‘Սաակաշվիլին մեկնաբանել է լեզվակռիվը. Չախալյանի հռետորաբանությունը համընկնում է Վրաստանի կառավարության հռետորաբանությանը’

1253

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին Ախալքալաք  այցի ժամանակ խոսքակռվի է բռնվել «Միացյալ Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի հետ, ով հունվարին համաներմամբ ազատ է արձակվել կալանքից: 

Աղմկոտ վեճի ավարտից հետո, որը տեսագրվել է և հեռարձակվել Վրաստանի կենտրոնական հեռուստաընկերությունների եթերից, Սահակաշվիլին լրագրողներին հայտարարել է, թե իր նախագահության օրոք «Ախալքալաքը վերադարձել է երկրի կնետրոնական իշխանությունների իրավասությանը»: «Այսօր ավազակ Չախալյանի անջատական հռետորաբանությունը ճիշտ համընկնում է Վրաստանի կառավարության հռետորաբանությանը, որն ասում է, թե Սահակաշվիլին ինը տարի շարունակ քանդել է Վրաստանը, և նրան հարկավոր է դատել: Երեք մարդ է պահանջում, որպեսզի ինձ դատեն` Պուտինը, Իվանիշվիլին և Չախալյանը»,- հայտարարել է Սահակաշվիլին: Ընդ որում՝ նա նշել է, թե հարցի առնչությամբ Չախալյանն Ախալքալաքում փոքրամասնության թվում է:

Հիշեցնենք, որ լեզվակռվի ընթացքում Չախալյանը Սահակաշվիլիի իշխանությանը մեղադրել էր հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ հոգատարություն չդրսևորելու և դպրոցական ծրագրերից հայ գրականությունը հանելու համար:

«Ես եկել եմ այստեղ և կլսեմ բոլոր քաղաքացիներին, սակայն մտադիր չեմ ունկնդրել ձեր բարոյախոսությունը: Ես կպատմեմ, թե ինչ եմ արել Ախալքալաքում. ես հենարանից զրկել եմ ձեզ նման անջատականներին, կառուցվել է ճանապարհ, որով դուք ուղևորվում եք Թբիլիսի, կառուցվել է երկաթգիծ, առողջարան, անց են կացվել գազ և լույս, դուրս է բերվել ռուսական ռազմակայանը: Եվ այնպիսի անջատականներն ու ԳՀՎ շնիկները, որոնք պատրաստվում են մասնատել Վրաստանը, չեն կարող իմ գլխին բարոյախոսություն կարդալ»,- հայտարարել է Սահակաշվիլին` դիմելով Չախալյանին:

Չախալյանը հեռացել է այն տարածքից, որտեղ ընթացել է նախագահի հանդիպումը բնակչության հետ՝ բացականչելով. «Միշա, սիկտիր»: 

Նախորդ հոդվածը‘Ինչպես կալանավոր Սերոբ Մխիթարյանը փախավ դատարանից’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» և «Չելսին» ամռանը փորձել են գնել Մեսսիին’