‘Սերժ Սարգսյանը խայտառակում է Հայաստանը ու հայ ժողովրդին ‘

1837

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Բուխարեստում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում Ս. Սարգսյանը մի ելույթ է ունեցել, որում նաեւ ասել է. «Գարնանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին լավագույնն անկախության հռչակումից ի վեր»։

Մոտ կես տարի առաջ՝ ս.թ մարտի 10-ին, ՀԿԿ 13-րդ համագումարում նա ընդարձակ ելույթով ներկայացրեց վերջին 4-5 տարում իշխանության ձեռքբերումները, հաջողությունները տնտեսական ու քաղաքական ասպարեզում։ Ինչպես տնտեսական մասում բերված անխտիր բոլոր տվյալները, այնպես էլ քաղաքական մասում հիմնական թեզերը շատ արագ հերքվեցին։ Երկարաշունչ այդ ելույթում Ս. Սարգսյանն առնվազն 2-3 տասնյակ անգամ դիմել էր կեղծիքի ու ստի։ Սակայն կեղծիքների մի մասի համար, ձեւական առումով, կարելի էր ասել, թե նրան սխալ վերլուծություններ ու տվյալներ են մատուցել, մի մասի համար էլ, դարձյալ ձեւականորեն՝ այլ մեկնաբանություն գտնել։ Այսինքն՝ այդ դեպքում Ս. Սարգսյանը դիմել էր 2-3 տասնյակ խաբեությունների։ Խաբեությունը մի քիչ տարբեր է ստից։ Դա այն սուտն է, որ ավել կամ պակաս թափանցիկ մի շղարշ ունի։

Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Բուխարեստում, իր որակով եզակի է։ Դա խաբեություն չէ։ Դա մերկապարանոց սուտ է։ Բացահայտ ստախոսության եզակի օրինակ։ Ամոթալի սուտ։ Նման մերկապարանոց ստի համար տարրական դասարաններում աշակերտին պատժում էին՝ անկյուն կանգնեցնելով։ Չէր կարելի, բայց՝ նաեւ ականջը քաշելով։ Դա համարվում էր ՉՊ։ Դա համարվում էր անվայել արարք, ծնող էին կանչում, խայտառակում։ Այդպես էին վարվում, որովհետեւ դրա մեջ մեծ վտանգ էին տեսնում։ Վտանգ՝ ե՛ւ տվյալ անձի, ե՛ւ հասարակության համար։ Հիմա, այս օրինակն աչքի առաջ ունենալով, ի՞նչ պիտի անի դպրոցի ուսուցիչը, ծնողը, երբ երեխան ստի։

Սերժ Սարգսյանի այս մերկապարանոց ստի մասին մամուլի մի քանի օրգաններ գրեցին ու անցան։ Մի քանի օր հետո կմոռացվի։
Չի կարելի դա մոռանալ, դա չպիտի մոռացվի։ Դա պիտի ունենա հետեւանքներ, որոնք դաստիարակիչ հետեւանքներ կունենան երեխաներից սկսած՝ ողջ հասարակության համար։ Այլապես դա կդառնա ընդօրինակման առարկա՝ նույն երեխաներից սկսած՝ ողջ հասարակության համար։ Դա կայլասերի հասարակությունը։

Ինչո՞ւ Ս. Սարգսյանը կամ նրա գրասենյակը չպատասխանեց ծանրագույն ու ամոթալի այդ մեղադրանքին։ Երկրի ղեկավարին ստախոս են անվանում, ու նա լռո՞ւմ է։ Թող հասարակությանը ներկայացնեն միջազգային դիտորդների՝ թեկուզ քեֆի սեղանի շուրջ ասված որեւէ խոսք, որը հեռավոր աղերս կունենա Ս. Սարգսյանի ասածի հետ։
Ինչո՞ւ լրագրողները հարցերով չեն ռմբակոծում նախագահական նստավայրը եւ դիտորդական առաքելություների համար պատասխանատու եվրոպական կառույցների գրասենյակները։ Ինչ է՝ սովորական մի բա՞ն է սուտ խոսելը, որ իրենք էլ դա անում են ամեն օր։ Ու հենց ա՞յդ են սովորեցնում իրենց երեխաներին։ Դա արդեն ոչ թե բարոյական արատ, այլ բարոյական առաքինությո՞ւն է։
Ինչո՞ւ «ազգային մտավորականները» բողոքի ձայն չեն բարձրացնում կամ գեթ տարակուսանքի մռթմռթոց չեն արձակում։ Որովհետեւ դրա մեջ տարօրինակ ոչինչ չե՞ն տեսնում։ Որովհետեւ դա համարում են մեր ազգային նկարագրի մա՞ս։ Որովհետեւ սուտ խոսողը մեր «դարավոր ոսոխի» նախագա՞հը չէր, որ հեռուստաէկրաններին հերոսաբար առյուծ կտրեին՝ իրար հերթ չտալով։
Ինչո՞ւ միջազգային դիտորդական առաքելությունները Սերժ Սարգսյանից հաշիվ չեն պահանջում իրենց վերագրված սուտ խոսքի համար։ Եթե առաջիկայում նրանք հրապարակավ Ս. Սարգսյանից նման հաշիվ չպահանջեն ու չհրապարակեն նրա պաշտոնական պատասխանը, ուրեմն Ս. Սարգսյանը նրանց կաշառել է։ Ուրեմն՝ նրանք կաշառակեր են։ Ուրեմն՝ նրանք Հայաստանի ու նրա ժողովրդի թշնամիներն են։ Նրանք՝ արեւմտյան դիտորդները՝ իրենց կառույցներով ու կառավարություններով հանդերձ։ Ուրիշ բացատրություն կա՞։ Թող տան այդ բացատրությունը, մենք պատրաստ ենք դրան հավատալ, եթե անգամ այն մեկ տոկոսով հավաստիանման լինի։
Չափահաս մարդն այդպես բացահայտ չի ստում։ Դա խայտառակություն է իր, իր շրջապատի ու ընտանիքի համար։
Հիմա այդ բանը ոչ թե իր ընտանիքում, ոչ թե իր շրջապատում, այլ ի տես աշխարհի՝ արել է մի ամբողջ երկրի թիվ մեկ պաշտոնյան։
Դա ազգային ու պետական խայտառակություն է։
Դա ողջ ժողովրդի ամոթն է ու խայտառակությունը։
Դա վտանգավոր է հասարակության բարոյականության տեսանկյունից։
Դա չի կարելի ներել, մոռանալ ու թողնել անհետեւանք ։
Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա մի ամբողջ ժողովուրդ աշխարհով մեկ խայտառակելու համար։

Հ.Գ. Իսկ գուցե նախագահի համար ոչ ադեկվատ այս պահվածքը այն բավարար հիմքերից է, երբ պետք է դիմել Սահմանադրության 59-րդ հոդվածին. «Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին»:

Նախորդ հոդվածը‘Հրթիռահրետանային զորքերը նշեցին կազմավորման 20-ամյակը ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելցի զինվորականները ֆինլանդական նավին թույլ չեն տվել մտնել Գազայի գոտի’