներին եւ զոհվածների հարազատներին ինչ-որ փոխհատուցում ստանալու առումով: Այսինքն, մենք ոչ մի քայլ չարեցինք գոնե մեր խղճի առաջ հանգիստ լինելու համար: Ասեմ ավելին. մարտի 1-ի զոհերից մեկի՝ Տիգրան Աբգարյանի հայրն այս ընթացքում մահացավ ինսուլտից, մյուս զոհի՝ Տիգրան Խաչատրյանի մայրն իր մյուս զավակի հետ լքեց Հայաստանը՝ քաղաքական ապաստան ստանալով Բելգիայում, իսկ հարյուրավոր քաղաքացիներ այդպես էլ արդարություն ու պաշտպանություն չգտան մեր երկրում: Իհարկե, կարեւոր է գազի գինը, կարեւոր է, որ Նաիրիտը չթալանեն, կարեւոր է, որ աշխատատեղեր լինեն, բայց ժողովրդի մեծ մասը երկրից գնում է ոչ թե տնտեսական կամ նյութական պայմաններից դրդված, այլ ես կարծում եմ` մեծամասնությունը հեռանում է հայրենիքից, որովհետեւ այստեղ նա պաշտպանված չէ, ապահով չէ, սպանում են` սպանողին չեն դատում, խեղում են` խեղողին չեն պատժում, չեն հայտնաբերում: Իհարկե, սա մեր գործը չէ, սա ԱԺ պարտականությունների մեջ չի մտնում: Անցած հանձնաժողովի նախագիծը մերժելուց ի վեր՝ ունենք հատուկ նոր քննչական ծառայության պետ՝ մոտ մեկ տարի, 5-6 ամիս ունենք նոր գլխավոր դատախազ, բայց մարտի 1-ի գործն այդպես էլ տեղից չի շարժվում, եւ մենք որեւէ տեղեկատվություն չունենք, որ քրեական գործի քննությունը շարունակվում է: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ իրականում որեւէ օպերատիվ հետախուզական աշխատանք չի կատարվում, որեւէ քննչական աշխատանք չի կատարվում. ուղղակի չեն կասեցնում, չեն կարճում առավելեւս, որպեսզի ստիպված չլինեն գործի նյութերը տրամադրել տուժողներին եւ նրանց իրավահաջորդներին»,- ասաց Ջհանգիրյանը:

Նա նաեւ հարց ուղղեց՝ իսկ ի՞նչ կպարզվի, եթե տրամադրեն. կպարզվի, որ դեպքի վայրից հայտնաբերված 1500-1600 պարկուճներն ու փամփուշտները մինչ օրս իդենտիֆիկացված չեն ներքին գործերի սպառազինության մեջ գտնվող, ոստիկանության սպառազինության մեջ գտնվող որեւէ հրազենի հետ: Կպարզվի, որ սպանվածների եւ վիրավորների մարմիններից հանված գնդակները եւս նույնականացված չեն ոստիկանության սպառազինության մեջ գտնվող որեւէ զենքի հետ: Կպարզվի նաեւ, որ մարտի 1-2-ի դեպքերով ձերբակալվել է 500-ից ավելի քաղաքացի (սա դատավարական ձերբակալվածների մասին է խոսքը), ապօրինի բերման են ենթարկվել եւ ապօրինի զրկվել ազատությունից, 170-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել դատարանի կողմից, մոտ 90 մեղադրական դատավճիռ է արձակվել, եւ այդ քաղաքացիներից ոչ ոք չի պատժվել, չի մեղադրվել, չի դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, գործադրելու մեղադրանքով:

«Հետեւաբար կպարզվի, որ մինչ օրս այն անձինք կամ կառույցները, որոնք մասնակցել են մարտի 1-ի այդ իրադարձություններին, որոնց կրակոցներից զոհվել է առնվազն 10 քաղաքացի, խեղվել մի քանի հարյուրը՝ այդ թվում նաեւ զինծառայողներ, ոստիկանության աշխատակիցներ. մինչեւ հիմա պարզված չէ: Սա է խնդիրը. եթե մեր իրավապահ մարմինները իրենց գործը արած լինեին, ես երբեք չէի բարձրանա այս ամբիոն եւ երկրորդ անգամ նույն հարցը չէի բարձրացնի: Ակնհայտ է, որ այս գործի բացահայտումը ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի, համապատասխան օպերատիվ եւ հետախուզական կադրեր չունենալու կամ թերի մասնագիտական պատրաստվածության եւ այլնի արդյունք է, այլ ուղղակի այս գործը տաբուի տակ է դրված, որին չի կարելի մոտենալ: Մինչդեռ, եթե մենք միայն վերհիշենք Փաստահավաք խմբի երկու անդամների զեկույցները, նաեւ Փաստահավաք խմբի ամբողջ կազմով անդամների զեկույցները, կտեսնենք, որ այնտեղ բավական լուրջ հիմքեր են ներկայացվել թե՛ բանակի ապօրինի ներգրավման համար, թե՛ պաշտպանության նախարարի փետրվարի 23-ի հրամանի զորքերի Երեւան քաղաք բերելու, թե՛ այլ ապօրինի զինված միավորումների վերաբերյալ: Հազարավոր այսպիսի խնդիրներ են ներկայացվել, որոնք ես վստահ եմ, որ նախաքննության ընթացում որեւէ լուրջ քննության առարկա չեն դարձել: Հակառակ դեպքում ովքե՞ր գնդակահարեցին մեր երեք քաղաքացիներին եւ հարյուրավոր վիրավորներին: Եթե քաղաքացիական անձանց, ներքին զորքերի սպայի սպանությունները կամ մահն իշխանություններին չի հետաքրքրում, ես այս մեջբերումները չէի անի: Եթե Ազգային ժողովը չի գործադրում Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները, ապա ներկա պայմաններում մենք կարծես բոլորով միասին մեղսակից ենք դառնում այս հանցագործությունների չբացահայտման կամ պարտակման համար»,- ասաց Ջհանգիրյանը:

Նա նաեւ հավելեց, որ որպես հիմնական երկու առարկություն է ուզում հիշեցնել, որոնք առիթ դարձան, որպեսզի նախագիծը չընդունվեր: Առաջինն այն էր, որ հանձնաժողովի անդամները դատախազներին ԱԺ հրավիրելու իրավունք չունեին: «Փառք Աստծո, անցել է մեկ տարի, եւ ԱԺ քաղաքական մեծամասնությունը նախագիծ է ներկայացրել, որ գլխավոր դատախազը 2005թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո դարձել է տեղեկատու պաշտոնական անձ Ազգային ժողովում: Իսկ ինձ ասում էին, որ դա դատական իշխանության մարմին է, ինչպես կարող ենք նրանց հրավիրել, հարցեր տալ եւ այլն: Այսինքն՝ տարի պահանջվեց, որ այդ դրույթը մեծամասնությունն ինքը` որպես օրենքի նախագիծ բերեր եւ ներկայացներ: 2. Ժամանակավոր հանձնաժողովը չի կարող հրավիրել քննիչներին, հետաքննության մարմինների ներկայացուցիչներին: Ես` ինչպես առաջ, այնպես էլ հիմա այն կարծիքին եմ, որ կառավարությանն առընթեր բոլոր մարմինները գործադիր իշխանության մարմիններ են: Հակառակ դեպքում նրանք կա՛մ կառավարությանն առընթեր չէին լինի, կա՛մ էլ նրանց ղեկավարը չէր նշանակվի վարչապետի կամ վարչապետի ներկայացմամբ` նախագահի կողմից: Միակ մարմինները, որոնք չեն մտնում գործադիր եւ օրենսդիր իշխանության մեջ` միայն դատավորներն են: Ես չգիտեմ, թե արդարադատության նախարարի կարծիքն ինչքանով է կարեւոր ԱԺ-ի համար, բայց ուրբաթ օրը պետաիրավական հարցերով հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանը ներկա էր եւ ընդունեց, որ նախաքննական մարմինը գործադիր իշխանության մարմին է: Այս դեպքում, եթե գործադիր է, ինչու՞ մենք չենք կարող նրանց հրավիրել եւ հարցեր տալ: Ամենակարևորը. ասում էին` այդ քրեական գործերի նյութերին դուք ծանոթանալու իրավունք չունեք որպես պատգամավորներ, որովհետեւ գոյություն ունի նախաքննության գաղտնիք»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Նա հավելեց, որ ինքը դատախազ է եղել եւ գիտի, թե նախաքննության գաղտնիքն ինչ է: Նախաքննության գաղտնիքը մինչեւ գործը դատարան ուղարկելը մեղադրանքի կողմի ապացույցների գաղտնի պահելն է պաշտպանական կողմից: «Դուք ի՞նչ է` մտավախություն կամ հույս ունեք, որ գործը գնալու է դատարա՞ն: Վեց տարի է անցել, եւ որեւէ մեկին դատի չեն տվել, ու՞մ են ուղարկելու դատարան, եւ ի՞նչ նախաքննական գաղտնիք են պարունակում այդ նյութերը: Ավելին ասեմ՝Քրեական դատավարության օրենսգրքի այդ արգելքը վերաբերում է քրեական դատավարության սուբյեկտներին եւ ոչ թե ԱԺ պատգամավորներին: Հուսամ, որ մեկ տարի հետո այս խնդիրն ինչ-որ նախագծով նորից մեծամասնության կողմից կմտնի օրակարգ: Ես նաեւ ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր դրել ենք շատ սահմանափակ խնդիրների շրջանակ, որն ինչ-որ չափով միայն կարելի է ասել, որ կրկնում է նախորդը, բայց իրականում այս հանձնաժողովը փաստահավաք ֆունկցիա չի իրականացնելու: Այս հանձնաժողովի խնդիրն է` գնահատական տալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների, գլխավոր դատախազության կատարած գործողություններին եւ կայացրած որոշումներին` այդ քրեական գործի շրջանակներում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, մենք ինչպիսի՞ գնահատական պետք է տանք այդ գործողություններին կամ որոշումներին, եթե մենք չենք ծանոթանալու այդ որոշումների հետ: Վերջում՝ ես կոչ եմ անում մեկ անգամ եւս անդրադառնալ այս հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությանը: Սա մեր բոլորի խնդիրն է` անկախ նրանից, թե ես հիմա Ազգային ժողովի դահլիճի որ հատվածում եմ նստած: Ես դատախազ եմ եղել, եւ ոչ ոք չի կարող ինձ վկայակոչել մի մահվան ելքով դեպք կամ գործ, կամ սպանության փաստ, որ ես անտեսած, ծածկած կամ քողարկած լինեմ: Մահվան ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների, հարյուրավոր մարմնական վնասվածքների մասին է խոսքը, եւ մենք` որպես ԱԺ  պատգամավորներ, անկախ քաղաքական խմբակցության պատկանելությունից, պարտավոր ենք մեր լիազորությունների շրջանակներից անել ամեն ինչ, որպեսզի այս գործը տեղից շարժվի: Ես չեմ ասում, որ մեր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման արդյունքում բոլոր սպանությունները կբացահայտենք, ո՛չ, բայց առնվազն 3-4-ի բացահայտմանը մենք կարող ենք իրական աջակցություն ցուցաբերել»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

Հարցի վերաբերհալ հարցուպատասխանի մանրամասները՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘ Զոհրաբյանը կասկածում է, որ վարչապետը պատկերացում ունի Մաքսային միության էության մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն կիրականացնի «Նաիրիտի» շուրջ հրապարակային քննարկումներ’