‘Ռուսական օր Եվրոպայի Լիգայում’

813

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները չափազանց հաջող ստացվեցին ռուսական ակումբների համար: Կազանի «Ռուբինը» Մադրիդում 2:0 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»:

Նույն՝ 2:0 հաշվով Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» սեփական հարկի տակ հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Չնայած ռուսական սառնամանիքին, անգլիական ակումբը երկար ժամանակ ուներ մեծ առավելություն, բազմաթիվ գոլային պահեր, սակայն այդպես էլ չկարողացավ իրացնել դրանցից գեթ մեկը: Երկրորդ խաղակեսի վերջին հատվածում զգացնել տվեց «Լիվերպուլի» հոգնածությունը, որը վերջին շրջանում բավական ծանր գրաֆիկով է հանդես գալիս: Արդյունքում թիմի պաշտպանությունը սկսեց պարբերաբար ազատ թողնել «Զենիթի» հարձակվողներին, որոնցից Հալկը շեշտակի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Երեք րոպե անց Սեմակը կրկնապատկեց Լուչիանո Սպալետիի թիմի առավելությունը՝ 2:0:

Ռուսական մեկ այլ ակումբ՝ Մախաչկալայի «Անժին» սեփական հարկի տակ, եթե Մոսկվան կարելի է անվանել այդպես, քանի որ ՈւԵՖԱ-ն արգելել է Մախաչկալայում եվրոգավաթների հանդիպումներ անցկացնել, 3:1 հաշվով հաղթեց գերմանական «Հանովերին»: Խաղի հաշիվը բացեցին հենց «Հանովերի» ֆուտբոլիստները. աչքի ընկավ թիմի առաջատար Սաբոլչ Հուստին: Սակայն մինչեւ առաջին խաղակեսի ավարտը Սամուել Էտո՛Օ-ն հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում դաղստանյան թիմը եւս երկու անգամ գրավեց հյուրերի դարպասը եւ հաղթեց 3:1 հաշվով: Նշենք, որ «Անժիի» կազմում իր նորամուտը նշեց «Շախտյորի» նախկին խաղացող բրազիլացի Վիլիանը, որը մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Այսպիսով, Եվրոպայի լիգայում հանդես եկող ռուսական երեք ակումբներն էլ հաղթանակ տարան, ընդ որում, բոլորն էլ 2 գնդակի տարբերությամբ եւ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեցին:

Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 21-ին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Զենիթ» — «Լիվերպուլ»՝ 2:0

Հալկ, 69, Սեմակ, 72

«Անժի» — «Հանովեր»՝ 3:1

Սամուել Էտո՛Օ, 34, Օդիլ Ահմետով, 48, Մուբարակ Բուսուֆա, 64 – Սաբոլչ Հուստի, 22


Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’