‘Խմբագրական. Վերահսկիչ փաթեթի ճակատամարտը’

2705

2011-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված «քաղաքագիտական վերլուծությունը» շարունակում է գործել եւ իրականանալ՝ թեկուզ դանդաղորեն, որոշ տատանումներով, բայց առայժմ բավականին հստակորեն` զուտ վերլուծությունից վերածվում է կոնկրետ քաղաքական գործընթացի: Անշուշտ, ինչպես եւ ցանկացած քաղաքական գործընթացի պարագայում, ոչ ոք չի կարող երաշխավորել նաեւ ա՛յս գործընթացի վերջնական հաջողությունը կամ ձախողումը: Սակայն, այսօր արդեն կարող ենք զգուշավոր լավատեսությամբ (քաղաքականության մեջ հազիվ էլ կարող է լինել ոչ զգուշավոր լավատեսություն) խոսել, այսպես կոչված, «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխության իրավիճակի հասունացման կամ դրա նախադրյալների միս ու արյուն ստանալու մասին: Ինչո՞ւ հեղափոխության եւ ինչո՞ւ բուրժուա-դեմոկրատական: Այս հարցերը պետք է քննվեն ուշադրությամբ, որպեսզի ոչ թե մակերեսային, այլ կառուցվածքային մակարդակով հասկանանք իրավիճակը, այսինքն՝ քննարկենք ոչ թե անձանց, անունները, կոնկրետ ուժերը, հույզերը, համակրանքները, այլ օրինաչափությունները:

        Ինչո՞ւ հեղափոխական

Այսօր Հայաստանում ուրվագծվում է ներքաղաքական ուժային կշռույթի (բալանսի) խախտման միտումը: Հենց դա է ստիպում ոչ թե տեսական, այլ ավելի գործնական մակարդակով խոսել հեղափոխական իրավիճակի մասին: Որքան էլ էական լինեն հեղափոխական իրավիճակների համար գաղափարական, նաեւ՝ քաղաքական հայեցակարգային տարրերը, իրագործման մակարդակում առաջնային է ուժային կշռույթի խնդիրը. հեղափոխական իրավիճակները, սովորաբար, գաղափարականորեն նախապատրաստվում են հասարակության միջին շերտերի կողմից, քաղաքական կարգախոսների տեսքով տարածվում են ավելի լայն խավերում, բայց քաղաքական գործընթացի են վերածվում վերնախավի պառակտման, թուլացման կամ կամազրկման պայմաններում: Այլ հավասար պայմաններում ցանկացած իշխանություն ավելի ուժեղ է, քան հասարակությունը (խոսքը նոր դարաշրջանին բնորոշ, ոչ թե միջնադարյան ֆեոդալական իշխանության մասին է): Հասարակական դիմադրությունը կարող է որքան ուզում ես ուժեղ լինել, սակայն, այն հաջողության կարող է հասնել միայն վերնախավային ճգնաժամի դեպքում: Եթե գործ ունենք միայն վերնախավային ճգնաժամի հետ, ապա տեղի է ունենում պալատական հեղաշրջում, իսկ եթե, դրանից բացի, առկա է նաեւ հասարակական կազմակերպված դիմադրություն, ապա ստանում ենք հեղափոխական իրավիճակ:

Կարող ենք ընտրել վերջին 2-3 դարերի ընթացքում աշխարհի որեւէ ծայրում տեղի ունեցած ցանկացած հեղափոխական իրավիճակ` պատահականության սկզբունքով եւ համոզվել, որ այս պարզ օրինաչափություններն այս կամ այն կերպ գործում են ամենուր, գոնե եթե խոսքը քիչ թե շատ արդիականացված հասարակության մասին է: Այդ օրինակները կարեւոր են հասկանալու համար, թե ինչի՛ ենք շեշտում ուժային կշռույթի խախտման միտումն այսօրվա Հայաստանում: 1917-ի հոկտեմբերին բոլշեւիկները, որոնք մինչ այդ գրեթե երկու տասնամյակ մղել են ընդհատակյա հեղափոխական պայքար, չէին հասնի իշխանության, եթե այլեւայլ հանգամանքների բերմամբ` Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը չհասներ կամազրկության՝ դիմադրության ռեսուրսի բացակայության վիճակի: Այդ օրերին Վ. Լենինն ասում էր, որ հոկտեմբերի 25-ից մի քանի օր շուտ հեղափոխությունը կարող էր անիրականանալի լինել ճիշտ այնպես, ինչպես` մի քանի օր ուշ: Այսինքն, խոսքն ուժային կշռույթի` հօգուտ հեղափոխական տրամադրություն ունեցող հասարակական շերտերի խախտման մասին էր մի կարճ ժամանակահատվածում, որից էլ կարողացան օգուտ քաղել բոլշեւիկները: Մնացածն, այդ թվում` Ձմեռային պալատի գրոհն արդեն իրավիճակի մակերեսային մասն էր, այսպես ասած` դեկորացիան, որովհետեւ բուն իշխանության հարցը լուծված կարելի էր համարել մինչեւ դրա ձեւական ամրագրումը: 2003-ին Վրաստանում ընդդիմությունը կարողացավ իշխանության գալ այն բանից հետո, երբ վրացական ուժային կառույցները փաստացի հրաժարվեցին կատարել Շեւարդնաձեի հրամանն արտակարգ դրություն մտցնելու մասին, այսինքն՝ խախտվեց վերնախավային միասնությունը: 2010-ին Եգիպտոսում իշխանափոխություն հնարավոր եղավ բանակի` իրավիճակին չմիջամտելու որոշման շնորհիվ: Նույն Վրաստանում 2012-ին ընդդիմությունը հաղթեց հակաիշխանական պայքարին վերնախավի մասը կազմող խոշոր կապիտալի մասնակցության շնորհիվ. այսինքն՝ այստեղ էլ գործ ունեցանք վերնախավային փաստացի պառակտման հետ: Այս օրինակները կարելի է շարունակել անվերջ (դրանց մի մասին ավելի մանրամասն անդրադարձներ կան մեր կայքի խմբագրականներում եւ հոդվածներում), բայց դրանք բոլորը ցույց են տալիս միեւնույն կաղապարի, միեւնույն սյուժեի իրականացումը պատմականորեն շատ տարբեր իրավիճակներում եւ շատ տարբեր նպատակներ հետապնդող քաղաքական ուժերի պարագայում: Եթե ավելի ընդհանրացված խոսենք, ապա այստեղ գործ ունենք ցանկացած ռազմավարության կարեւորագույն կետի հետ՝ ճակատամարտի համար վճռորոշ է հավասարաշռության խախտման պահը. այդ պահին նախորդող եւ դրան հաջորդող ամենը` կարեւոր, բայց արդյունքի տեսակետից զուտ տեխնիկական մանրամասներ են:

        Բռնապետություն, օլիգարխիա, դեմոկրատիա

Բուրժուա-դեմոկրատիա եզրը մեծ հաշվով պայմանական է: Զուտ անվանման եւ դրա տարրերի շուրջ վիճելու փոխարեն, ավելի կարեւոր է հասկանալ գործընթացի էությունն այսօրվա ներհայաստանյան իրավիճակի եւ հատկապես ուժային կշռույթի տեսակետից:

Հաճախ Հայաստանի փաստացի հասարակարգը սահմանում են որպես օլիգարխիա: Այս սահմանումն ունի բազմաթիվ խոցելի տեղեր, բայց այս պահին չխորանալով տեսական մանրամասների մեջ` ընդունենք, որ պայմանականության շատ մեծ չափով մեր հասարակարգն իրոք կարելի է բնորոշել օլիգարխիկ եզրով: Ընդհանրապես դասական հունական քաղաքական փիլիսոփայությունից ժառանգած բռնապետություն (տյուրանիա), օլիգարխիա եւ դեմոկրատիա եզրերն, այսպես թե այնպես, միայն շատ պայմանականորեն կարելի է օգտագործել արդի աշխարհի իրողությունների նկատմամբ: Հաշվի առնելով այս պայմանականությունը՝ կարող ենք ասել, որ բռնապետությունն իշխանության առավել կենտրոնացված, օլիգարխիան՝ չափավոր կենտրոնացված, իսկ դեմոկրատիան հնարավորինս ապակենտրոնացված իշխանության անվանումներն են: Այս պարզեցված տարբերակով բռնապետության մեջ իշխանությունը կենտրոնացված է մեկի, օլիգարխիայում՝ փոքր խմբի մոտ, իսկ դեմոկրատիան տարբեր շահերի կրող հասարակական շերտերի մրցակցային հավասարակշռության համակարգ է: Հաշվի առնելով, որ համեմատած հետսովետական առավել կենտրոնացված իշխանությամբ երկրների հետ (օրինակ` Ադրբեջան կամ Միջին Ասիա), Հայաստանի իշխանական համակարգն ունի ապակենտրոնացման ավելի շեշտված տարրեր. կարող ենք ասել, որ Հայաստանում օլիգարխիկ համակարգ է կամ ավելի ստույգ՝ օլիգարխիկ տարրերով բռնապետություն: Սա իրավիճակի ստատիկ նկարագրությունն է, այժմ տեսնենք դրա հնարավոր դինամիկան:

        Կապիտալի վերահսկիչ փաթեթը

Օլիգարխիան` որպես միջին դիրք, ինքնին անկայուն է: Իրավիճակը ձգտում է պարզեցման դեպի երկու հակադիր բեւեռներից մեկը: Պարզ է, որ միջին դիրքից, որն է տվալ դեպքում օլիգարխիան, տեսականորեն հնարավոր է երկու ճանապարհ՝ կա՛մ անցում դեպի ավելի կենտրոնացված համակարգ՝ բռնապետություն, կա՛մ անցում դեպի առավել ապակենտրոնացված համակարգ՝ դեմոկրատիա:

Եվ հատկանշանական է, որ վերջին տարիներին հայաստանյան քաղաքական կյանքում փաստացի եղել է քաղաքական ռազմավարության միայն երկու հայեցակարգային ծրագիր: Այդ երկու ծրագրերից մեկը պատկանում էր իշխանության, այսպես կոչված, «ողջախոհ երիտթեւին», որն այդ թեւի տեսակետներն արտահայտող ԶԼՄ-ներում ձեւակերպվում էր որպես պայքար օլիգարխիայի դեմ: Պայքարն օլիգարխիայի դեմ, սակայն, անկախ դա ձեւակերպողների անձնական ձգտումներից, զուտ առարկայական օրինաչափութուններով կարող է ունենալ երկու ելք: Եթե այդ պայքարն իրականացվում է վերեւից, ապա դրա տրամաբանական ելքն է է՛լ ավելի կենտրոնացված՝ բռնապետական կարգի հաստատումը: Սա զուտ տեսական դրույթ չէ, քանի որ այդպիսի՝ վերեւից իրականացվող հակաօլիգարխիկ պայքարի օրինակներ ունենք հետսովետական տարածքում: Հենց այդպիսի՝ հակաօլիգարխիկ պայքարի կարգախոսներով եւ ծրագրերով իր իշխանությունը Ռուսաստանում ամրապնդեց Վլադիմիր Պուտինը: «Հակաօլիգարխիկ» են նաեւ Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ այլ հետսովետական վարչակարգերը, որտեղ իշխանությունն ու կապիտալն ամբողջովին կենտրոնացված են մեկ բեւեռում: Հենց այսպիսի կամ գրեթե այսպիսի ապագա էլ սպասում էր Հայաստանին, եթե իրականացվեր իշխանության «առաջադեմ» թեւի ծրագիրը: Այդ թեւի առաջադեմ լրագրողներից մեկը մասնավոր զրույցում դա ձեւակերպում էր հետեւյալ կերպ. «Սերժ Սարգսյանն ունի իշխանություն, բայց չունի կապիտալի վերահսկիչ փաթեթ»: «Առաջադեմ» ծրագրի նպատակը հենց այդ կապիտալի վերահսկիչ փաթեթն էր: Կենգուրուին էլ պարզ է, որ կապիտալի վերահսկիչ փաթեթի, այսինքն՝ «օլիգարխիայի» վերացումից հետո, Սերժ Սարգսյանը դառնալու էր ալիեւյան տիպի լիարժեք բռնակալ: Իհարկե, այս ամենը հայ մտավորականության մի զգալի մասի համար ոչինչ չնշանակող խոսքեր են, յուրահատուկ չինարեն քերականություն, քանի որ քաղաքական դիրքորոշումներ ձեւակերպել սիրող այդ խավը սովոր է ոչ թե վերլուծական, այլ ճարտասանական մտածողության, որտեղ ոչինչ չնշանակող բառերը եւ չձեւակերպված ցանկություններն իշխող են իրավիճակ հասկանալու եւ կանխատեսելու կարողության նկատմամբ: Զավեշտալի է, բայց փաստ. ամբողջ օրը պուտինյան Ռուսաստանը քննադատող իշխանության «ողջախոհ երիտթեւը», կամա թե ակամա, ծրագրավորում էր Հայաստանում իրականացնել իսկը պուտինյան ծրագիր:

        Բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն

Օլիգարխիկ համակարգի վերացման մյուս տարբերակը, ի տարբերություն իշխանական ծրագրի, ենթադրում է անցում օլիգարխիայից դեպի դեմոկրատիա: Այսպիսի անցման առարկայական նախապայմանն է օլիգարխիայի կազմաքանդումը ոչ թե վերեւից, այլ ներքեւից եկող նախաձեռնությամբ: Դեմոկրատական կարգի հիմնական շահառուներն են հասարակության լայն շերտերը: Սակայն, որոշակի պայմաններում վերնախավի մի մասը նույնպես առարկայորեն կարող է դառնալ դեմոկրատացման շահառուն: Խոսքն այստեղ հենց առարկայական շահերի մասին է, այլ ոչ թե անձնական ձգտումների, բնավորության եւ նման «քնարական» գործոնների:

Այն իրավիճակում, երբ քաղաքական իշխանության ծրագիրն է դառնում անցումը օլիգարխիայից դեպի բռնապետություն, այլ կերպ ասած` երբ նպատակ է դառնում կապիտալի վերահսկիչ փաթեթի ձեռքբերումը քաղաքական իշխանության կողմից, տնտեսական վերնախավի (խոշոր բուրժուազիայի) եւ քաղաքական իշխանության շահերը բնականորեն սկսում են հակասել միմյանց, քանի որ պարզ է` կապիտալի հիշյալ փաթեթը պետք է խլվի հենց խոշոր սեփականատերերի, այսպես կոչված` «օլիգարխների» ձեռքից: Բնական է, որ այդ պարագայում տնտեսական վերնախավի բնական դաշնակիցը պետք է դառնան հասարակության միջին խավը եւ լայն շերտերը, այսպես կոչված` ժողովուրդը: Սա էլ, ի դեպ, հետսովետական տարածքին հայտնի իրավիճակ է (Խոդորկովսկի, մասամբ նաեւ՝ Իվանիշվիլի): Ցայսօր իշխանական համակարգի կայունության «գաղտնիքը» եղել է իշխող եւ տնտեսական վերնախավերի միասնությունը: Բայց իշխանությունն ինքը՝ «կապիտալի վերահսկիչ փաթեթի» ձեռքբերման իր ծրագրով խախտեց կայունությունը: Վերնախավային միասնության քայքայումը եզակի հնարավորություն է ստեղծում մեր հասարակության համար: Տնտեսական վերնախավը չի կարող միայնակ դիմադրել, եթե չունենա հասարակության աջակցությունը, իսկ հասարակությունն էլ, իր հերթին, չի կարող միայնակ հաղթել, եթե չհասնի վերնախավի պառակտմանը: «Օլիգարխիան»` եթե Հայաստանում նույնիսկ կար էլ, այլեւս անցյալում է: Այն կա՛մ պետք է ձեւափոխվի բռնապետության, կա՛մ դեմոկրատիայի: Այս իրավիճակում` այն մարդկանց, ում սովոր ենք կոչել «օլիգարխ», երկընտրանքն է՝ կա՛մ հանձվել, կա՛մ ապավինել հասարակության աջակցությանը: Իսկ հետագան էլ կախված է հասարակության ընտրությունից եւ հասարակության տարբեր շերտերի, այդ թվում` տնտեսական վերնախավը ներկայացնող ուժերի վճռականությունից եւ հետեւողականությունից: Մարտահրավեր նետելուց հետո` եթե մարտահրավեր նետողը դանդաղում է, ապա ժամանակը սկսում է աշխատել ընդդեմ նրա:

Հենց սա է բուրժուա-դեմոկրատական պայմանական անվանումը կրող քաղաքական հայեցակարգի էությունը՝ տնտեսական վերնախավի եւ հասարակության լայն շերտերի շահերի առարկայական համընկնումից բխող դաշինք` ընդդեմ իշխող վերնախավի: Այս պահին սա եղած միակ քաղաքական հայեցակարգն է ոչ իշխանական դաշտում, որովհետեւ հայեցակարգ իրավունք ունի կոչվելու միայն այն ծրագիրը, որը հիմնված է տվյալ երկրում տվյալ պահին եղած կոնկրետ ուժերի դասավորությունից՝ հասարակագիտական ընդհանուր, համամարդկային օրինաչափությունները հարմարեցնելով կոնկրետ տեղական պայմաններին: Կրկնենք, որ սա, անշուշտ, չի երաշխավորում հաջողություն, բայց փաստն այն է, որ մնացած ամենն ինչը, որ առաջարկվում է մեր հասարակությանը որպես «ծրագիր»` ճարտասանական վարժությունների, բարի ցանկությունների կամ էլ մանիպուլյացիաների ոլորտից է՝ մոտեցում, որն ընդհանուր առմամբ կարող ենք կոչել՝ «բոլոր լավ բաներին կողմ ենք, բոլոր վատ բաներին` դեմ. եւ կեցցե՛ անմահ Լենին պապիկը ու մաննի կաշան մինչեւ վերջ ուտող վառվռուն աչուկներով հոկտեմբերիկները»:

Այս հայեցակարգի իրագործման դեպքում կունենանք անցում ապակայունացված օլիգարխիայից դեպի դեմոկրատիա եւ սահմանադրականություն՝ խոշոր բիզնեսի օրինական, մրցակցային դաշտ բերմամբ, քաղաքական մրցակցային համակարգի օրինաչափ ձեւավորմամբ եւ «վերահսկիչ փաթեթի» ապակենտրոնացմամբ: Եվ կարեւորը՝ այս ամենը պետք է լինի ոչ թե ինչ-որ մեկի բարի ցանկության, սիրուն աչքերի, շռայլ խոստումների, այլ առարկայական, օրինաչափ գործընթացների արդյունք:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ»–ը կդիմի պայքարի կոշտ միջոցների’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շահագործումը կարող է հետաձգվել’