‘Ռուս փորձագետ. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շահագործումը կարող է հետաձգվել’

1512

«Բաքու-Ախալքալաք-Թբիլիսի-Կարս» երկաթուղային նախագիծն, անտարակույս, կնպաստի Ռուսաստանի համար նոր, ոչ բարեկամական աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ստեղծմանը, այս անգամ` տրանսպորտային: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ՌՊՀՀ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Սակայն, այդուհանդերձ, ակնհայտորեն պետք չէ գերագնահատել դրա նշանակությունը որպես Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միության ռազմավարական հիմք, քանի որ դրա հետագա առաջխաղացումը կախված է այնպիսի գործոններից, որոնք հեռու են երկաթուղային խնդիրներից: Խոսքը վերաբերում է իրադրությանը Մերձավոր արևելքում, Ուկրաինայում, տարածաշրջանային հակամարտությունների դինամիկային, Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին: Բաքուն արդեն հայտարարել է, որ ԲԹԿ շահագործման կհանձնվի 2015 թվականին, սակայն նշեմ, որ շահագործման հանձնելու ժամկետն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, թեև նախագծին տրվում է, առաջին հերթին, քաղաքական նշանակություն: Այլ կերպ ասած` հաշվի առնելով, որ  ԲԹԿ կառուցվում է առանց Ռուսաստանի մասնակցության, այն պետք է նվազագույնի հասցնի Մոսկվայից Բաքվի և Թբիլիսիի կախվածությունը», — ընդգծել է քաղաքագետը:

Այդ համատեքստում Մարկեդոնովը հատկապես նշել է, որ ԲԹԿ նախաձեռնող երկրներն այն դիտարկում են որպես ծուղակ Հայաստանի համար, որը դրա գործարկման արդյունքում կհայտնվի առավել մեկուսացված վիճակում: Այդ լույսի ներքո պակաս կարևոր չէ, որ նախագիծը մատուցվում է որպես Հարավային Կովկասում Թուրքիայի հզորության աճի վկայություն, հաշվի առնելով, որ Անկարան և Բաքուն ԲԹԿ իրականացնում են` շրջանցելով ԱՄՆ: Քաղաքագետը հիշեցրել է, որ դեռ 2006 թվականի հուլիսին կոնգրեսականները դեմ են քվեարկել Հայաստանի մեկուսացմանը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերից: Ուշագրավ է, որ ԲԹԿ համարվում է Եվրոպա-Ասիա հերթական փոխադրամիջանցքի ստեղծման ավելի մասշտաբային նախագծի մի մասը, որը լուրջ մրցակցություն է կազմում Եվրոպան և Ասիան կապող միակ երկաթուղու` Անդրսիբիրյան մայրուղու համար:

Այդ ֆոնին նախագծի  մասնակիցները, Մարկեդոնովի կարծիքով, լուրջ ակնկալիքներ ունեն ԲԹԿ գործունեությամբ Ղազախստանի և Չինաստանի տնտեսական շահագրգռվածության առնչությամբ: Եվ եթե տարածաշրջանի վերաբերյալ Պեկինի ծրագրերը դեռ ավելի մանրակրկիտ ուսումնասիրման ենթակա են, ապա Ղազախստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ ավելի հստակ է թվում: «Այդուհանդերձ, ԲԹԿ քաղաքական սահմանափակումներ ունի: Դրանց թվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի տարածաշրջանի ադրբեջանցի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք վերաճում են ազգայինի: Բաքու-Թբիլիսի հարաբերություններում առանձնակի դեր է խաղում հայաբնակ Սամցխե-Ջավախքը, և դրա` «Լեռնային Ղարաբաղի» փոխակերպման հեռանկարը, արդեն հաստատ, հակասում է Վրաստանի շահերին: Դրան գումարած այն մտավախությունը, որով Վրաստանում վերաբերվում են թուրքական ազդեցության մեծացմանն Աջարիայում, և ԱՄՆ զուսպ վերաբերմունքը ԲԹԿ նկատմամբ», — ամփոփել է Մարկեդոնովը: 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վերահսկիչ փաթեթի ճակատամարտը’
Հաջորդ հոդվածը‘Տարադրամի փոխարժեքը փետրվարի 17-ին’