Ռետրո. Գրիգոր Ոսկերչյան․ Սա պայքար է՝ թերացած պարտքը կատարելու համար

1432

Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Քիմֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, Աբովյանի քաղաքապետ, քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի (1956-2021) մահվան տարելիցը։

Այդ առիթով ընթերցողին ենք ներկայացնում բանտում գրված նրա «Սա պայքար է՝ թերացած պարտքը կատարելու համար» հոդվածը (Հրապարակ, 27.08.2008)։

***

«Երեւան-Կենտրոն» կալանավայրում երկար ժամանակ ըմբոստանում էի. ո՞րն է իմ մեղքը, ինչո՞ւ եմ ազատազրկված: Շարժումը ջարդելու, փետրվարի տասնինը մարտի 1-ով կոծկելու, աչքի ընկնող մարդկանց պատժելու միջոցով մյուսների մեջ վախ սերմանելու՝ իշխանության քաղաքական ու քրեական նկատառումները բոլորն են հասկանում։ Բայց ընդհանուր օրինաչափությունների, անգամ ճակատագրով կանխորոշված անխուսափելիի առջեւ յուրաքանչյուր ոք իր բողոքն է բարձրացնում՝ ինչո՞ւ հենց ես: Շատերի պես ես էլ շարունակ վերլուծում եմ իմ գործողությունները եւ ոչ մի կերպ չեմ կարողանում քրեորեն պատժելի արարք կամ զանցանք գտնել դրանցում, որը թույլ կտար բացատրել ինձ ազատազրկելու իրողությունը: Խոսքն ամենեւին պատժիչ շղթայի քննիչ — դատախազ — դատարան օղակների մասին չէ, որոնք կարող են անիրավ ու անիրական ցանկացած վճիռ ընդունել: Դա ինձ արդեն քիչ է հետաքրքրում: Ես խորհում եմ իմ սեփական խղճի կամ, գուցե, Աստծու առջեւ գործած մեղքի մասին: Ներհայեցողաբար գիտեմ՝ հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում: Իրավական տեսանկյունից անհեթեթ այսպիսի պատիժը կարելի է արդարացված համարել, եթե գեթ մի վայրկյան անհարգալից եմ եղել ծնողներիս նկատմամբ, թերացել հայրական հոգսերիս մեջ, անտեսել կարիքի մեջ գտնվող մերձավորիս: Մարդը պետք է պատժվի նաեւ բարություն չկատարելու, անսիրտ եսամոլության համար։ Բայց իմ ապրած օրերում չեմ գտնում այդպիսի մի հիմնավոր դեպք։ Ես այն տարիքում եմ, որ իրավունք ունեմ այսպես պնդելու եւ ինքնագնահատման այնպիսի խիստ չափանիշներ ունեմ, որ ինձ ճանաչողները չեն կասկածի ասածիս իսկությանը։

Ուրեմն, ո՞րն է մեղքս: Եւ ահա, ազատազրկման երրորդ ամսին կարծես միտքս լուսավորվեց, ու հայտնագործություն արած մարդու պես ինձ համար ամեն ինչ պարզ ու հասկանալի դարձավ: Ես գիտեմ՝ ինչու եմ պատժվում: Իմ անիրավ ազատազրկումն իմաստավորված է, ինձ համար դարձել է գոնե հոգեբանորեն ընդունելի: Անընդունելին միայն պատժողների ով լինելն է, բայց դա ոչ կարեւոր հանգամանք է: Այս ամենի պատճառը ես իմ մեջ եմ տեսնում։ Եւ, ուրեմն, ո՞վ եմ ես: Ինչպես ինձ պես ապօրինի ազատազրկված շատերը, ես էլ 1988թ. փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ առաջին օրվանից: Դեռ դրանից շատ առաջ՝ 70-ական թվականներին, երբ ուսանող էի, ապա՝ գիտաշխատող, իմ սերնդակիցներից ոմանց նման եղել եմ պասիվ այլախոհ, կարդացել ու տարածել արգելված գրականություն, ինձպեսների հետ մեկտեղվել — բանավիճել — երազել, ինչ-որ շրջանակներում՝ նաեւ գործել: Մենք պատրաստ էինք եւ անվարան նետվեցինք 88-ի հորձանուտը։ 90թ. ԳԽ ընտրություններում Շարժման հաղթանակից հետո գաղափարակիր ընկերներով ձեռնամուխ եղանք մեր Երազ Հայաստանի կերտմանը: Այստեղ ավելորդ է աշխարհասասան վերափոխումների ու Ղարաբաղն ադրբեջանցիների երախից փրկելու նպատակով բորբոքված պատերազմի կտավի վրա հատ-հատ նշել պետականաշինության, այդ թվում եւ՝ բանակաշինության բնագավառում մեր հսկայածավալ, որոշակի շրջանում՝ նաեւ հերոսական գործերը: Անընդունելի է, բայց՝ իրողություն, որ Անկախության սերունդը, ներկա ապազգային իշխանության նենգամտության պատճառով, անաչառ պատկերացում չունի 90-ականների առաջին կեսի հազարավոր գործիչների նվիրաբերության մասին: Հանուն անկախության եւ Ղարաբաղի ազատագրման պայքարի տագնապներով ու մաքառումով լի բարդ, հակասական ժամանակաշրջանը սրանք ստորաբար նույնականացրել են 92-ի եւ 93-ի ձմռանը պատուհասած մթի ու ցրտի երկու սեզոնների հետ: Բայց այս կետում չէ ասելիքս: Ասելիքս 94թ. մայիսին հայերիս համար բարենպաստ հանգրվանում կնքված զինադադարին հաջորդած ոչ լրիվ չորս տարիների մասին է: Առաջին տարին գոհության տարի էր: Շնորհիվ պատերազմական ահռելի հոգսերի թեթեւացման ու պերմանենտ զորակոչերի դադարեցման՝ հաջողվեց կասեցնել կործանարար արտագաղթը, տնտեսական գահավիժումը, ատոմակայանի վերագործարկմամբ հաղթահարվեց էներգետիկական ճգնաժամը։ Չընդհատված կառուցվածքային բարեփոխումները, ազատ շուկայի կանոնների արմատավորումը երեւան բերեցին տնտեսական աշխուժացման առաջին նշույլները, վերսկսվեցին քաղաքական համակարգի արդիականացման, ժողովրդավարական, իրավական պետությանը վայել նոր Սահմանադրության մշակման աշխատանքները: Արդեն 95-ի հուլիսի 5-ին ժողովրդավարության երաշխավորման քննության առջեւ կանգնեցինք: Հարկավոր էր ապացուցել, որ մենք ժողովրդավար էինք ոչ միայն կոմունիստների դեմ պայքարում, այլեւ մեզ նմանների հետ իշխանության համար պայքարում: Խոստովանենք, որ, առաջին անգամը լինելով, անսովոր էր պայքարել ախոյան դարձած նախկին ընկերոջ դեմ: Ցավոք, այս քննությունը երկուստեք տանուլ տվեցինք՝ իշխանություն թե ընդդիմություն, զինվոր թե շինական, նորաթուխ ժողովրդավար թե դիմափոխված կոմունիստ, դրսեկ կոփված դաշնակցական թե տնաբույծ ազգայնական: Սակայն մեղք դարձած պատասխանատվությունը խիստ բնականորեն ընկավ իշխանության, այսինքն՝ իմ ու իմ ընկերների վրա: Հաղթանակի, կայունության ու առաջընթացի դափնիները սեփականացրած զինակիցներով լցվեցինք խորհրդարան: Եթե համաձայնեմ, որ 95-ի հուլիսի 5- ի ընտրությունները մեր պյուռոսյան հաղթանակը եղան, ապա կհավելեմ, որ դրանք մեր ընդդիմադիրներին կասկածելի բարոյական համբավ բերեցին: «Հանրապետություն» նախընտրական միավորումից հեղհեղուկ մի բան ստացվեց, քանի որ ՀՀՇ-ի հետ դաշինք կազմեցին ոչ միայն մի քանի փոքր, առանձնապես մեծ հեղինակություն չվայելող քաղաքական խմբակներ, այլեւ մեր շարքերը խցկվեցին ամեն գնով իշխանության ճգնող նորահարուստներ ու դիմափոխված կոմունիստներ։ Հետագա մի քանի պետական հեղաշրջումները (1998թ. փետրվար, 1999թ. հոկտեմբեր, 2000թ. մայիս, նախագահական վերջին երեք ընտրություններ) մշտապես ամրապնդել են սրանց դիրքերը՝ թուլացնելով Շարժման ներուժը: Չորոնելով հասարակական դժգոհության ակունքները, չգիտակցելով Դաշնակցության կասեցմամբ ստեղծված իրադրության ներքին ու արտաքին հետեւանքները, անտեսելով խաղաղության բանակցություններում ուրվագծվող փոխզիջման մոդուս վիվենդին հասարակության մեծամասնության համար ընդունելի դարձնելու հրամայականը՝ մենք մտանք նախագահական երկրորդ ընտրությունների շրջափուլ: Ընդդիմությունը, գնահատելով օտար մարմինների առկայությունից թուլացած մեր թիմի վիճակը, ելավ մեր դեմ հախուռն, միավորված եւ էլ ավելի կարծր ու անզիջում կեցվածքով: Չնայած արտաքուստ աշխույժ շարժումներին, մենք, հոգու խորքում հույսներս դրած Լեւոն Տեր-Պետրոսյանի մտավոր արտասովոր ունակությունների, նրա քաղաքական հեռատեսության, Ղարաբաղի հաղթանակում եւ նշմարվող տնտեսական վերածնության մեջ նրա անգնահատելի ծառայությունները գոնե մասամբ գնահատելու մարդկանց բնազդի վրա՝ գործեցինք բզկտված, աններդաշնակ, անկամ եւ, ըստ էության, միայնակ թողեցինք մեր առաջնորդին: Իսկ միացյալ ընդդիմությունն ագրեսիվ եռանդով զորաշարժի էր հանել մեզանից իրավ ու հանիրավի բոլոր դժգոհներին: 1996թ. սեպտեմբերի 22-ի աղմկոտ ու վիճելի նախագահական ընտրությունների արդյունքը, հիմա եմ հասկանում, առաջինը չընդունեց ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը (Լ. Տեր-Պետրոսյանի այսօրվա ընտրական ու հետընտրական քայլերի տրամաբանության մեջ հստակ զգում եմ 1996-ի ընտրությունների ազդեցությունը), եւ այդ հանգամանքը 98-ի նրա հրաժարականի կարեւոր բարոյական շարժառիթը հանդիսացավ: Մնացածը ընթացավ ըստ Մերֆիի օրենքի՝ դեպի վատթարագույնը:

Չգիտեմ՝ հոգնեցի՞նք, թե՞ կարծեցինք՝ անցել ենք ռուբիկոնը, հնի ռեստավրացիայի վտանգ այլեւս չկա: Բայց վտանգն առկա էր, պարզապես չնկատեցինք, որ այն դավադրաբար մեր շարքերն է սողոսկել մեր անվամբ ու մեր կերպարանքով: Մենք թուլացանք, կորցրեցինք զգոնությունը, անընդհատ նորանալու, միմյանց բացթողումները նկատելու — շտկելու հատկությունները: Մեր որդեգրած ազատությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ամփոփեցինք մեր ներսում, չտարածեցինք ժողովրդի մեջ: Ժողովուրդն էլ երես թեքեց մեզանից ու պատժեց իրեն՝ առանց դիմադրության վերադառնալով մի անգամ մերժված անցյալին: Մենք կիսատ թողեցինք մեր երազած Հայաստանի կերտումը, եւ ես համարում եմ, որ հիմա պատժվում ենք դրա համար։ Բայց մեր երեխաների ու թոռների սերնդի առջեւ ունեցած ծանր պարտքը մնում է անկատար: Գրեթե մեկ տարի առաջ սկսված համաժողովրդական շարժումը, որը մտել է Հայ ազգային կոնգրեսի ձեւաչափի մեջ, պայքար է թերացած այդ պարտքը կատարելու համար: Մեր պայքարը դժվար եւ ոմանց համար անըմբռնելի պայքար է, որովհետեւ վերջիններս այն դիտարկում են հանուն իշխանության պայքարի շրջանակներում, մինչդեռ այսօրվա պայքարը, ինչպես վերջերս իր գնահատականն էր տվել Բաբկեն Արարքցյանը, քաղաքակրթական պայքար է:

Ես ու իմ ընկերները գիտենք, որ մեզ բանտում են պահում ու կտտանքների ենթարկում՝ մեր Երազ Հայաստանի կապույտ թռչունն այս անգամ արդեն մեկընդմիշտ որսալու մեր հաստատակամության համար։

Նախորդ հոդվածըԲըլթ-20. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)