‘Սերժ Սարգսյանը «դոբռիի մեջ կայֆավատ է լինում» ‘

2281

Երեկ նախագահականում մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած փակ հանդիպմանը, որը նաև ասուլիս անունն էր ստացել, Սերժ Սարգսյանը բնականաբար խոսել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մասին:

Դեռ մի կողմ թողնենք Սարգսյանի ասածների բովանդակային՝ քաղաքական ասպեկտը, քանի որ իր այս մեկնաբանություններում Սարգսյանը հատկապես աչքի ընկավ բացարձակ ցինիզմով: Էական չէ, թե ինչ մանրամասներ ներկայացրեց Սարգսյանը իր և Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հանդիպման վերաբերյալ, էական չէ, թե ներկայացվածի քանի տոկոսն էր ճշմարտություն, քանիսը՝ հեքիաթ: Էականն այն էր, որ Սարգսյանը այդ ամենի մասին արտահայտվում էր բացարձակ ցինիզմով և խոսակցական-հայերենով ասած՝ «արխայինի մեջ»:

Սարգսյանը շա՜տ «արխային» էր խոսում, ինչը ի դեպ, իր օբեկտիվ պատճառներն ունի: Րաֆֆի Հովհաննիսյանը կեղծված նախագահական ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղը արձանագրած, իսկ իրականում հաղթած միակ թեկնածուն է, ով հասցրել է ընտրություններից մեկ ամիս անց ստեղծել մի այնպիսի անշառ քաղաքական մթնոլորտ, որի մասին ցանկացած իշխանություն կարող էր միայն երազել: Միայն հիշեք, թե ինչ էր կատարվում Հայաստանում նախորդ նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ընդդիմադիրների մի մասը բանտարկված, մյուս մասը՝ հետապնդումների էր ենթարկվում, համատարած սպասողական վիճակ և իշխանությունների կողմից իշխանությունը կորցնելու ակնհայտ ցուցադրվող վախ: Անշուշտ, շատերը կասեն, թե այն ժամանակ ուրիշ էր, իսկ հիմա այլ իրավիճակ է, հիմա Սերժ Սարգսյանն էլ «դոբռիի» մեջ է, ազատ եթեր է տրամադրում բոլորին, ծեծելով հանրահավաք չի ցրում, ընդդիմադիր լիդերներին չի ձերբակալում և այլն: Իրականում, սակայն, նման բան պնդելը քաղաքական միամտություն է. բովանդակային առումով իշխանությունները չեն փոխվել, և չեն էլ կարող փոխվել: Փոխվել է միայն ձևը, այն էլ՝ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը իր համար իրական վտանգ չի տեսնում: Փորձը ցույց է տվել, որ նույն Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում ամեն իրական վտանգի դեպքում էլ գործի է դրել բիրտ ուժը, և դա նորություն չէ:

Այնպես որ, կարիք չկա Սերժ Սարգսյանի «դոբռի մեջ վիճակների» մասին անդերսենություն անել: Այլ հարց է, թե ինչու է Սարգսյանը այսպես արտահայտվում պաշտոնական արդյունքներով ավելի քան կես մլն քվե ստացած թեկնածուի մասին: Եթե մեկ բառով վերծանենք Սարգսյանի «ասուլիսի» ուղերձը՝ այն կարելի է ձևակերպել այսպես. «Րաֆֆի, ո՞ւր են քո կես միլիոն ընտրողները…. Ցույց տուր նրանց, և ես իմ թագավորության կեսը կտամ քեզ»: Խնդիրն այն չէ, որ Սարգսյանն ասում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին մասնակցում են 3000 հոգի, իսկ 2008-ին իբր մասնակցում էին՝ 30 հազարը: 2008-ին մի քանի տասնյակ հազարանացոց ցույցեր էին լինում, և ով որքան թիվ ցանկանում, ներկայացնում էր: Բայց անկախ նրանից, թե ով որքան թիվ էր ներկայացնում, Ազատության հրապարակը՝ ընդդիմության ճիշտ քաղաքական հաշվարկների ու պահանջների, գրագետ քաղաքական նպատակների հռչակման և քայլերի պատճառով հասել էր նրան, որ Հրապարակըք աղաքական իրադարձությունների կիզակետն էր դարձել: Հայաստանի ցանկացած խուլ գյուղում ապրող մարդիկ նույնիսկ գիտեին, որ Ազատության հրապարակում տեղի են ունենում շատ կարևոր քաղաքական իրադարձություններ, և որ հրապարակում տեղի ունեցող զարգացումները իշխանության հակակշիռն են դրձել: Եթե կուզեք, Հրապարակը կարելի էր անվանել էպիկենտրոն, որը գնալով ավելի ու ավելի մեծ թափ էր առնում: Իսկ ի՞նչ է անում այսօր պարոն Հովհաննիսյանը: Ընտրություններից հետո մեծաթիվ մարդիկ դուրս եկան փողոց, անգամ նրանք, ովքեր չէին քվեարկել Հովհաննիսյանի օգտին, և պատրաստակամություն հայտնեցին պայքարել կեղծված ընտրությունների դեմ: Այսինքն, ժողովուրդն իր բաժինը արեց: Սակայն, պարոն Հովհաննիսյանը ապաքաղաքական ինչ-ինչ քայլերի, հայտարարությունների, կոպիտ ասած՝ առանց հետագա քայլերի պլանի, առանց քաղաքական տեքսի հնարավորություն չտվեց հրապարակին վերածվել էպիկենտրոնի, հատկապես՝ ամենաթեժ պահին: Տպավորությունն այնպիսին էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ի սկզբանե չէր նախատեսել, որ կարող է այդքան շատ քվեներ ստանալ, և փետրվարի 19-ին, երբ արդեն հայտարարվեցին նախնական արդյունքները, չէր պատկերացնում, թե ինչ է պետք անել:

Սկզբում նա հանրահավաք հայտարարեց, հետո այն վերածեց ասուլիսի, հետո հանրահավաք՝ «ժողովուրդը հաղթել է» անհասկանալի ու անհասցե ուղերձներով, հետո մարզային հանդիպումներ՝ առանց գլխավոր հրապարակը ակտիվ ու թեժ պահելու, «մարզպետ հեռացիր», իսկ երբեմն «ռադ եղիր» կոչեր և «հարգարժ ռահվիրա» ուղերձներ՝ Սերժ Սարգսյանին: Անհասկանալի հանդիպում վերջինիս հետ, դրան հետևած իրար հետ ոչ փոխկապակցված քայլեր, հանդիպումներ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչների հետ, Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ֆորմատի քննարկումներ,  հայտարարություն, որ այլևս հացադուլ չի լինի, մի քանի հանրահավաքներ՝ նորից առանց քաղաքական հստակ ուղերձների, մի խոսքով՝ հախուռն ու հապշճեպ քայլեր, և ապա անսպասելի մի որոշում, որն ի սկզբանե բացառվել էր: Արդյունքում՝ ավելի քան կես միլիոն քվե ստացած թեկնածուն հացադուլ է անցկացնում, հրապարակը կա, (անկախ նրանից, թե որքան մարդ է հավաքվում), բայց հրապարակը քաղաքական կապիտալի չի վերածվում, թեկնածուն իրենից ոչ մի քաղաքական «վտանգ» չի ներկայացնում. «բարիի մեջ» միջոցառումներ են անցկացվում, բոլորը բոլորին հարգում են, ժողովուրդը հաղթել է, «այլընտրանքային կառավարությունը» ձևավորում են, բոլորն իրար ջան են ասում, ջան լսում և այսպես շարունակ: Սակայն, այն ինչ կատարվում է այս օրերին հրապարակում, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում անվանել քաղաքական գործընթաց, ու քանի դեռ ամեն ինչ այդպես է, Սերժ Սարգսյանը կարող է ցինիկանալ, կարող է իրեն թույլ տալ ասել այն, ինչ ցանկանում է, կարող է իրեն թույլ տալ քաղաքական հարթության մեջ չկարևորել իր մրցակցին, և ցինիկաբար ասել՝ «Րաֆֆի, ո՞ւր է քո կես միլիոնը»:

Արձանագրում

Առաջին անգամ կեղծված ընտրությունների արդյունքում նախագահ հռչակված մարդը՝ ընտրություններում հաղթած թեկնածուի հետ խոսում է նման տոնով: Այսպես ասած,  «դոբռիի մեջ կայֆավատ է լինում»:  Այո, այս առումով, Րաֆֆի Հովհաննիսյանը իրապես կարողացավ աննախադեպ իրավիճակի հասնել հետընտրական շրջանում: Նման բան երբեք չի եղել իշխանությունների կողմից. չարացած վերաբերմունք կար, ատելություն կար, վախ՝ կար, զգուշավորություն կար, անհանդուրժողականություն կար, ցինիզմ չէր եղել: Եղավ:

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Րաֆֆին Սերժին առաջարկե՞լ է միասնական ցուցակով մասնակցեն ԱԺ ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների կողմնակիցների թիվը աճել է 1,5 անգամ’