‘ՌՔԿ-ն «գունավոր հեղափոխության ապացույցներ» է գտել’

1752

Ռուսաստանի քննչական կոմիտեն ПАРНАС-ի ակտիվիստուհի, իրավապաշտպան Նատալյա Պելևինայի մոտից հայտնաբերել է փաստաթղթեր՝ ամերիկյան «Դեմոկրատիայի աջակցության ազգային հիմնադրամի» կողմից «Մայիսի 6-ի կոմիտեի» գործունեությունը ֆինանսավորելու վերաբերյալ, հայտարարել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Ըստ նրա՝ դա հաստատում է այն վարկածը, թե արտաքին ուժերը փորձել են երկրում իրականացնել «գունավոր հեղափոխության» սցենարը:

««Մայիսի 6-ի կոմիտեն» ամերիկյան հիմնադրամից ստացված գումարները ծառայեցրել է քննչական մարմինների, ներքին գործերի մարմինների վարկաբեկմանը, որոնք զբաղվում են 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների քննությամբ»,- պնդում է ՔԿ ներկայացուցիչը:

Պելևինայի մոտ հայտանաբերված փաստաթղթերի համաձայն՝ 2013-2014 թթ. հիմնադրամը նրան հատկացրել է 35 հազար դոլար, տեղեկացրել է Մարկինը:

Պլևինայի փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են հատուկ տեխնիկական միջոցների անօրինական շրջանառման համար. Պելևինայի մոտ հայտնաբերել են տեսախցիկով գրիչ, իսկ դա, ըստ Մարկինի՝ քրեորեն պատժելի է Ռուսաստանում, քանի որ այդ սարքի օգնությամբ Պելևինան «ֆիքսել է ոչ միայն իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ նրանց վարկաբեկելու նպատակով, այլև ընդդիմադիր անձանց՝ այդ տեսանկարահանումներն իր նպատակներին ծառայեցնելու համար»:

Պելևինան «Բոլոտնայայի գործով» անցնող կասկածյալներից մեկն է դարձել 2015 թ. ապրիլին, թեպետ, նրա խոսքով՝ ինքն այդ օրը՝ 2012 թ. մայիսի 6-ին, հանրահավաքին ներկա չի եղել: Հետաքննությունը նրան կասկածում է անկարգությունները ֆինանսավորելու մեջ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Աշխարհազորայինների վարձքը փոխհատուցվում է բռնաբարության թույլտվությամբ’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին ցույց է տվել Մեսսիին վնասազերծելու միջոցները’