‘Սարգիս Հացպանյանը ՀՀ քաղաքացի է դարձել և ստացել անձնագիր’

1486

Ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ է տրվել. նա այսօր դարձել է ՀՀ քաղաքացի և ստացել է անձնագիր: Այս մասին galatv.am-ին ասել է ինքը՝ Սարգիս Հացպանյանը:

«Այսօր տվեցին ինձ քաղաքացիություն: Իմ՝ բանտում անցկացրած տարիներից հետո դիմել էի, որպեսզի Հայաստանում ապրելու իրավունք ձեռք բերեմ: Առաջին ատյանի դատարանը մերժեց, վերաքննիչ դատարանը մերժեց, վճռաբեկը մերժեց, և թղթերս պատրաստեցի, որ ուղարկեմ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան: Այդ ընթացքում ինձ մեկ տարվա ժամանակավոր կացության կարգավիճակ տվեցին այստեղ՝ Հայաստանի ոստիկանությունում, և այսօր ինձ կանչեցին ասելու համար, որ ինձ ՀՀ քաղաքացիություն են շնորհում, և ես ունեմ իմ ՀՀ քաղաքացիության վկայականը, քաղաքացի եմ արդեն այսօրվանից»: Ֆրանսահայ ազատամարտիկն ասաց, որ այս անակնկալից ինքը շատ զարմացած և միևնույն ժամանակ հուզված է. «Այժմ ես լրիվ ՀՀ քաղաքացու հետ նույն իրավունքները ունեմ: Ինձ զանգահարեց ՀՀ ոստիկանության և անձնագրային բաժնի վիզաների վարչության պետը՝ Հովհաննես Քոչարյանը, ասաց՝ ժամը 2-4 ընկած ժամանակում մի հատ եկեք: Անակնկալ էր՝ տեսա անձնագիրս սեղանին դրված, ես հաճելիորեն զարմացա և հուզված էի… ցանկացած հայ, ՀՀ-ում լիիրավ ապրելու իրավունք ունի, ես երկար պայքարի շնորհիվ հասա դրան, դրա համար շատ արժեքավոր բան է ինձ համար»:

Ազատամարտիկը շուրջ 5 տարի պայքարում է ՀՀ-ում կացության իրավունքի համար. 2008 թ. փետրվարից սկսած՝ ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդող ժամանակաշրջանից մինչև հիմա: «Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի օրով ինձ ՀՀ-ից արտաքսման հրաման տվեց, և ըստ այդ հրամանի՝ ես պետք է 5 օրում լքեի ՀՀ վարչական տարածքը… բայց ես չենթարկվեցի Ռոբերտ Քոչարյանի հրամանին, դրա համար բանտ նստեցի: Բանտում ամեն օր, ամեն շաբաթ պետական պաշտոնյաները գալիս ասում էին՝ հիմա մի հատ թուղթ ստորագրի, ազատենք քեզ, ոչ մի օր չես նստի բանտում: Ես ասում էի՝ ո՛չ, Հայաստանի Հանրապետությունն ինձ համար բարձրագույն արժեք է, և ես հանուն ազատության չեմ փոխի Ֆրանսիայում ազատ կյանքը Հայաստանի բանտի հետ…»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

«Ես գերադասեցի բանտում մնալ, բայց հասնել իմ նպատակին: Արդեն 24 տարի Հայաստանում եմ ապրում, ապրել եմ նաև խորհրդային տարիներին, ինձ թվում է, որ ես ունեի իրավունք՝ ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն և վաստակել եմ այդ իրավունքը. երկար տարիների պայքարը բարեբախտաբար արդյունք տվեց»:

Նախորդ հոդվածը‘Արամ Հարությունյան. Սերժ Սարգսյանի թիմի անդամները «Կարգին հաղորդման» հերոսներին են նման’
Հաջորդ հոդվածը‘Իրանի միջուկային ծրագրի կասեցումը իմ գլխավոր առաջնահերթությունն է. Իսրայելի վարչապետ’