Ռաֆայել Թեյմուրազյան․ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իր ամփոփումն է գտել, օրինակ՝ «Անասնաֆերմա» վիպակում

1318

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրում է․

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, օրինաչափ է և բազմիցս եղել է մարդկության պատմության մեջ։ Երևույթն իր ամփոփումն է գտել, օրինակ, Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակում։ Մարդկային հոգեբանությունը, հասարակական հարաբերություններն օրինաչափություններ ունեն։ Բացառությունները միայն հաստատում են օրինաչափությունները։

2018-ին ստեղծված հնարավորությունը, որքան էլ տարբեր կողմերից դրա իրացմանը նպաստելու փորձեր եղան, դուրս չեկավ օրինաչափության շրջանակներից ու չդարձավ բացառություն։ Բարոյալքման այն հորձանուտը, որում հայտնվել է Հայաստանը, բացառության ռեսուրսն էլ է մաշում։ «Եթե ստորագրեի՝ կասեիք դավաճան» ձևակերպումը ցրում է պատրանքները, թե քաղաքական, կամ գոնե բարոյական հարթությունում ինչ-որ կարմիր գիծ կա։ Դրանում համոզվելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, և սա չտեսնողները, որ «նորերի» հետ դեռ ինչ-որ հույսեր են կապում արդար դատական համակարգի, Մարտի 1 բացահայտելու կամ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, վաղն իրար վրա են գցելու, թե ով սրանց բերեց (կամ ամրապնդեց), ինչպես այսօր անում են Քոչարյանին իշխանության բերածները։

Այն Հայաստանը, որը ծանրագույն զոհողությունների գնով ստեղծվել էր 90-ականներին, այլևս գոյություն չունի, և գուցե 100 տարի էլ գոյություն չունենա. այսօր ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերն ամենավերջին խաղամոլի նման խաղացին Հայաստանի և Արցախի ապագայի վրա ու տանուլ տվեցին։ Նման մասշտաբի հանցանքը պատասխանատուներին ընտրություն է թողնում միայն ամեն գնով իշխանություն ունենալու և փախուստի միջև, իսկ դա երկրին նոր ցնցումներ է խոստանում։ Այնպես որ, օրինաչափ է այն, ինչ կատարվում է տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Երևանում, Վեդիում, Վանաձորում, Թալինում, Սյունիքում. իշխանության ամրապնդման գործընթացը դեռ կարող է շատ ավելի բիրտ ու վայրագ դրսևորումներ ստանալ։

Հույսը գործելու խթան է, բայց եթե այն հիմնազուրկ է, միայն խորացնում է խնդիրները, որովհետև թույլ չի տալիս տեսնել իրողություններն ու լուծումներ որոնել։ Բողոքն արտահայտելու տարբեր ձևեր կան. կարելի է, օրինակ, այս կամ այն կերպ նպաստել քաղաքական մի այնպիսի հոսանքի ձևավորմանը, որը կդառնա վերոնշյալ բացառությունը, կամ էլ գոնե արտահայտել այդ բողոքն այնպես, որ երկրին թեկուզ փոքր օգուտ լինի, ասենք, ՀՆԱ-ն աճի։)

Օրինակ, պատերազմից առաջ, երբ ԱԺ-ը վերջնականապես փակեց դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման՝ 2018-ին ստեղծված հնարավորությունը, այդ առիթով արված գրառումից հետո (ներքևում) ԱԺ-ի հասցեով ուղարկեցի Օրուելի «Անասնաֆերման» (հայերեն թարգմանությամբ)։ Ակնհայտ էր, որ այս իշխանությունը չունի այն գիտակցությունը, որ ինքն օրինաչափության ուղով է գնում, ոչ թե՝ «աննախադեպության»։

Ըստ այդմ էլ, նպատակ ունենալով աջակցել տեղական գրահրատարակչությանը, առաջնորդվելով «հեղափոխական» իշխանությանն զգաստանալու ազդակներ հղելու ազնիվ մղումով՝ առաջարկում եմ ամեն անգամ, երբ կզայրանաք այս կամ այն դրսևորումից, Օրուելի վերոնշյալ վիպակից ուղարկել զայրույթի հարուցիչին, ասենք, այն պաշտոնյաներին, որոնք

• առաջ դեմ էին երկրի ղեկավարի նկարն ամենուր կախելուն, հիմա կողմ են;

• առաջ բողոքում էին բուհերի կուսակցականությունից, այսօր՝ այնքան էլ չէ;

• առաջ ծառայողական մեքենաներն ավելորդ ճոխություն էին համարում, հիմա՝ 200 հազար դոլարով մեքենա գնելը՝ լավություն պետությանը;

• առաջ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձի տենդեր շահելը թալան էին համարում, այսօր՝ մրցույթի լավագույն հայտ;

• առաջ բողոքում էին, որ դեսպան են նշանակվում ոչ դիվանագետները, իսկ հիմա՝ ում ասեք դեսպան են նշանակում;

• ապրիլյան պատերազմից հետո Բադեն-Բադեն գնալն անբարոյականություն են համարում, իսկ 44-օրյա պատերազմից հետո (երբ դեռ դաշտերից մասունքներ են հավաքում) Հունաստանում տժժալը՝ «անձնական կյանք»;

• առաջ բարեփոխիչ էին, հիմա՝ ուսապարկ; և այլն։

Չմոռանաք ՀԴՄ կտրոն պահանջել՝ ձեռի հետ տնտեսական թռիչք ապահովելով հայրենիքի համար։

Նախորդ հոդվածըՀայկ Մարությանի ուղերձը երևանցիներին․ Տեսանյութ
Հաջորդ հոդվածըIFFHS. 2021. Եվրոպայի խորհրդանշական հավաքականը