‘Սերժ Սարգսյանը մասնակցել է կալանավայրի բացման արարողությանը’

1330

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր, տեղեկացնում է President.am-ը:

Նա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ հրավիրյալների հետ միասին ծանոթացել է իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված այդ հաստատության պայմաններին:

Պատասխանատուների հավաստմամբ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով: Առաջին փուլով ներկայումս շահագործմանն են հանձնվում հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը: Երկրորդ փուլում՝ մինչև 2015թ. վերջ, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:

Ոլորտի պատասխանատուները քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման կարևոր միջոց են դիտարկում ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության արդիականացման ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը թույլ կտա շուրջ 25 տոկոսով կրճատել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը՝ այլընտրանքային խափանման միջոցներ և ազատազրկման հետ չկապված պատժատեսակների տեսակարար կշիռը ավելացնելու միջոցով:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հասկանում եմ երկրպագուների դժգոհությունը»’
Հաջորդ հոդվածը‘Հայհիդրոմետը կանխատեսում է տաք դեկտեմբեր’