‘Սահմանադրական դատարանն ավարտեց ընդհանուր գործի քննությունը’

963

Սահմանադրական դատարանում ավարտվեց փետրվարի 18-ի ընտրութուններն անվավեր ճանաչելու հայցով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումներով ընդհանուր գործի քննությունը:

Կողմերը ներկայացրեցին ավարտական ճառերը: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը պահանջեց բավարարել դիմումը՝ այլապես, ըստ նրա արդարադատությունը կիրակացվի «այլընտրանքային դատարանի միջոցով՝ Ազատության հրապարակում»:

Անդրիաս Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը, որը 2007-ից գլխավորում է ԱԺ-ում մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժը, 2008-ից՝ զբաղեցնում է նախագահի պաշտոնը, անսահմանափակ հնարավորություններ ուներ ապահովելու այնպիսի ընտրություններ, որոնք կվերականգնեին հասարակության վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ:

Ի միջի այլոց, Ղուկասյանը նշեց, որ  անհասկանալի է, թե ինչպես է 1993-ից պետական բացառապես պետական ծառայության մեջ գտնվող անձը, ըստ հայտարարագրի, 100 միլիոն դրամի ունեցվածք ձեռք բերել:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ մինչեւ Սահմանադրական դատարանում հանդես գալը վստահ էր, որ հասարակությունում պետական հաստատությունների նկատմամբ վստահության ճգնաժամը խորացել է եւ կարող է հանգեցնել հեղափոխական իրավիճակի:

Նրա խոսքով, ՍԴ-ում այս օրերին ընթացող դատավարությունը չվերացրեց իր անվստահության հիմք հանդիսացող պատճառները: «Չունեցա պատկերացում, որ իրոք Սերժ Սարգսյանը ԿԸՀ-ի վրա ճնշում չի գործադրել: Չստացա որեւէ հիմնավորում, որ ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը պետական մարմիններից անկախ է իր գործունեության մեջ: Անհնար է վստահել բարձր տոկոս մասնակցություն արձանագրած տեղամասերի արդյունքներին: Գուցե ֆորմալ առումով ամեն ինչ փաստարկված է, բայց վստահել դրան  անհնար է: Հանրությունը չի կարող եւս հինգ տարի սպասել, թե ինչ կլինի: Հանրությունը ցույց  է տվել, որ դժգոհ է», — իր խոսքը եզրափակեց Ղուկասյանը:

Պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խնդրեց մերժել հայցը՝ նշելով, որ 1996-ից մինչ օրս նման «մերկապարանոց» դիմում ՍԴ մուտք չի արվել եւ չի քննվել:

Երրորդ կողմի՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Հրայր Թովմասյանն իր ճառի սկզբում ասաց, որ քննության ընթացքում եղել է ամեն ինչ՝ էմոցիաներ, քաղաքական հայտարարություններ, բայց ոչ իրավունք:

Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը դիտողություն արեց՝ «ընդհանրացումներ անելիս զգույշ եղեք»:

Այնուհետեւ Հրայր Թովմասյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երկու ներկայացուցիչներն էլ՝ Զարուհի Փոստանջյանը եւ Կարեն Մեժլումյանը, իր մտերիմներն են:  

Նախորդ հոդվածը‘Պուտինին սատարող բայքեր Խիրուրգն արժանացել է Պատվո շքանշանի’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում սպորտային խաղերի ժամանակ խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել’