‘Ռետրո մամուլ. «Մարտակոչ». Հայ վորբերուն առեվտուրը կը շարունակվի ‘

1517

Պարիզ.- Ո՛չ մեկ հայ կ՛ուրանա, անշուշտ, Ամերիկյան Նպաստամատույց Ըն.յան կատարած նախախնամական դերը, առանց վորուն գուցե հազարավոր կյանքերու կորուստը ավելցնելու դժբաղդությունը պիտի ունենայինք մեր միլիոնավոր զոհերուն վրա: Բայց յերախտագիտական այդ զգացումը չի կըրնար խեղդել այն մյուս զգացումը, վոր կը խռովե քաղաքակիրթ եւ պարկեշտ ամեն մարդու սիրտը, յերբ կիմանա թե նույն Նպաստամատույցին Սուրիո թրքաբարո ներկայացուցիչները, մարդասիրության եւ քրիստոնեյության քողին տակ, անամոթ գերեվաճառության արհեստը կը շարունակեն եւ ֆրանսիական ընկերություններու հետ պայմանագրություններ կը կնքեն 2,000 հայ վորբեր ծախելու – ամենեն կայտառները, գեղեցիկները եւ տոկունները զատելու պայմանով,- վորոնք Ֆրանսա բերվելով պիտի հանձնվին գյուղացիներու գրաստային աշխատանքի լծվելու համար:

Հայ անկախ մամուլին բարձրացուցած աղաղակը վրդովեց Ամերիկյան հասարակական կարծիքը եւ Նպաստամատուցին կեդրոնը ստիպվեցավ կտրուկ հրահանգներ ղրկել իր ներկայացուցիչներուն՝ դադրեցնելու վորբերու առեւտուրը: Բայց ֆրանսական ընկերությունը անդրդվելի մնաց եւ պնդեց կնքված պայմանագրության կետ առ կետ գործադրության մասին: Ու շահադետ Ամերիկացին – Մր. Ֆաուլ – Թյուրքիո մեջ ծնած եւ թրքական վայրենաբարությունը յուրացուցած պաշտոնեյա մը – կարճ միջնադադարե մը հետո, վերսկսած ե իր աղտոտ առեւտուրն եւ 3-400 հայ վորբերու նոր առաքում մը ըրած ֆրանսական ընկերության, վոր արդեն ստացած ու ցրված ե զանոնք այլեւայլ հեռավոր վայրերու մեջ…

Յեվ կատարված այս վորբավաճառության քստմնելի արարքին առջեւ՝ ապիկար, լուռ, հետեւաբար մեղսակից, կեցվածք մը ունին մեր ազգային գույնզգույն մարմինները, վորոնք, սակայն, չեն դադրիր վորբերու, աղքատներու եւ թշվառներու անունով խոսելե, ճառելե ու պարելե:

Փարիզի մեջ հայ միլիոնատերեր կը ճանչնանք, վորոնք յերկու վորբերու ծախսը միայն կը հոգան եւ այդպիսով իրենց ազգային պարտականությունները լիուլի կատարած կը համարին, մինչդեռ իրենց մարմնույն հանգստությանը համար աղախիններու եւ ծառաներու բանակ մը կը պահեն մեծափարթամ ապարանքներու մեջ:

 

«Մարտակոչ», 23 հուլիսի, 1924թ.

Նախորդ հոդվածը‘Իշխանության կապիտուլյացիան’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը կսահամանափակի մահապատժի ենթարկվածների օրգանների օգտագործումը ‘