‘Ռուսաստանցի զինվորականները նախապատրաստվում են վերադարձի Սիրիայից’

1387

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայում գտնվող ռուսաստանյան զորքերի հիմնական մասի վերատեղակայման հրաման է արձակել: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ-ն, Հմեյմիմ ավիաբազայում զինվորականներն սկսել են նախապատրաստել օդանավերը՝ տուն վերադառնալու համար:

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 15-ից կմեկնարկի ռուսաստանյան զորքերի դուրսբերումը Սիրիայից, քանի որ ռուսաստանյան պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրները լիովին կատարվել են:

Ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական գործակալությունը նույնպես, մեկնաբանելով Մոսկվայի որոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ հասել է այն նպատակին, ինչ դրել էր իր առջև՝ անցյալ տարվա սեպտեմբերին սկսելով սիրիական կամպանիան:

Երեքշաբթի գիշերը ռուսաստանյան զորքերի դուրսբերումը Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Փորձագետների կարծիքով՝ որոշումը նախապես համաձայնեցվել է Դամասկոսի և Վաշինգտոնի հետ:

Ամերիկյան զինվորականների գնահատականներով՝ Սիրիայում տեղակայված ռուսաստանյան քանակակազմը կարող է լինել 3 հազարից մինչև 6 հազար մարդ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական ամպամածություն’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արաբկիրում’