‘Ռումինիայի նախագահին տուգանել են գնչուների հասցեին խոսքերի համար’

846

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին տուգանել են 600 լեյով (185 դոլար)՝ գնչուներին վիրավորական բնութագրումներ տալու համար: Խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը սկզբում մտադիր չէր քննարկել նախագահի հետ կապված միջադեպը, քանի որ Բեսեսկուն գնչուների մասին հայտարարություններն արել էր Ռումինիայի տարածքից դուրս՝ արտասահմանում: Սակայն երկրի Գերագույն դատարանը ազգային խորհրդին (ռումինական խորհրդարանին կից ինքնավար մարմին) պարտավորեցրեց քննել այդ գործը:

2010 թ. Սլովենիայում մամլո ասուլիսում Բասեսկուն հայտարարել էր, թե «քիչ գնչուներ են աշխատում, նրանցից շատերն ավանդաբար ապրում են գողության հաշվին»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռումինիայում ապրում է 620 հազար գնչու: Իրականում այդ թիվը, թերևս, շատ ավելի մեծ է,  քանի որ շատ գնչուներ թաքցնում են իրենց էթնիկ պատկանելությունը՝ վախենալով խտրական վերաբերմունքից:

Գնչուներից շատերը չեն ինտեգրվում ռումինական հասարակությանը, ապրում են սոսկալի կենցաղային պայմաններում,  բժշկական կամ կրթական ծառայություններից նրանց օգտվելու հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Տրայան Բեսեսկուն հայտնի է գնչուների մասին իր կտրուկ հայտարարություններով: Հունվարին ելույթ ունենալով Բեռլինում՝ նա հանդես էր եկել Եվրոպայում գնչուների ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությամբ, սակայն նշել էր, թե գնչուները մարդկանց նյարդայնացնում են իրենց մուրացկանությամբ և «երևի ավելի շատ տհաճություն են պատճառում, քան ինչ-որ մի բանկիր, որի պատճառով բանկից տասնյակ միլիարդներ են անհետացել»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զինադադարի ընթացքում Հոմսից տարհանվել է ավելի քան 1100 մարդ, այդ թվում՝ 500 երեխա’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն հինգ տոկոսները պահում է 1974 թվականից հետո ծնված իր աշխատակիցներից. «ՀԺ»’