‘«Ռուսաստան-Ադրբեջան. Սրտակից ընկերության անմար կրակը»’

1028

Ներկայացնում ենք ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականի թղթակից Դմիտրի Սմիռնովի ռեպորտաժի թարգմանությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած աշխատանքային այցից՝ մասնակի կրճատումներով.

«Ռուսսիյա Ֆեդերասյանըն պրեզիդենտի չեբաբ Վլադիմիր Պուտինին», — գրված էր անվանաքարտերի վրա, որոնք բաժանվում էին Ռուսաստանի նախագահի հետ Ադրբեջան այցելած լրագրողներին:

Բաքուն Պուտինի այցին նախապատրաստվել էր ոչ միայն անվտանգության խստացված միջոցառումներով, այլև համատեղ մշակութային ժառանգության ցուցադրությամբ: Այսպես, օրինակ, նախօրեին այստեղ լուսանկարչական ցուցահանդես էր բացվել «Ռուսաստան-Ադրբեջան. Սրտակից ընկերության անմար կրակը» խորագրի ներքո: Կրակի անմար լինելը ընդգծում էին դաշնամուրի մոտ իր աշակերտ Քարա Քարաեւի հետ Դմիտրի Շոստակովիչի, Մուսլիմ Մագոմաեւի, Փոլադ Բյուլբյուլօղլիի եւ ռուսական էստրադային աստղերի լուսանկարները: Ճիշտ է՝ Ռուսաստանի նախագահը չայցելեց ցուցահանդեսը: 

Հավանաբար, ամուր բարեկամությունը հաստատելու նպատակով էին Բաքվի նավահանգստում խարիսխ ձգել ռուսական Կասպիական նավատորմի հրթիռային «Դաղստան» եւ փոքր հրետանային «Վոլգոդոնսկ» նավերը:

Վլադիմիր Պուտինի եւ նրա ադրբեջանցի գրծընկերոջ բանակցություններն ընթանում էին Իլհամ Ալիեւի հոր եւ նախորդի՝ Հեյդար Ալիեւի դիմանկարի ներքո:

Մի հետաքրքիր դետալ պարզվեց. պետությունների ղեկավարների ժամացույցները տարբեր ժամ էին ցույց տալիս: Ալիեւի ժամացույցի սլաքները ցույց էին տալիս արդեն երեկոյան ժամը վեցը՝ տեղական ժամանակից հինգ րոպե անց: Պուտինի մոտ հինգից հինգ էր պակաս՝ ճիշտ մոսկովյան ժամանակը: Չնայած այդ տարբերությանը՝ պարզվեց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ժամանակ չեն կորցնում եւ ակտիվ առեւտուր են անում:

Թեպետ, Պուտինի կարծիքով, երկու երկրների համագործակցության մեջ գլխավոր տեղը զբաղեցնում են ոչ թե քաղաքականությունը, տնտեսությունը կամ անվտանգությունը, այլ հումանիտար հարցերը: 

Ադրբեջանում ամենայն ուշադրությամբ են վերաբերվում ռուսաց լեզվի զարգացմանը, ռուսերենով կրթության պահպանմանը, — նշեց Ռուսաստանի նախագահը: — Ե՛ւ դպրոցներն են ռուսերենով աշխատում, ե՛ւ ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերը: Սա հույժ կարեւոր է, որովհետեւ հիմք է ստեղծում մնացած բոլոր ուղղություններով աշխատանքի համար:

Ասվածը արդեն իսկ հաստատում էր այն փաստը, որ բանակցություններն ընթանում էին ռուսերենով:

Նախագահները քննարկեցին նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը:

-Գիտեք, որ մեր տարածքների օկուպացիան հայերի կողմից շարունակվում է, միջազգային կազմակերպությունների բանաձեւերը չեն իրականացվում, — բողոքեց Ալիեւը ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ ուզում եմ ընդգծել. Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է հակամարտւթյան շուտափույթ կարգավորմանը, որը հնարավոր է միայն  քաղաքական միջոցներով, — գործընկերոջը հանգստացրեց Պուտինը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով գործակալության տնօրենին’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Բարեւներս նրանց, ովքեր չեն փակել դուռն ու չեն այրել կամուրջները ‘