‘Սահմանադրական ճգնաժամի էությունը՝ պարզ մահկանացուներիս լեզվով’

3987

Իրավաբանները գուցեև միմյանց շատ լավ հասկանում են։ Սակայն սովորական մահկանացուներիս համար նրանց մտքի թռիչքն անհասանելի է։ Դրա համար միգուցե արժե վերջին օրերին Սահմանադրության շուրջ ծավալված բանավեճը հասկանալ տարրական տրամաբանության տեսակետից։

Դրա համար, նախ, անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել Սահմանադրության՝ վեճի առարկա հանդիսացող բոլոր հոդվածները։

 

Գլուխ 5. Հանրապետության նախագահը

Հոդված 125.1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։

Հոդված 125.2. Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

 

Գլուխ 16. Եզրափակիչ և անցումային դրույթներ

Հոդված 209.6. Սահմանադրության … 5-8-րդ գլուխներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը։ Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները։

Հոդված 211. Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության  նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։

 

Միանգամայն իրավացի են այն իրավագետները (Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան և ուրիշներ), ովքեր հակասություն են տեսնում նշված հոդվածների, մասնավորապես՝  125-ի և 209.6-ի միջև՝ ըստ այդմ հանգելով հեռուն գնացող հետևյալ եզրակացության. քանի որ 209.6 հոդվածի համաձայն՝ 125-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուրեմն 4-րդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի կողմից, այլ համընդհանուր ընտրությունների միջոցով։

Նրանց ընդդիմախոսները (Հրայր Թովմասյան, Գևորգ Դանիելյան, Վարդան Պողոսյան, Գագիկ Հարությունյան, Դավիթ Հարությունյան և այլք) փորձում են հակադարձել, որ իրականում Սահմանադրության բնագրում ոչ մի հակասություն էլ գոյություն չունի, քանի որ նշված հոդվածների թվացյալ հակասությունը վերանում է 211 հոդվածի միջոցով, որը վերաբերում է հանրապետության նախագահի առաջին ընտրությանը, մինչդեռ 125 հոդվածում սահմանված է նախագահի հերթական ընտրության կարգը։ Նկատի ունենալով, որ նշված անձնավորություններն անմիջական մասնակցություն են ունեցել նոր Սահմանադրության ստեղծմանը, նրանցից այլ պատասխան կարելի չէր ակնկալել։ Սակայն հարց է ծագում. եթե բացատրությունն այդքան պարզ էր, ի՞նչ կարիք կար սարուձոր ընկնելու, սխոլաստիկայով զբաղվելու, Հռոմեական օրենսդրությանը հղումներ կատարելու և խրթին լատինական տերմիններ օգտագործելու։ Էլ չասած՝ Սահմանադրության մեկնաբանման մասին արված արտառոց դատողությունները։ Մի՞թե նշված իշխանական «սահմանադրագետները» տեղյակ չեն, որ Սահմանադրությունն այն միակ փաստաթուղթն է, որ մեկնաբանման ենթակա չէ։ Նույնիսկ Սահմանադրական դատարանն օժտված չէ նման իրավասությամբ, ուր մնաց իրենց սահմանադրագետ համարող ինչ-որ մարդիկ։

 

Այս ամենը ցույց է տալիս, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ։ Սահմանադրության հայրերը քաջություն չունեն խոստովանելու, որ մեղմ, շատ մեղմ ասած՝ թերացել են իրենց աշխատանքում՝ տեղիք տալով Սահմանադրության բնագրի անհարկի տարընթերցումների ու խառնաշփոթի՝ երկիրը կանգնեցնելով իրավաքաղաքական կազուսի առաջ։ Այս ամենից հնարավոր էր խուսափել, եթե հոդվածի սկզբնամասում բերված դրույթները շարադրված լինեին հետևյալ կերպ։

 

Գլուխ 5. Հանրապետության նախագահը

Հոդված 125.1. Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից։

Հոդված 125.2. Հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ (հանված է հերթական բառը)։

 

Գլուխ 16. Եզրափակիչ և անցումային դրույթներ

Հոդված 209.6. Սահմանադրության … 5-8-րդ գլուխները (բացառությամբ 125-րդ հոդվածի) ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը։ Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները։

Հոդված 211. Ընդհանրապես հանել Սահմանադրությունից։

Այս փոքր խմբագրական միջամտությամբ կարելի էր խուսափել Սահմանադրության շուրջ առաջացած ալեկոծությունից։

Թե որն է ելքն այս խառնաշփոթ իրավիճակից, միայն Աստծուն է հայտնի։ Ակնհայտ է, որ գործընթացը հետ պտտեցնել հնարավոր չէ։ Մարտի 2-ին Խորհրդարանն ընտրելու է ՀՀ 4-րդ նախագահին, որովհետև իշխանական համակարգում վակուումն անթույլատրելի է։ Ակնհայտ է նաև, որ Սահմանադրության հեղինակների մեղքով հասարակության գոնե մի մասի կողմից կասկածելի է համարվելու ապագա նախագահի լեգիտիմությունը, ինչը նրան անհարմար վիճակի մեջ է դնելու ընտրության իսկ պահից։

Առանց այդ էլ իր քաղաքացիության հարցում լեգիտիմության խնդիր ունեցող Արմեն Սարգսյանն ավելի ու ավելի է բարդույթավորվելու։

Իսկ մասնագիտական առումով այսպիսի խոտան արտադրելու և քաղաքական առումով վտանգավոր իրավիճակ ստեղծելու համար Սահմանադրության հեղինակները եթե ոչ քրեական, ապա առնվազն բարոյական պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Սակայն վստահաբար կարելի է ասել, որ նման իշխանական բարքերի ու պետության նկատմամբ անպատասխանատվության այս խեղդող մթնոլորտում միակ բանը, որ կսպառնա նրանց՝ պաշտոնների բարձրացումն է։

 

Հ.Գ. Զարմանալի է, թե իրավական այս կազուսի մասին ինչու է լռում Արմեն Սարգսյանը։ Կարծում է, թե այդ հարցերն իրեն չե՞ն վերաբերում։ Չարաչար սխալվում է, որովհետև առաջին հերթին հե՛նց իրեն են վերաբերում։ Ինքն է 7 տարի շարունակ կքելու լեգիտիմության դեֆիցիտի բեռի տակ։

 

Վարդան Հակոբյան

 

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի քաղաքներում երթեր են անցկացվել ի հիշատակ Բորիս Նեմցովի’