‘«Սարգսյանը կրկին հույսը դրել է քրեամենթական ոհմակների եւ կեղծ անձնագրեր տպող սարքերի վրա» ‘

2140

Կարդալով Սերժ Սարգսյանի ելույթը հասկանում ես, որ դա վերջն է: iLur.am-ի խնդրանքով մեկնաբանելով այսօր ՀՀԿ արտահերթ համագումարում այդ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի ճառը՝ ասաց գրող, «Գրողուցավ» կայքի խմբագիր Համբարձում Համբարձումյանը:

Նրա խոսքով, Սարգսյանի ելույթից հասկանալի է դառնում, որ Հանրապետական կուսակցությունը և Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում նույնպես խուսափելու են բանավեճից, կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխաններ տալուց:

«Ես չգիտեմ, Սերժ Սարգսյանը իսկապե՞ս համոզված է, որի իր նախագահության ժամանակաշրջանը, իր անցկացրած ԱԺ ընտրությունները և ինքն անձամբ «վերջն են», բայց ՀՀ քաղաքացին, ով իր աչքերով տեսել է առօրյա կյանքում և ԱԺ ընտրությունների ժամանակ կատարված ապօրինությունները չի կարող հավատալ Սերժ Ազատիչի ճառի պաթոսին», — նշեց պարոն Համբարձումյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը փորձում է քարոզչական մեդիաարշավների բովանդակությունը սաղացնել որպես իրողություն:

«Եվ համոզվում ես, որ «ատկատների» ու«ցուպիկի» դեմ տարվող հերոսական պայքարը նրա համար էին, որ ելույթում գրելու բան լինի, և Սերժ Սարգսյանը հայտարարի, թե կոռուպցիայի դեմ պայքար է սկսել, կամ սպառողի շահերը պաշտպանված են:  Կարդալով Սերժ Սարգսյանի ճառը հասկանում ես, որ նա կրկին հույսը դրել է քրեամենթական ոհմակների և կեղծ անձնագրեր տպող սարքի վրա: Նրան չի հետաքրքրում քաղաքացու կարծիքը, նրան չի մտահոգում, որ արժանապատիվ քաղաքացին այդ ելույթը որպես ծաղր է ընկալում», — եզրափակեց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Դրոգբան՝ «Յուվենտուսում»’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներ է արձանագրում ‘