‘ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքը. Եթե այնտեղ լինեի, տուժող կողմը կհամարձակվե՞ր այդպես իրենց պահել(տեսանյութ)’

1154

Երեքշաբթի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատական նիստին ներկայացել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 

Հայրապետյանը հայտարարեց, որ եթե ինքը անցյալ տարի հունիսի 17-ին «Հարսնաքարում» լիներ, նման բան տեղի չէր ունենա: Նա նշեց, որ այն ժամանակ եղել է ՀՖՖ-ում:

«Ես  ափսոսում եմ, որ այնտեղ չեմ եղել, որ տեղյակ չեմ եղել, ամեն ինչ կտայի, որ մինչև կռիվը ես տեղյակ լինեի: Ա՛յ իրենց հարցրեք (ցույց է տալիս մեղադրյալների կողմը — խմբ.), եթե ես տեղյակ լինեի, իրենք կհամարձակվեի՞ն նման բան անեին: Իրենք լավ տեղյակ էին, որ ես խիստ մարդ եմ, չեմ սիրում լկտիություն ու ցինիկություն: Նույնիսկ հարցրեք տուժող կողմին, եթե ես այնտեղ լինեի, իրենք կհամարձակվեի՞ն այդպես իրենց պահեին»,- վրդովվեց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում այդ օրը համալիրի աշխատակիցների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով ծեծից 12 օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ:

«Անընդհատ մամուլում շահարկվում է, որ ես խուսափում եմ դատարանից, անտարբեր եմ, վախենում եմ, խուսափում եմ: Ես էսօր ներկայացել եմ, եւ խնդրեմ, եթե կան հարցեր դատարանի կողմից, խնդրում եմ, տվեք, ես պատասխանեմ»,- հայտարարեց Հայրապետյանը, ով Վահե Ավետյանի մահից հետո հրաժարվել էր իր պատգամավորական մանդատից:

Հայրապետյանը պատմեց, որ տեղի ունեցածի մասին ինքը տեղեկացել է հեռախոսով, այդ մասին իրեն է հայտնել «Հարսնաքարի» տնօրեն Հրաչ Զոհրաբյանը.

«Ասել են, որ կռիվ ա եղել, ինչ-որ խուլիգանական արարք են կատարել, դրանից հետո տղաները կռիվ են արել: Դրանից հետո ես էլի եմ զանգել, ասաց, որ կռիվ են անում, երկրապահի անունից են հանդես գալիս: Ես հարց տվեցի, թե որևէ մեկը վնասվածք չի ստացել, ասաց՝ իրա ոտքով, քայլելով գնաց  ռեստորանից»,- պատմեց Ռուբեն Հայրապետյանը՝ նկատելով, որ զրուցակիցն անհասկանալի բացատրություններ է տվել, որից 15 րոպե հետո ինքն իմացել է, որ Վահե Ավետյանին արդեն վիրահատում են ու բարկացել ռեստորանի անվտանգության աշխատակիցների վրա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հետագայում ինքը փորձել է պարզել, թե ինչ է կատարվել իրականում «Հարսնաքարում»՝ նախկին պատգամավորն ասաց.

«Իրականում ես շատ եմ փորձել, որ գոնե ինձ համար պարզեմ, բայց կան շատ բաներ, որ ես տենց էլ չեմ կարողացել հասկանալ, որովհետեւ իմանալով իրենց, օրինակ, Արթուրին կամ մյուսներին, բացի Գարիկից, մյուսներին փոքր ժամանակից գիտեմ, իրենք էդ մարդիկ չէին, ինձ համար անհասկանալի է, թե ինչ է եղել: Երբ քննությունը կավարտվի, նաեւ ես շատ բաներ կիմանամ: Բազմաթիվ ենթադրություններ կան, բայց ես կարծում եմ, ենթադրություններով չի կարելի մարդկանց մեղադրել կամ արդարացնել, հատկապես արդարացնել», — ասաց նա` շեշտելով, որ մինչև այժմ ինքը չի կարողացել պարզել, թե կալանավորվածներից յուրաքանչյուրը ինչ չափով է ներգրավվածություն  ունեցել դեպքին:

Հատկանշական է, որ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ գուցե այլ մարդիկ էլ են ներկա եղել այդ միջադեպին ու անմիջական մասնակցություն ունեցել: Հայրապետյանը դատարանին խնդրեց, այնուամենայնիվ, հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները, ասաց` դեպքի բոլոր մանրամասները այժմ լավ չի հիշում:

Տեսանյութը՝ Ա1+-ի

Նախորդ հոդվածը‘Կառավարության իրական ծրագիրը հրապարակված ծրագիրը չէ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանյան Տրիպոլիում մարտեր են ընթացել Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև’