‘Սերժ Սարգսյանը հիշել է Խորհրդային Հայաստանի գիտական հաջողությունները’

967

«Հայաստանի առաջավոր գիտությունը մեծապես նպաստել է մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ խորհրդային Հայաստանը դասելով հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկրների շարքին: Ակադեմիան ձեւավորել է հասարակական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների մի հսկայական բանակ, որն իր հերթին բարեփոխել է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք», — ԳԱԱ 70 ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Խորհրդային միության փլուզմամբ հայկական գիտությունն ունեցել է անխուսափելի կորուստներ:

«Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:  Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական», — ըստ president.am-ի, ասել է Սարգսյանը:

Նա նաեւ խոսել է գիտության ասպարեզում միջազգային համագործակցության անհրաժեշտության մասին` այս համատեքստում եւս հիշելով խորհրդային փորձը:

«Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում: Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք: Բայց ասվածը չի նշանակում, թե իբր մեր գիտական հանրությունը չունի կամ չի կարող ունենալ ներքին պատվիրատու: Այս իմաստով, ես կարևոր եմ համարում Ակադեմիայի գիտական կառույցների և անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության և մասնավորապես արտադրության ներկայացուցիչների հետ», — եզրափակել է Սարգսյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոյի հակառակորդները կխորհրդակցեն ութոտնուկի հետ’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում պայթեցրել են Լոհարի նահանգապետին’