‘Սամվել Աբրահամյան. Միասնաբար դեպի հաղթանակ (տեսանյութ)’

1659

Սիսիանում ընթացող ընդդիմության միասնական հանրահավաքում ելույթ ունեցավ Հայ ազգային Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Նա նշեց, որ այն գործընթացի ընթացքում, որը սկսել են երեք քաղաքական ուժերը, բնականաբար պետք է պատասխանեն մի շարք կարևոր հարցերի:

«Պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը, ելքեր ցույց տանք, ձևակերպենք այն խնդիրները, որոնք ուզում ենք լուծել: Դուք մեր գործողություններից պետք է եզրակացություն անեք մեր վճռականության մասին: Որևէ մեկը կասկած չունենա, որ այս երեք քաղաքական ուժերի միասնական պայքարը մինչև վերջ չի լինելու, մինչև իր դրած բոլոր խնդիրների լուծումը և մերկապարանոց չհնչելու համար՝ փորձեմ ձևակերպել, որ այլ կերպ լինել չի էլ կարող:

Ընկերներս արդեն նշեցին, որ սա աննախադեպ միություն է, բայց սա՝ նկատի ունեցեք, աննախադեպ է նաև մեկ այլ առումով: Առաջին անգամ առաջատար քաղաքական ուժերը միավորվում են ոչ թե նախընտրական շրջանում, այլ ընտրություններից շատ ավելի առաջ: Մենք ձևական առումով ընտրական ժամկետներից դուրս ենք, և դեռ 3-4 տարի ժամանակ կա ընտրություններին, այսինքն, սա նախընտրական կոմպանիա չէ, ինչն էլ աննախադեպ է:  

Հետևաբար, կա մի շատ ավելի կարևոր խնդիր, որ այս ուժերը տեսնում են, և գալիս են հանդիպելու ձեզ հետ ոչ թե ձեր քվեն խնդրելու, այլ ավելի կարևոր այդ խնդիրը լուծելու համար:

Այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանում արմատական փոփոխությունների, իսկ արմատական փոփոխություններ նախևառաջ նշանակում են օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորում:

Քանի դեռ այս հարցը չենք լուծել, այլ բարեփոխումներ անել Հայաստանում անհնար է: Որևէ մեկը չի հավատա, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը Հայաստանում կարող է որևէ փոփոխություն իրականացնել: Այս բոլոր անցած տարիների պատմությունը վկա: 

Հնարավո՞ր է արդյոք այս խնդիրները լուծել միայն երեք ուժերի միասնությամբ: Անկասկած՝ ոչ: Հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքական ուժերը և ժողովուրդը միավորվում են նույն խնդիրները լուծելու համար, և եթե ժողովուրդը հարց է տալիս քաղաքական ուժերին՝ պատրա՞ստ եք գնալ մինչև վերջ, այդ քաղաքական ուժերն էլ իրավունք ունեն հարցնել ժողովրդին՝ պատրա՞ստ եք արդյոք մեզ հետ միասին գնալ մինչև վերջ և Հայաստանում իրականացնել այն փոփոխությունները, որոնց մասին երազում ենք՝ իրականացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Ուստի միասնաբար, բոլորս հոկտեմբերի 10-ին դեպի Ազատության հրապարակ և միասնաբար դեպի հաղթանակ»,- իր ելույթում նշեց Սամվել Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ամբողջական իշխանափոխությունը միակ քայլն է’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Եթե Քրիստիանո Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբերլենն է»’