‘Սերժ Սարգսյանը ծախո՞ւմ է Ղարաբաղը ‘

1711

ՉԻ-ն այսօրվա համարում գրում է. «Պարզվում է` Սերժ Սարգսյանը կամ փոխել է ԼՂ հիմնախնդրի հարցում իր ավանդական տեսակետները, կամ էլ` դրանք երկար ժամանակ ծածուկ է պահել եւ միայն հիմա է հրապարակում: Շաբաթ օրը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել. «Մենք ինչո՞ւ պետք է շահագրգռված լինենք, որպեսզի խնդիրը հետաձգվի։ Ես բազմաթիվ անգամ հայտարարություններ եմ արել, որոնց համար նաեւ հաճախակի քննադատվել եմ, բայց այսօր էլ ես համարում եմ, որ օր առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա։ Բայց ինչպես ասում են՝ մի ձեռքը ծափ չի տալիս։ Որպեսզի խնդիրը լուծվի, անհրաժեշտ  է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը»: Նշենք, որ այն միտքը, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի զարգացման համար, երկար ժամանակ ասում էր ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, նա այդ միտքը ասում էր մշտապես: Մինչդեռ նույն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը`հենց այդ մտքի համար էին անընդհատ հայտարարում, թե իբր առաջին նախագահը ուզում է Ղարաբաղը ծախել: Հիմա փաստորեն, Սերժ Սարգսյանը որոշել է, որ ԼՂ խնդրի լուծումը միայն ու միայն դրականորեն կարտահայտվի Հայաստանի զարգացման վրա: Ուրեմն, ստացվում է ի՞նչ, կամ Սարգսյանի թիմը պետք է հայտարարի, որ իրենց շեֆն էլ է ցանկանում ծախել Ղարաբաղը, կամ էլ` պետք է խոստովանի, որ այս ամբողջ ընթացքում իրենք ընդամենը զբաղված էին առաջին նախագահի հասցեին զրպարտություն տարածելով եւ ներողություն խնդրեն, առավելեւս, որ Սարգսյանին այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար փաստորեն մի 15 տարի էր պետք»:

 

 

Նախորդ հոդվածը‘Արա Պապյան. Խնդիրն այն է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում» ասելով՝ ով ինչ է հասկանում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Բալասանյանն ինչ որոշում ուզում է՝ թող կայացնի, դա կուսակցության որոշումը չէ’