‘Ռոնալդու. «Կցանկանայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը»’

1213

«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից առաջ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել մամլո ասուլիսով եւ խոստովանել է, որ «Բարսելոնայի» ֆուտոլիստները պատվավոր մրցանակն ստանալու ավելի մեծ շանսեր ունեն, քան ինքը:

Հաջողության հասնելու շանսերի մասին.

_Այն, որ ընդգրկվել եմ «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում, նախորդ մրցաշրջանում իմ լավ աշխատանքի արդյունքն է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Լեո Մեսսին հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, քան ես: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հաղթելու է նա կամ Նեյմարը, քանի որ ակումբային մակարդակով նրանք ավելի շատ տիտղոսներ են նվաճել: Սակայն ամեն դեպքում երեքս էլ արժանի ենք լավագույն եռյակում հայտնվելու համար:

Բարձունքում գտնվելու զգացողությունների մասին.

_ Դա տարվա ընթացքում կատարած աշխատանքի դիմաց մրցանակ է: Իհարկե, առաջնայինը թիմային տիտղոսներն են: Հենց դրանք են մեր գլխավոր նպատակը, սակայն անհատական տիտղոսները եւս հաճույք են պատճառում: Սա ինձ համար ութերորդ նոմինացիան է, եւ անչափ ուրախ եմ կրկին այստեղ գտնվելու համար:

Մոտիվացիայի մասին.

_Գլխավորը մրցակացությունն է, ինչպես նաեւ համառ աշխատանքը: Այս մրցանակներին արժանանալու համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ լինել եւ աշխատել՝ չխնայելով ինքդ քեզ: Անհնար է ութ անգամ պատահականորեն հայտնվել այստեղ: Տաղանդն առանց քրտնաջան աշխատանքի ոչինչ է: Ուրախ եմ կրկին այստեղ գտնվելու համար. ակումբի ռեկորդները եւ առաջնություններում հաջողություններն ինձ հիացմունք են պարգեւում, սակայն բացի այդ ես պարզապես շատ եմ սիրում ֆուտբոլը եւ սիրում եմ ռեկորդներ սահմանել:

«7» համարի մասին.

_Կարիերայիս սկզբում «Մանչեսթեր Յունայթեդում» խնդրեցի 28 համարը, սակայն մարզիչն ասաց, որ վերցնեմ 7 համարը, որը նախկինում պատկանում էր Դեւիդ Բեքհեմին: Ես համաձայնեցի, եւ այդ ժամանակվանից ի վեր այն իմ համարը դարձավ, որն ինձ հաջողություն է բերում:

ՖԻՖԱի սկանդալների մասին.

_Մենք փորձում ենք խուսափել նման հարցերից: Իհարկե, կաշառակերությունը լավ չէ ոչ միայն ֆուտբոլում, այլ նաեւ կյանքում: Հասկանալի է, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ավելի շատ առնչվում ենք ֆուտբոլում եղած կաշառակերության հետ, քան այլ ոլորտի: Իհարկե, հիանալի կլիներ, եթե կաշառակերություն չլիներ:

Իր ցուցանիշների մասին. 

_Գոհ եմ անցած մրցաշրջանից, քանի որ եւս մեկ տարի բարձր ցուցանիշներ գրանցեցի:

Ի՞նչ կցանկանար ստանալ Մեսսիից.

_Կցանկանայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը: Չեմ կարող ասել, որ դժգոհ եմ իմ ոտքից, սակայն կուզենայի ունենալ նրանը:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Դիարբեքիրում. հինգ զոհ, տասնյակ վիրավորներ’