‘Ռեժիսոր Շոն Մաքալիսթեր. Սկսնակ ռեժիսորներին խորհուրդ եմ տալիս հեռանալ կնոջից և գնել լավ տեսախցիկ’

1042

Երևանում Մեծ Բրիտանիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 2-9-ը կընթանա հայտնի կինոռեժիսոր Շոն Մաքալիսթերի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու «Հալլա հրեշտակը», «Ճապոնիա. սիրո և ատելության պատմություն», «Լիբերաչեն Բաղդադից», «Ուղեկցողները», «Ակամա հեղափոխականը», «Աշխատելով թշնամու համար» ֆիլմերը: Բացի այդ, Երևանում Շոն Մաքալիսթերը վարպետության դասեր կանցկացնի ուսանողների և սկսնակ ռեժիսորների համար, որոնց արդյունքում կարող են ստեղծվել կարճամետրաժ ժապավեններ Հայաստանում Սիրիայից փախստականների մասին:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը, հոկտեմբերի 2-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Շոն Մաքալիսթերը պատմել է, որ սիրում է իր մասնագիտությունը, քանի որ այն իրեն աշխարհում ճանապարհորդելու և մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ընձեռում: Նա խոստովանել է, որ հաճախ է մեկնում այլ երկրներ, ձեռքին չունենալով սցենար, չիմանալով, թե ով կլինի իր ֆիլմի գլխավոր հերոսը: Այդպիսով, ինքն ստիպված է լինում տեղում կողմնորոշվել և ստեղծել ֆիլմ, գործնականում, զրոյից: Ի դ եպ, վերջերս նա եղել է Սիրիայում, հաճախ է հյուրընկալվել Հալեպի հայկական թաղամասում, որտեղ նրան դուր է եկել տեղական խոհանոցը: Ուշագրավ է, որ, չնայած Հայաստան իր առաջին այցին, Մաքալիսթերն արդեն հասցրել է կողմնորոշվել, թե ինչ թեմաներով այստեղ ֆիլմ կնկարահաներ: Ռեստորանները, կոնյակն ու գինեգործները գերել են ռեժիսորի սիրտը:

Իսկ ի՞նչ խորհուրդներ է տալիս Մաքալիսթերը սկսնակ ռեժիսորներին: «Առաջինը, որ նրանց խորհուրդ եմ տալիս` գտնել այլ աշխատանք: Իսկ եթե ոչ` բաժանվել կնոջից և գտնել լավ տեսախցիկ», — ասել է նա:

Հոկտեմբերի 1-ից մինչև 31-ը Հայաստանում ընթացող Մեծ Բրիտանիայի օրերի շրջանակում կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ ընդգրկելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, սպորտն ու գիտությունը:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի շենքի դիմաց գոռում են՝ «Սերժիկ, հեռացիր»’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետներ. ԱՄՆ-ի բյուջեի կորուստները կկազմեն օրական 300 միլիոն դոլար’