‘Ռուբեն Հայրապետյանը «առնետի նման փախչել է» արտահայտության համար` դատի է տվել Հրանուշ Խառատյանին’

1029

Օրերս ազգագրագետ, Վահե Ավետյան նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանը դատարանից ծանուցում է ստացել. պարզվում է՝ Ռուբեն Հայրապետյանը Հրանուշ Խառատյանից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել և վճարել մեկ միլիոն դրամ իրեն վիրավորելու համար:

Lragir.am-ը ծավալուն հարցազրույց է հրապարակել Հրանուշ Խառատյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:

Տիկին Խառատյան, Ձեր՝ Ռուբեն Հայրապետյանին ուղղված ո՞ր խոսքերն են վիրավորական դիտվել նրա կողմից:

Երկու պահանջ է ներկայացված. պարտավորեցնել Հրանուշ Խառատյանին դատարանի սահմանած ձևով` հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Ռուբեն Հայրապետյանից և հօգուտ Ռուբեն Հայրապետյանի բռնագանձել մեկ միլիոն դրամի չափով փոխհատուցում: Վիրավորանքը, որը հայցում ներկայացված է, այն է, որ ես Վահե Ավետյանի գործով դատերից մեկի ընդմիջմանը դատարանի բակում  բարձրաձայն ասել եմ՝ պարոն Հայրապետյան, մարդ եղեք, օգնեք դատարանին Վահե Ավետյանի գործի կապակցությամբ օբյեկտիվ քննությունն ավարտել: Երկրորդը՝ «առնետի նման փախչել» արտահայտության համար, որն ասել եմ Ռուբեն Հայրապետյանի՝ Նուվել դ\’Արմենիին տված հարցազրույցից հետո, որտեղ նա ասում է՝ մի համեմատեք այս սպանության գործը Պողոս Պողոսյանի սպանության գործի հետ, ես այդ ժամանակ այնտեղ եմ եղել և կարող եմ ցույց տալ, որ դրանք համատեղելի և նույն բաները չեն: Ես այս կապակցությամբ ասել եմ, որ Ռուբեն Հայրապետյանը առնետի նման փախել է Պողոս Պողոսյանի գործով սպանության վկայություն տալուց: Ահա իմ այդ երկու արտահայտություններն ընկալվել են որպես վիրավորանք: Առաջին դատական նիստը հունվարի 17-ին է նշանակված եղել, բայց ես Հայաստանում չեմ եղել և երկու օր առաջ եմ ստացել ծանուցումը: Հաջորդ դատը հունվարի 30-ին Աբովյան քաղաքում է լինելու:

Վահե Ավետյանի գործով դատը բազմաթիվ խախտումներով է ընթանում, մյուս կողմից էլ կարծես հասարակության զգոնությունը թուլացել է: Այս պահին որևէ հույս կա՞, որ արդար դատավճիռ կլինի:

Իսկապես կարծում եմ, որ ամբողջ դատական գործընթացն այնպես է գնում, որ գուցեև դատարանը ռեալ իրավիճակը չպարզաբանի, ինչպես չպարզաբանեց նախաքննությունը: Խորապես վստահ եմ, որ դատարանն ի վերջո ռեալ և իսկապես ծանր հանցագործներին չի բացահայտի: Կարծում եմ՝ նրանք չկան   հանցագործությունների հոդվածներով ներկայացված մարդկանց շարքում, առաջին երկու-երեք օրը, երբ ոչ քննություն և ոչ էլ հետաքրքրություն է եղել, հիմնական գործող անձանց երկրից հեռացրել են: Ես խորապես վստահ եմ, որ որոշակի նեղ շրջանակի այդ մարդկանց անունները հայտնի են, և խորապես վստահ եմ, որ պարոն Հայրապետյանը կարող էր օգնել բացահայտել այն 15-20 մարդկանց ցանկը, որոնք ծեծին այս կամ այն կերպ մասնակցել են և հատկապես ամենավտանգավորներն են եղել: Նայելով դատական նիստերի դահլիճ բերվող տղաների պահվածքը՝ բավական ուրախ և նույնիսկ ոչ պարկեշտ ձևով են իրենց պահում, քմծիծաղներով, երբեմն էլ կատակներով, սա հենց վկայությունն է այն բանի, որ ոչ ընկալված է խնդրի լրջությունը և ոչ էլ դատարանում է խնդրի լրջությունը պատշաճ մակարդակով դիտվում, և ոչ էլ տագնապ կա, որ դատական քննության վերջում իսկապես կարող է ռեալ հանցագործությունն իր ամբողջ մերկ ճշմարտությամբ բացահայտվի և դրան համապատասխան դատական որոշում կայացվի:

Ինչ վերաբերում է  հասարակության պասիվությանը, սկզբունքորեն կարծում եմ՝ հենց այն, որ ամբողջ աշունը ձգձգվեց այս ամենը, գուցե նաև նպատակ ուներ գալ հասնել նրան, որ նախագահական ընտրությունները մարդկանց ուշադրության մեծ մասը   կկենտրոնացնեն նախագահական ընտրությունների շուրջ կատարվող զարգացումներին, շեղելով Վահե Ավետյանի սպանության դատավարությունից:  Բայց կարծում եմ՝ այս մեկ ամսում դատական պրոցեսը չի ավարտվի, և նախագահական ընտրություններից հետո, այնուամենայնիվ, հասարակական ակտիվության արտաքին դրսևորումները կշարունակվեն: Ասում եմ արտաքին, որովհետև ներքին ակտիվությունը շարունակվում է, կատարվում են վերլուծություններ, քննարկումներ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Իրանի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանում իր գործընկերոջ հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘Լարախաղացը անցել է 60 մ բարձրության վրա գտնվող պարանի վրայով (տեսանյութ)’