‘Սերժ Սարգսյանի կողմից նշանակված ՍԴ անդամը անցնում է թոշակի’

940

Այսօր Սահմանադրական դատարանի անդամ Մանուկ Թոփուզյանը դառնում է 65 տարեկան:   

Մ.Թոփուզյանը ՍԴ անդամ է նշանակվել 2009թ. հուլիսի 8-ին, այսինքն՝ 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո, ինչը նշանակում է, որ նրա վրա տարածվում է սահմանադրական նորմը, ըստ որի՝ ՍԴ անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը, հայտնում է «Փաստինֆոն»:

Միևնույն ժամանակ՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված է, որ եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո:   Նշենք, որ այս պահին ՍԴ-ի վարույթում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի`ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որով զեկուցող է նշանակված Մ.Թոփուզյանը:   Այս գործի դատաքննությունը նախապես նշանակված էր մարտի 4-ին, սակայն ՍԴ-ի՝ փետրվարի 25-ի աշխատակարգային որոշմամբ՝ գործի դատաքննության օրը փոխադրվել է հունիսի 3-ին՝ ՍԴ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:   Պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով առաջիկայում կդադարեցվեն նաև ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի լիազորությունները: Քսան օրից՝ մարտի 25-ին, նա կդառնա 70 տարեկան:   

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում կալանավորվել են Հայաստանի և Իրանի օգտին «աշխատող» հերթական «լրտեսներ»’
Հաջորդ հոդվածը‘Պիկետ ՌԴ դեսպանատան առջև. Կան բերման ենթարկվածներ’