ՌԴ դեսպանատուն․ Հատուկ տրիբունալի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները տգիտություն են

180

ՌԴ-ի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ վաշինգտոնյան վարչակազմի աշխատակիցների հայտարարությունները անհեթեթություն են և ոչ մի կապ չունեն արդարադատության հետ։

Այդ մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան՝ երեկ տարածած հայտարարության մեջ։

«Ուշադրություն ենք դարձրել վարչակազմի մի շարք պաշտոնյաների հերթական հայտարարություններին՝ Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծելու մասին։ Մերկապարանոց մեղադրանքները, իբր, ագրեսիայի, մարդկության դեմ հանցագործությունների և այլ խախտումների մասին, ոչ այլ ինչ են, քան ռուսատյացության արշավի դրսևորումներ, որը Վաշինգտոնը կազմակերպել է իր սանձազերծած հիբրիդային պատերազմի շրջանակներում»,- նշում է Ռուսաստանի դեսպանատունը։

«ԱՄՆ-ը երեսպաշտորեն և ցինիկաբար զերծ է մնում Կիևում նստած, տարիներ շարունակ խաղաղ բնակչությանը տեռորի ենթարկող նացիստների հանցավոր գործողությունները գնահատելուց։ Լռության է մատնում նաև սեփական դերը ուկրաինական ճգնաժամը սանձազերծելու հարցում։ Շարունակում է պաշտպանել Զելենսկու ռեժիմը՝ մահաբեր զենքի անվերջանալի մատակարարումներով, որոնց կիրառման հետևանքով զոհվում  է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, ավերվում են մանկապարտեզներ, դպրոցներ ու հիվանդանոցներ։ Ինչպե՞ս կարող են Վաշինգտոնում դատողություններ անել «ագրեսիայի համար պատասխանատվության» մասին, երբ միջազգային հանրությունը մինչև հիմա ուշքի չի եկել Իրաքում, Աֆղանստանում ամերիկյան արկածախնդիր ներխուժումներից, Հարավսլավիայի ռմբակոծությունից և Վիետնամում կատարած գազանություններից»,- ասվում է դեսպանատան փաստաթղթում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն Ռեշֆորդին առաջարկել է շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ
Հաջորդ հոդվածըԻրանի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Մոսկվա