‘Ջհանգիրյան. Վարկ եք վերցնում, որ կառավարությունն իր պարտականություննե՞րը կատարի (Տեսանյութ)’

1318

ԱԺ-ում քննարկվում է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, որով հիմնական զեկուցողը Աշխատանքի եւ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն է:

Քննարկման ընթացքում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց նախարարին՝ նշելով, որ ուսումնասիրելով այս եւ նախորդ՝ կրթության ոլորտին առնչվող վարկային համաձայնագիրը՝ եկել է եզրակացության, որ «մենք վարկեր ենք վերցնում, որ պետական կառավարման լիազոր մարմինը, նրա ապարատը պատշաճ որակի սոցիալական եւ այլ ծառայություններ մատուցի, մինչդեռ այդ պատշաճ որակի ծառայություն մատուցելը հենց այդ կառավարման մարմնի պարտականությունն է»:

«Հիմա ուզում եմ մտահոգությունս փարատեք. քանի որ այդ ծրագրին մասնակցում են ձեր կառավարման մարմնի ոչ բոլոր աշխատողները, ստացվում է, որ մի մասը կրկնակի է վճարվելու սրա համար, մի մասը չի վճարվելու: Կամ ինչպե՞ս եք պատկերացնում վարկ վերցնելը, որ կառավարման մարմինն իր լիազորությունները իրականացնի, եթե դա իր պարտականությունն է»,- հարցրեց պարոն Ջհանգիրյանը:

Ի պատասխան՝ Ասատրյանը հայտարարեց, թե  ծրագրի ընթացքում իրենց աշխատակիցներին չեն վարձատրում, այլ խոսքը կարողությունների հզորացման եւ անհրաժեշտ պայմանների բարելավման մասին է: Հետո Աստարյանը սկսեց ներկայացնել իր ոլորտի «անմխիթար» վիճակը՝ փորձելով արդարացնել նոր վարկ վերցնելու հանգամանքը:

«Այսօր խնդիր ունենք, որ եթե չունենք համապատասխան գործիքներ, ասենք՝ համակարգիչներ, տեխնիկա, ծագրային ապահովում, գույք, քաղաքացիների սպասարկման համար անհրաժեշտ պայմաններ, այդ ամենի բացակայությունը բերում է բազմաթիվ խնդիրների: Եթե քաղաքացին այցելում է սոցիալական սպասարկման կենտրոն եւ տեսնում է՝ սեղան կամ աթոռ չկա, կարծում եմ, որ էս վարկային ծրագրի ամբողջ մեխը այն է, որ մեր քաղաքացիներին կարողանանք նորմալ պայմաններում ծառայություն մատուցել, եւ  նաեւ մարդկային կարողությունների զարգացման հարցն է, որը պայմանավորված է նոր համակարգերի ներդրմամբ»,- հայտարարեց Ասատրյանը:

Ջհանգիրյանը հակադարձեց. «Եթե ասեիք՝ վարկային ծրագիրը բերում եք, որպեսզի Աշխատանքային նոր օրենսգիրք մշակեք, որը ձեր ուղղակի պարտականությունների մեջ չի մտնում, կհասկանայի: Հասկանալի են նաեւ այն բաղադրիչները, որոնք  ուղղված են գույքի ձեռքբերմանը, բայց եթե վարկ ենք վերցնում, որ կառավարությունն իր պատականությունները պատշաճ կատարի, դա անհասկանալի է»:

Ասատրյանը հայտարարեց, թե համաձայն է, ցանկացած պետական աշխատող իր պարտականությունները պիտի պատշաճ կատարի, բայց շարունակեց պնդել, թե նաեւ պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար:

 

Նախորդ հոդվածը‘Մանուկյանը՝ նախարարին. «Էս վարկերի տակից ո՞նց եք դուրս գալու». (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում վաղը ջուր չի լինի’