‘Սերժ Սարգսյանը ուսով հպվել է ՌԴ նախագահին, ինչի արդյունքում կարճատև հանդիպում է ունեցել նրա հետ ‘

1397

Հաղորդագրություն նախագահականից` Սերժ Սարգսյանի աշգաբադյան հանդիպումների մասին.

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբադում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Աշգաբադում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ, իսկ ավելի ճիշտ` միջանցքում, Սերժ Սարգսյանի ուսը կարճատև հպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուսի հետ:

Այդ ընթացքում Վ.Վ. Պուտինը հասցրել է շրջվել և տեսել է, որ իրեն հպվողը Սերժ Սարգսյանն է: Հպումով մեկնարկած կարճատև հանդիպումը շարունակվել է ավելի ընկերական ու անբռնազբոս մթնոլորտում. Վ.Վ. Պուտինը մի քանի անգամ թփթփացրել է Սերժ Սարգսյանի ուսին, երկու անգամ նրան «պոնչիկ» է արել և մի անգամ էլ կիսագրկել է:

Այդ ընթացքում Սարգսյանն ու Պուտինը հարցրել են միմյանց որպիսությունը` քննարկելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգից մի շարք հարցեր:

ՌԴ նախագահը հետաքրքրվել է նաև օդային տրանսպորտի և, մասնավորապես, Ստեփանակերտի օդանավակայանի հարցերով, մասնավորապես՝ հետաքրքրվել է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը Երևանից լա՞վ է տեղ հասել Աշգաբադ, և նաև հումոր է արել, թե չլինի՞ Ստեփանակերտի օդանավակայանից է Սերժ Սարգսյանը ուղևորվել Աշգաբադ: Պարոն Պուտինն այսպիսով հիշեցրել է Սերժ Սարգսյանին այն մասին, որ վերջինս խոստացել էր լինել առաջին ուղևորը, ով կուղևորվի Ստեփանակերտ` օդանավով, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` իր հիշողությունը թարմացնելու համար:

Քննարկվել են նաև տնտեսական հարցեր, մասնավորապես՝ ներդրումների հետ կապված հարցեր. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին 1000 դոլար է տվել և խնդրել է երկու բաժակ թեյ բերել իր համար` հավելելով, որ Սարգսյանը մանրը կարող է պահել իրեն:

Մշակութային հարցերի շրջանակներում ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին պատմել է, թե ինչ ֆիլմ է դիտել օրերս: Սերժ Սարգսյանը ևս կարևորել է հայ-ռուսական մշակութային կապերը և խոստացել, որ ամեն ինչ կանի՝ նշյալ ֆիլմը Հայաստանում մասսայականացնելու համար:

Երկկողմ կարճատև հանդիպումը այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով: Զրույցին միացել է այդ պահին միջանցքով անցնող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ընդլայնված կամզով հանդիպմանը քննարկվել են առողջապահական հարցեր. Թուրքմենստանի նախագահը Սերժ Սարգսյանին հարցրել է, թե արդյո՞ք նա հավանել է հյուրանոցը, որտեղ գիշերել է, և հետաքրքրվել, թե Սերժ Սարգսյանը հո չի՞ մրսել: Կարճատև զրույցը հեռակապի միջոցով շարունակվել է ավելի ընդլայնված կազմով: Սերժ Սարգսյանի երկու հեռախոսներին այդ պահին զանգահարել են ԵՄ ղեկավարությունից և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի քարտուղարուհին, իսկ ՌԴ նախագահին զանգահարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Քննարկվել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Սերժ Սարգսյանը կողքից հասցրել է լսել, թե ինչ է ՌԴ նախագահը քննարկում ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչների հետ, և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին խնդրել է իր համար թարգմանել անգլերենով ընթացող զրույցը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ նշել է, որ միջազգային հանրության տեսակետը նաև այս անգամ համընկել է Հայաստանի իշխանությունների տեսակետի հետ և ապա միջանցքում գտնվող բոլոր հյուրերին հրավիրել է Հայաստան: 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Նախորդ հոդվածը‘Ընտրական գործընթացի դեգրադացում կամ «Հիշո՞ւմ եք, որ 88-ին երկրաշարժի ժամանակ ձեզ առաջին օգնությունը Ջավախքից էկավ» ‘
Հաջորդ հոդվածը‘Անկարգությունները Կահիրեում չեն դադարում. սպանվել է 5, վիրավորվել՝ գրեթե 450 մարդ’