‘Կառավարության իրական ծրագիրը հրապարակված ծրագիրը չէ. Տեսանյութ’

1742

Աժ-ում նորից քննարկվում է կառավարության ծրագիրը: Ու նորից նույն խոսակցությունները՝ վստահե՞լ այդ ծրագրին, թե՞ ոչ: Հարցադրումը, սակայն, այս հարթություն տեղափոխողները, գիտակցաբար, կամ անգիտակցաբար, հարցը դուրս են բերում ըստ էության քննարկման դաշտից, եւ տանում են հարակից, թերեւս՝ ավելի խոցելի ու պակաս կարեւոր դաշտ: 
Որովհետեւ այս պարագայում, ինչպես արդեն ցույց է տվել տարիների փորձը, խնդիրը ոչ այնքան ծրագրերն են, որ ներկայացնում են իշխանությունները, այլ այն, թե ովքեր են ներկայացնում այդ ծրագրերը: Հրապարակային ներկայացված վատ ծրագիր գրեթե չի լինում:

Որեւէ իշխանություն երբեք հրապարակավ չի ներկայացնի մի ծրագիր, որտեղ սեւով սպիտակի վրա գրված կլինի, թե իրենք ցանկանում են մեծացնել արտագաղթը, թանկացնել ու դժվարացնել քաղաքացիների կյանքը, թե իրենք ցանկանում են զարգացնել կոռուպցիան եւ մենաշնորհները, ամենաթողությունն ու մնացած բացասական երեւույթները: Նման բան կարող է անել միայն վերջին խելքը հացի հետ կերած իշխանությունը: Իսկ մյուսները առաջնորդվում են մի քիչ այլ մեխանիզմով. հռչակում են հիմնականում դրական, երբեմն նույնիսկ «պուպուշ» սկզբունքներ, իսկ ահա գործնականում անում են այն, ինչ անում են: Եւ ուրեմն, եթե կառավարության վստահության հարց է քննարկվում, ապա պետք է ոչ թե կարդալ այն փաստաթուղթը, որը Տիգրան Սարգսյանը բերել է Ազգային ժողով, այլ նրա կառավարության կատարած աշխատանքը՝ անցած 5 տարիների ընթացքում: Պետք է ընդամենը բացել 2008 թվականին նրա կառավարության ներկայացրած ծրագիրը եւ դրանում հռչակված սկզբունքներն ու դրույթները համեմատել անցած հինգ տարիների ընթացքում կառավարության կողմից կատարված աշխատանքների հետ:

Ասել է թե՝ կառավարության իրական ծրագիրը նախորդ 5 տարիներն էին: Ի՞նչ է արել կառավարությունը նախորդ հինգ տարիներին, արդյո՞ք արդարացրել է իրեն, արդյո՞ք քաղաքացիները զգացել են, որ իրենց հարկերից ձեւավորված պետբյուջեի հաշվին «աշխատող» կառավարությունը կատարում է իր պարտականությունները, արդյո՞ք քաղաքացին վստահ է եղել, որ բյուջեն չի թալանվում, մսխվում կամ ատկատվում, արդյո՞ք կառավարությունը գործել է թափանցիկ, արդյո՞ք տվել են քաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Նման հարցեր կարելի է տասնյակներով հնչեցնել: Սակայն խնդիրն այդ հարցերի քանակը չէ, այլ պատասխանների, իսկ ավելի կոնկրետ՝ պատասխանի: Որովհետեւ բոլոր այդ հարցերը ունեն ընդամենը մեկ պատասխան՝ ոչ: Հետեւաբար, դրանից բխող հաջորդ բոլոր հարցերի պատասխաններն էլ կլինեն բացասական: Արդյո՞ք կյանքի կկոչվի կառավարության նոր ծրագիրը, արդյո՞ք այս անգամ իշխանությունն ավելի թափանցիկ է աշխատելու, արդյո՞ք բիզնես միջավայրը բարելավվելու է, արդյո՞ք կառավարությունը կգա կոռուպցիայի հախից, արդյո՞ք գումարները չեն մսխվի: Ո՛չ: Որովհետեւ կառավարությունը իրականում տապալվել է, հետեւաբար՝ նրան նորից վստահել-չվստահելու հարցը սարկազմի ժանրից է: 

Եւ ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ կառավարությունը տապալվել է: Դա օրինաչափություն է: Եթե իշխանության գլուխ եկած քաղաքական ուժը չի վայելում ժողովրդի վստահությունը, եթե նա իշխանություն է դառնում ընտրությունները կեղծելով, մարդկանցով բանտերը լցնելով, մարդկանց գնադակահարելով, ապա այդ իշխանությունը իշխանության գալու առաջին իսկ օրվանից արդեն տարանջատված է հասարակությունից, արդեն որեւէ կապ չունի այդ հասարակության հետ, հետեւաբար՝ չի կարող սպասարկել այդ հասարակության շահերը: 
Իշխանությունը բռնությամբ պահող քաղաքական ուժն այլեւս որեւէ քաղաքական ռեսուրս չունի, որպեսզի ձեւավորի այնպիսի կառավարություն, որը կարող է հասարակության վստահությունը վայելել: Այնպես որ՝ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ԱԺ-ում, ընդամենը ծաղր է հիշեցնում: Դա նույնն է, թե ձեր տանը ձեզ պատանդ վերցնեն, հետո ձեզ պատանդ վերցրածներից մեկը գա եւ հարցնի՝ կարմի՞ր վերնաշապիկ հագնեմ, թե՞ կապույտ: Դրանից խնդրի էությունը ամենեւին չի փոխվելու, հիմանական խնդիրը, որ ձեզ հուզելու է այդ պահին, այն է լինելու, որ ձեզ պատանդ են վերցրել, եւ որ ընդամենը պետք է ազատվել այդ մարդկանցից: 
Հ.Գ. Հիշո՞ւմ եք Տիգրան Սարգսյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա խոսում է կրիտիկական զանգվածի եւ արտագաղթի մասին: Այդ հարցազրույցը պետք է լավ հիշել: Ահա դա է այս կառավարության, իմա՛՝ Սերժ Սարգսյանի իրական ծրագիրը: Այդ ծրագիրը որեւէ կապ չունի հրապարակված ծրագրի հետ:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանկ Ռիբերի. Մենք «Բորուսիայից» ուժեղ ենք’
Հաջորդ հոդվածը‘ Ռուբեն Հայրապետյանի ցուցմունքը. Եթե այնտեղ լինեի, տուժող կողմը կհամարձակվե՞ր այդպես իրենց պահել(տեսանյութ)’