‘Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի տխուր արձագանքները (տեսանյութ)’

2036

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը տարբեր արձագանքների է արժանացել թե՛ ֆուտբոլասերների, թե՛ ֆուտբոլիստների շրջանում: Հայ երկրպագուներին դուր չի եկել՝ Մակեդոնիայի առաջատար ակումբում  հանդես եկող և գրեթե յուրաքանչյուր խաղում գոլեր խփող Արտակ Դաշյանի մասին նախագահի հայտնած տեսակետը: Ֆուտբոլասերների խնդրանքով տեսանյութ է պատրաստվել, որտեղ պարզ երևում է, որ Սերբիայի հավաքականի հետ խաղում շնորհալի ֆուտբոլիստը ոչ մի սխալ էլ չի գործել:Նշենք, որ այդ խաղում Արտակ Դաշյանը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին: Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ ներառված են նրա մասնակցությամբ այդ հանդիպման բոլոր դրվագները:

 

«Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը ավելի հանգամանորեն է արձագանքել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ իր մասին արած հայտարարությանը՝ պատասխանելով Чемпионат.com-ի թղթակցի հարցերին: Հայ ֆուտբոլիստն արդեն հերքել էր ՀՖՖ նախագահից թանկարժեք մեքենա ուզելու լուրերը, իսկ այժմ նաև պարզաբանել է, թե ինչու է ժամանակին հրաժարվել հանդես գալ Հայաստանի հավաքականում:

«Հայաստանի հավաքականի պաշտոնական ներկայացուցիչն ինձ ոչ թե վեց, այլ միայն մեկ անգամ է հրավիրել Հայաստանի հավաքականում հանդես գալու: Այդ ժամանակ 18 տարեկան էի, նոր էի Մոսկվայի «Սպարտակի» փոխարինողների կազմ տեղափոխվել։  Ես հրաժարվեցի ֆեդերացիայի առաջարկից, քանի որ չէի ուզում Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ լինել: Բացի դրանից, դեռ ամեն ինչ հստակ չէր։ Ինչ վերաբերում է «Պորշեին», ապա դա լիակատար զառանցանք է։ Ես երբեք հավաքականում չէի խաղա հանուն մեքենայի կամ փողի, ընդ որում՝ կարևոր չէ, թե դա որ երկրի հավաքականը կլիներ։ 

Եկեք շրջանցենք այն հարցը, թե որ հավաքականւոմ կուզենայի խաղալ։ Ես հիմա կենտրոնացած եմ ակումբային գործերի վրա: Ինձ համար կարևոր է Տուլայի «Արսենալի» հետ մնալ ռուսական Պրեմիեր լիգայում: Երբ առաջարկներ լինեն՝ կմտածեմ այդ ուղղությամբ։ Բայց ինձ համար շատ տհաճ և վիրավորակն էր այդ խոսքերը լսելը»,-  ասել է Մալոյանը Чемпионат.com-ի թղթակցին։

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ նոր անուն կունենա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտը’
Հաջորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանի ելույթը «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի քննարկման ժամանակ ‘