‘Ռազմիկ Պետրոսյան. Հուժկու հանրահավաքները ապացուցում են, որ ժողովուրդը վստահում է Եռյակին’

1335

Մենք այսօր հավաքվել ենք մարտավարություն մշակելու համար: Որպես նախկին զինվորական՝ ես գիտեմ, որ մարտավարություն մշակելիս պետք է գնահատել իրավիճակը, հասկանալ ուժերի հարաբերակցությունը, հնարավորությունները եւ հստակեցնել ժամանակացույցը: Բոլոր ելույթներում հնչեց, որ իշխանությունները բացարձակապես ժողովրդի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, եւ յուրաքանչյուր վայրկյան ավել նրանց իշխանությանը թողնելը պետականության համար վտանգ է ներկայացնում:

Այս մասին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում նշել է «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

«Եռյակը մի քաղաքական թիմ է, որին ժողովուրդը ամբողջությամբ վստահում է, ինչի ապացույցը հուժկու հանրահավաքներն են: Այդ վստահության քվեն մեզ պարտավորեցնում է օր առաջ ազատվել այս իշխանություններից: Երբ համաժողովրդական շարժմանը ժամանակ տրվեց, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրազեկվի եւ կարողանա մասնակցել շարժմանը, մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության: Իշխանափոխությունը ինքնանպատակ չէ. յուրաքանչյուր օր ժողովրդի եւ իշխանության միջև առկա անջրպետը ավելի է խորանում. բոլոր ուղղություններով գործող իշխանությունները սպառել են իրենց: Էլ ինչի՞ սպասենք: Ես մեր ազատամարտիկների դաշինքի անունից լիազորված եմ առաջարկելու, որ մենք պետք է Եռյակի առաջնորդներին լիազորենք, ինչու չէ՝ նաեւ պարտավորեցնենք, որ առաջիկա օրերին հրավիրեն համաժողով, եւ ժողովրդի հետ միասին որոշենք՝ ինչքան ժամանակ ենք տալու կամ չենք տալու այս իշխանություններին: Մենք ժողովրդի անունից կկարողանանք խոսել այն դեպքում, երբ անձամբ ժողովուրդը մասնակցի համաժողովներին: Առաջարկում եմ, որ մենք Եռյակի առաջնորդներին հնարավորություն տանք եւ խնդրենք, որ առաջիկայում հրավիրեն հանրահավաք, եւ մենք ժողովրդի հետ միասին քննարկենք մեր անելիքները»,- նշեց ազատամարտիկը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ԱՄՆ դեսպան. 1915 թ. ողբերգության ճանաչումն օգտակար կլինի թե՛ թուրքերի, թե՛ հայերի համար’
Հաջորդ հոդվածը‘Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2014 թ. նվազել է մոտ 17%’