‘Աշխարհազորայինների վարձքը փոխհատուցվում է բռնաբարության թույլտվությամբ’

1526

Հարավային Սուդանում ռազմական գործողություններին կառավարական զորքերի կողմում կռվող աշխարհազորայիններին, որպես վարձավճար՝ թույլատրվել է բռնաբարել կանանց, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Կազմակերպության տվյալների համաձայն՝ 2015 թ. միայն Արևմտյան Վերին Նեղոսի շրջանում բռնաբարության է ենթարկվել 1300 կին:

ՄԱԿ-ի քննիչների կարծիքով՝ բանակը, կիրառելով «այրվող հողի» մարտավարություն, միտումնավոր հարձակվում է քաղաքացիական անձանց վրա և սպանություններ ու բռնաբարություններ կատարում: Այդ գործողությունները պետք է դիտարկվեն որպես ռազմական հանցագործություններ, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Հարավային Սուդանի կառավարությունը հերքում է, որ իր զինվորականները հարձակվում են խաղաղ բնակիչների վրա, սակայն խոստացել է հետաքննություն անցկացնել:

Մինչդեռ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ գրոհայինները գործում են «արա՝ ինչ ուզում ես, և թալանիր՝ ինչ կարող ես» սկզբունքով: Իշխանությունների հանդեպ չեզոքություն պահպանելու համար որպես փոխհատուցում՝ թույլատրվում է բռնաբարել և առևանգել կանանց ու աղջիկներին:

Հարավային Սուդանում սեռական բռնությունների ծավալն ու տարատեսակները աշխարհում մարդու իրավունքների խախտման ամենասոսկալի փաստերն են, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դոնալդ Թրամփի հանրահավաքներում բախումներ են տեղի ունենում’
Հաջորդ հոդվածը‘ՌՔԿ-ն «գունավոր հեղափոխության ապացույցներ» է գտել’