‘Սերժ Սարգսյանը «ոնց որ լռիվ խառնում ա սաղ»’

1229

Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ի պաշտոնե Հայաստանում ԼՂ հարցի մասին ամենատեղեկացված մարդը: Շատերը կմտածեն՝ Սերժ Սարգսյանը ու մի քիչ էլ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պարզվում  է, սակայն, թեեւ Սերժ Սարգսյանը բարձրագույն մակարդակով բանակցություններ է վարում, ինքն էլ տեղյակ չէ, թե ինչի մասին է ԼՂ հիմնախնդիրը: Եթե Սերժ Սարգսյանը իմանար, թե ինչի մասին է ղարաբաղյան հարցը, ապա իրար հակասող հայտարարություններ չէր անի: Ուրեմն, նախօրեին երեկոյան պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ու քանի որ նախընտրական շրջան է, բնականաբար, վերջինս չէր կարող չօգտվել առիթից ու ծավալուն ելույթ չունենալ: Բայց Սերժ Սարգսյանը մի տարօրինակ սովորություն ունի. նա երեւի որեւէ ելույթ կարդալուց առաջ՝ չի վերհիշում իր մինչ այդ արած գործողությունները, հայտարարությունները, հակառակ պարագայում չէր ունենա այնպիսի ելույթներ, որոնք հակասում են իր քայլերին ու հայտարարություններին: Այսպես, իր ելույթում Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ նման միտք է հայտնել. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած և հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբևէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ:… 19 տարի առաջ Ադրբեջանի խնդրանքով կնքված եռակողմ զինադադարն ամրագրեց հայկական ինքնապաշտպանության հաղթանակը: Այսօր Ադրբեջանում շատերն են մոռանում «Լեռնային Ղարաբաղի հարգարժան իշխանություններին» իրենց նախկին ղեկավարների ուղղած հրադադարի միջնորդությունը: Նախորդ պատերազմի զրկանքներից ծնողների փեշի տակ թաքնված երիտասարդներն այսօր նախընտրում են չհիշել պատմության այդ էջերը:Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը: Դա ամրագրված է միջազգային իրավունքով, միջազգային բազմաթիվ փաստաթղթերով: Ուստի, Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցությունը բանակցություններին դառնում է օրվա հրամայական: …Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար: Մեր մոտեցումները բանական են ու հավասարակշռված, իսկ որ ամենակարևորն է՝ հաշվի են առնում տարածաշրջանում բոլորի կայուն, խաղաղ զարգացման երկարատև հեռանկարները»:

Ուրեմն, Սերժ Սարգսյանը մի կողմից ասում է, թե ԼՂՀ-ն պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, մյուս կողմից էլ՝ ընդամենը մի քանի տող ներքեւ հավելում է, թե Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ մեր մոտեցումները համընկնում են միջազգային հանրության պատկերացումների հետ, ինչն անշուշտ խոսում է այն մասին, որ մենք ընկալելի ու կանխատեսելի գործընկեր ենք բոլորի համար: Հենց միայն այս երկու մտքերը մի ելույթում արտաբերելը պարզ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը կամ գլուխ չի հանում ԼՂ հակամարտությունից, կամ էլ՝ հայ ժողվորդի մասին է այդպես մտածում: Նախ՝ միջազգային հանրությունը որեւէ բառ չի խոսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին: Առայսօր միակ բանը, ինչի մասին խոսում է միջազգային հանրությունը, այն է, որ ԼՂ հակամարատությունը պետք է կարգավորվի: Երկրորդ՝ անգամ այդ կարգավորմանը միտված բանակցային գործընթացում ԼՂ-ն՝ որպես առանձին գործոն, այսօր ուղղակի գոյություն չունի: Ավելին, Սերժ Սարգսյանն ինքը հենց այդ գծի շարունակողն է: Նա ինքը ԼՂՀ-ի անունից հայտարարություններ է անում, թե բանակցությունների ընթացքում ինքը ինչ է պատրաստ զիջել Ադրբեջանին, ինքը հենց Ադրբեջանի նախագահի հետ փաստաթղթեր է ստորագրում, որտեղ բացակայում է պաշտոնական Ստեփանակերտի ստորագրությունը:

«…Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»: 2013 թվական, մարտի 23, հարցազրույց սիրիական Ալ Վաթան պարբերականին: 

«Հայաստանն ու Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի կարգավորմամբ: Մեզ անհրաժեշտ է տեւական եւ կայուն խաղաղություն: Փաստաթուղթը, որը կքննարկվի Կազանում, պատրաստվում էր ավելի քան մեկ տարի, սկզբունքները քննարկվել են տարբեր հանդիպումների ժամանակ: Այդ փաստաթուղթը հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս սկսել ստորագրման գործընթացը: Եթե Ադրբեջանը հանդես բերի կառուցողական մոտեցում եւ չանի նոր առաջարկ, ապա կարելի է սպասել դրական արդյունքի» : 2011 թվական, հունիսի 22, Ստրասբուրգ, հատված ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ճեպազրույցից:

2008 թվականի նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւը եւ ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել են հռչակագիր: Սա Բիշքեկյան համաձայնագրից հետո ստորագրված ամենաբարձր մակարդակի առաջին փաստաթուղթն էր, որտեղ բացակայում էր կողմերից մեկի պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը: Ավելի ճիշտ, ըստ այդ փաստաթղթի՝ որպես հակամարտության կողմեր էին հանդես գալիս միայն Հայաստանն ու Ադրբեջանը:

Իսկ ի՞նչ է ասում հիմա Սարգսյանը: Դա, թերեւս, արդեն կարեւոր չէ: Չէ՞ որ հիմա նախընտրական շրջան է: Ընտրությունները կանցնեն, հետընտրական շրջանում Սերժ Սարգսյանը կսկսի այլ շեշտադրությամբ ելույթներ ունենալ:

Հ.Գ.Ի դեպ, զարմանալին այն է, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանում «առօրեական է դարձել պատմության բացահայտ և ցինիկ կեղծումը»: Սարգսյանը թերեւս մոռացել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կողմից լույս ընծվայված Հայոց պատմության դասագրքի մասին:

Քրիստինե Խանումյան  

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Մեզանից լավը չկա ‘
Հաջորդ հոդվածը‘«Ուրալով» վթարի ենթարկված սպային տեղափոխել են Երևան’