‘ՌԴ Պետդուման կարող է քննարկել Ցեղասպանության ժխտման անթույլատրելիության հարցը’

1191

ՌԴ Պետական Դումայում տեղի է ունեցել Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետական Դումայի համանուն խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հանդիպումը: PanARMENIAN.Net-ը հայտնում է, որ ի շարս այլ հարցերի, զրուցակիցներն անդրադարձել են Պետական Դումայի աշնանային նստաշրջանին, ուր քննարկվելու է նաև «Նացիզմի վերածնման գործողությունների, նացիստական հանցագործների և նրանց աջակիցների հերոսացման, Հոլոքոստի ժխտման անթույլատրելիության մասին» օրինագիծը: Յուրի Նավոյանն առաջարկել է դրանում ներառել նաև նացիստների կողմից սլավոնական բնակչության ոչնչացման և Հայերի ցեղասպանության` իբրև մարդկության դեմ հանցագործության, մասին դրույթներ: Նա ավելացրել է, որ Հայոց ցեղասպանությունը նույնպես, ինչպես և Հոլոքոստը, Ռուսաստանի պատմության մաս է կազմում և ՌԴ-ն 1995 թ. օրենսդրական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

Վլադիմիր Ժիրինովսկին համաձայնել է առաջարկության հետ և պատրաստակամություն հայտնել պաշտպանելու այդ նախաձեռնությունը հիշյալ օրինագծի քննարկման համապատասխան փուլերում: Նշվել է, որ այդ հարցը հատուկ նշանակություն է ստանում Հայերի ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների իրավիճակի վերաբերյալ: «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող հաջող պետականաշինության ընթացքը և արցախցիների` հարևանների հետ առկա հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկությունը: Նա ընդգծեց, որ այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը և շուտով կլրանա ԼՂՀ հռչակման հերթական տարելիցը:

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վրաստանը բարեփոխումներ էր արտահանում, ու դա փորձում են ոչնչացնել’
Հաջորդ հոդվածը‘Ամենագարշահոտ ծաղիկը տեսնել ցանկացողները հերթի են կանգնել Բրյուսելում ‘