‘ՌԴ մշակույթի նախարար. Երևանի Հանրապետության հրապարակը աշխարհում ամենագեղեցիկներից է’

1372

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 28-ին ծաղկեպսակ է դրել ռուս պոետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանին` հարգանքի տուրք մատուցելով մեծանուն գործչի հիշատակին: ՌԴ մշակույթի նախարարը Հայաստանում էր ոչ պաշտոնական այցով, սակայն իր խոսքով` չկարողացավ չօգտագործել այս այցի հնարավորությունը երկկողմ մշակութային համագործակցության վերաբերյալ Հասմիկ Պողոսյանի հետ քննարկումներ անցկացնելու համար:

«Վերջին անգամ Երևանում էի 1986 թվականին: Երեկ այցելեցի Հանրապետության հրապարակ և հիացա ձեր երգող շատրվաններով: Կարծում եմ, որ այս հրապարակն աշխարհում ամենագեղեցիկներից մեկն է: Ես գրեթե 30 տարով երիտասարդացա: Հայաստան եկել եմ ընկերներիս հրավերով, բայց չէի կարող չօգտագործել այս հնարավորությունը, որպեսզի տիկին Պողոսյանի հետ խոսեինք մշակույթի ոլորտում համագործակցության, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարրությունների միջև հարաբերությունների զարգացման, կինոյի ոլորտում համատեղ նախագծեր ստեղծելու վերաբերյալ: Գաղափարները շատ են, իսկ հեռանկարները` հիասքանչ»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ` նշել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանը այդ նույն հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ է հայտարարել: Հետագայում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանել էր, որ մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է Հանրապետության հրապարակի տակ կայանատեղիի կառուցումը:

Ինչպես նշել էր այդ ժամանակվա Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որեւէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին:

Սարգսյանը չէր բացառել շենքերի ձեւափոխումների հնարավորությունը. «Չեմ բացառում, որ կարող են առաջարկներ լինել հատկապես Պատկերասրահի շենքի առնչությամբ, որովհետեւ այդ շենքը իր դիրքով եւ իր ճարտարապետությամբ մասնագետների ճնշող մասի կարծիքով` իր տեղում չէ, եւ ժամանակին սխալ է տեղի ունեցել», — ասել էր նա:

Նախորդ հոդվածը‘Սերժիկ Սրապիոնյանը սփյուռքի նախարարի տեղալալ’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելում բացվել է Արա Գյուլերի «Իմ հուշերը» ցուցահանդեսը’