‘Սերգո Տոնոյան. «Հայկական կոռուպցիան»’

12514

Հիվանդանոցի անբարեկարգ միջանցքի պատին կպցրած հայտարարությունը հստակ շեշտում է, որ «բոլոր տեսակի վճարումները պետք է կատարել ադմինիստրացիայում»։ Կոռուպցիայի դեմ պայքարի գործում պետությունն իր բաժին պարտքը կատարել է. ամեն հարկում A4 ֆորմատի թղթերի վրա տպած մեկ-երկու այդպիսի հայտարարություն հաստատ կպցրել է, եւ վերջ։ Այդքանից հետո միայն հիմարը անարդարության պատճառով բողոքի ձայն կհանի, կամ անգրագետը, որ հայերեն կարդալ չի իմանում։

Հայտարարության պատի ետեւի հիվանդասենյակ եկած բուժքույրը երակային ներարկում անելուց առաջ միայն մի բան է հիշում՝ պետության սահմանած իր աշխատավարձի չափը։ Այդ թիվը հայտարարությունում նշած չէ։ Պետությունը բուժքրոջն ու հիվանդին միայնակ է թողել. դեմ առ դեմ հանել՝ բուժքրոջ ցածր աշխատավարձն ու հիվանդի բարձր ճնշումը։ Այսպես ծնվում են կոռուպցիան եւ բուժքրոջ հոգատար ժպիտը, որ 1, 2 կամ 5 հազար դրամի դիմաց այսուհետ հաճախակի է այցելելու հիվանդին։

Պետությունն իր քաղաքացիների այսօրինակ հանդիպումներ կազմակերպում է հնարավոր բոլոր անկյուններում։ Հիվանդին տեսակցության շտապող բարեկամը երթեւեկության կանոնների խախտման համար ՃՈ տեսուչի հետ նույն հանդիպումն է ունենում։ Հայաստանում այդպիսի ազատ սանտիմետր հողակտոր չի մնացել, որտեղ պետությունը կոռուպցիայի սերմը ցանած չլինի։ Սերմն աճել եւ հաստաբուն ծառ է դառել, որի պտուղներն էլ ներկայումս մունաթի տեսքով թափվում են նույն քաղաքացու գլխին։ Այնպես չէ, որ հիվանդն իր բուժումը չի ստանա, եթե հերթապահ բժշկին չզանգահարեն եւ չբարեխոսեն իր համար, սակայն այդ զանգը պետությունը չի կատարելու, որովհետեւ այսինչի բարեկամն ու ծանոթը լինելը ավելին է, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Դրանից հրաժարվելն է հայաստանցու միակ բուժումը։

Իհարկե, կոռուպցիան ո՜չ Հայաստանում է ծնունդ առել, ո՜չ էլ, բացառապես մեր օրերին բնորոշ երեւույթ է։ Սակայն, երբ պատմական ակնարկի նպատակն է քաղաքացու ուղեղը ցավազրկել՝ «նախկինում ավելի վատ էր» բութ մտքով՝ դրանով արդարացնելով ներկայի արատավոր երեւույթները, ապա պայծառ ապագայի մասին բոլոր խոսակցություններն, ըստ այդմ, վերածվում են դատարկ խոսքերի։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գիտակցել, որ անկախ աշխարհաքաղաքական իրադարձություններից, անկախ ամեն տեսակի օբյեկտիվ պատճառներից, որոնք ճզմած են պահում Հայաստանը, սեփական քաղաքացիների եւ նրանցից բաղկացած բանակի բարեկեցության ապահովման համար նա վայրկյան անգամ իրավունք չունի հապաղելու իսկական բարեփոխումների գործում։ Այո՜, 200 հազար դրամ ստացողը՝ լինի ոստիկան, համայնքապետ կամ բուժքույր, միանգամայն իրավացի է՝ «նոքար» չդառնալու իր պահանջով, եւ հետագա բոլոր կոռուպցիոն դրսեւորումներում էլ պարտավոր չէ միայնակ կրել պատասխանատվությունը։

Թե ինչպիսի անցանկալի զարգացումների կարող է հանգեցնել սոցիալական անարդարությունն ու կոռուպցիան Հայաստանում, դժվար չէ կռահել։ Աղետից Հայաստանը դեռեւս արտագաղթի միջոցով է խուսափում, վաղը այդ ռեսուրսն էլ է սպառվելու, եւ հենց այդ անգամ է աղետը հավասարաչափ բաշխվելու՝ զրոյացնելով ամբողջ Հայաստանը։

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիների կեսը կողմ է, որ Թրամփը հրաժարական տա’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողները 2017-ի լավագույն մարզիկ են ճանաչել Ալեքսանյանին’