‘Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ` Ազատության հրապարակում, կառավարության հրաժարականի պահանջ` ԱԺ-ում ‘

3843

— Սերժ Սարգսյանը քաղաքաշինության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաեւ մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչեւ կեսգիշեր ցեխ են շպրտում, սեւացնում են ե՛ւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ մեր աշխատանքը»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսքին:

— Ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի անձի հետ, ում մոտ ձեւավորվել է, այսպես կոչված, «պաշարված բերդի» հոգեբանական սինդրոմ: Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ եւ իր ներքին հոգեբանական վիճակի մասին սույն խոստովանությամբ ընդունում է, որ իր ղեկավարած հանրապետական ռեժիմը հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ: Սա ուղիղ այն է, ինչին մենք ձգտում էինք Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2011թ. նոյեմբերի 25-ի հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո: Այդ ժամանակ հռչակված քաղաքական ռազմավարության իմաստն էլ այն էր, որ ճեղքեր ստեղծվեն իշխանության կոալիցիայի ներսում, Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած հանրապետական մեծամասնության շուրջ ստեղծվի անվստահության լայն հանրային մթնոլորտ,  ինչը թույլ կտա ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ հրապարակում ավելի արդյունավետ պայքար տանել ռեժիմի դեմ: Ի դեպ, մեկուսացման այդ զգացումը Ս. Սարգսյանը փոխանցում է իր ելույթի մեկ այլ դրվագում, որտեղ, անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, խոստովանում է, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է դրան: Սա, ի դեպ, ապշեցուցիչ արձանագրում է: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում է, որ պատրաստ է անել ինչ-որ բան` ժողովրդի 80 տոկոսի կամքին հակառակ: «Մեծ», «ընտրված», «դեմոկրատ» Սերժ Սարգսյանը բառացիորեն ասում է, որ պատրաստ է բռնաբարել սեփական ժողովրդի կամքը: Դեմոկրատական աշխարհում չկա որեւէ քաղաքական  լիդեր, որը լեգիտիմորեն ընտրված լիներ, իրեն իրավունք վերապահեր անել որեւէ քայլ, որին դեմ է իր ժողովրդի 80 տոկոսը: Ի դեպ, այս ինքնախոստովանությունն ընտրությունների կեղծման լավագույն ապացույցն է, որովհետեւ եթե հայ ժողովրդի 60 տոկոսն իսկապես ընտրած լիներ Ս. Սարգսյանին ու ներկա խորհրդարանին, ապա նրանց կողմից անցկացվող այս ռեֆորմն այսօր կունենար ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Կարճ ասած, ինքն էլ չհասկանալով` Սերժ Սարգսյանը հրապարակեց հանրության կողմից իր աջակցության իրական թվերը, իր իրական վարկանիշը:

— Անդրադառնանք Սերժ  Սարգսյանի հնչեցրած մեկ այլ մեղադրանքի. խորհրդարանական ուժերին նա նաեւ մեղադրել է գազային այս համաձայնագրերում լավը չտեսնելու համար, ավելին` նա ասել է, թե խոսելը շատ հեշտ է ու առաջարկել է. «Որեւէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է ԱԺ-ից մինչեւ Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ եւ ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ»: Ձեր կարծիքով` կա՞ այդ մեկը, թե խոսողներն են շատ:

— Ես արդեն սկսում եմ տարակուսել մեր պետության ներկայիս ղեկավարների տրամաբանելու եւ աշխարհն ադեկվատ ընկալելու ընդունակության վերաբերյալ: Ի՞նչ է, փաստորեն, մեզ` ընդդիմությանն առաջարկում Սերժ Սարգսյանը. նա առաջարկում է, որ մենք, օրինակ ես` Լեւոն Զուրաբյանս, մեկնեմ Մոսկվա, ընդունելություն խնդրեմ Վլադիմիր Պուտինից եւ փորձեմ բանակցել նրա հետ կամ «Գազպրոմի» ղեկավարության հետ` Հայաստանի համար ավելի նպաստավոր գազի գնի շուրջ:

Այս տրամաբանության մեջ կա առնվազն մի քանի արատ: Առաջին` եթե ՌԴ-ին արդեն հաջողվել է իր համար ցանկալի գնով պայմանագիր կնքել, ինչո՞ւ պետք է բանակցի ավելի քիչ նպաստավոր գնի մասին: Երկրորդ` Ս.Սարգսյանն, ըստ էության, ընդդիմությանն առաջարկում է ստեղծել այլընտրանքային հայկական դիվանագիտություն: Նույն տրամաբանությամբ, եթե, օրինակ, նրա հրամանատարության տակ գտնվող բանակն անհաջողություններ արձանագրի ռազմաճակատում, նա կարող է ընդդիմությանն առաջարկել ավելի լավ կազմակերպել ՀՀ անվտանգությունը:

Է՛հ, պարոն Սարգսյան, եթե դուք առաջարկում եք մեզ բանակցություններ վարել ՀՀ անունից կամ նույն տրամաբանությամբ կազմակերպել անվտանգությունը, կամ` ավելի արդյունավետ հարկեր հավաքել, ավելի լա՞վ չի` միանգամից հրաժարական տաք ու թողնեք, որ ավելի բանիմաց մարդիկ ձեր փոխարեն, այո, իրականացնեն պետական այդ գործառույթները: Պետական կառավարման գործում կատարյալ տապալման ավելի պերճախոս ինքնախոստովանություն ուղղակի դժվար է պատկերացնել:

Հիմա այն մասին, թե Հայաստանի սահմանին մենք ունենք գազի ամենացածր գինը: Ընդդիմության հարցադրումը հենց այն մասին է, թե ինչպես է ստացվում, որ ունենալով սահմանին ամենաէժան գազը, սպառողին ենք վաճառում աշխարհում ամենաթանկ գազերից մեկը: Մեր հարցադրումը հենց այն է, թե ինչպես է ստացվում, որ սահմանից մինչեւ սպառող գազի թանկացման խնդրում Հայաստանն աշխարհի ռեկորդակիր է: Ա՛յ, այս հարցին Սերժ Սարգսյանը որեւէ պատասխան չի տալիս եւ չի էլ կարող տալ:

— Խոսեցիք «պաշարված բերդի» սինդրոմի մասին. ի՞նչ է լինելու այդ «պաշարված բերդի» հետ. ձեր կարծիքով, ինչի՞ կհանգեցնի ստեղծված իրավիճակը:

— Պաշարված բերդերի ճակատագրերը, սովորաբար, լուծվում են երկու գործոնի ազդեցությամբ. պաշարվածների ռեսուրսները` ջուր, սնունդ, զինամթերք, եւ պաշարողների համառությունը: Սերժ Սարգսյանի ռեժիմի ռեսուրսներն ակնհայտորեն սպառվում են: Դրա վկայությունն է ֆինանսական ճգնաժամը` պետական տարրական կարիքների ապահովման իմաստով: Արտաքին աշխարհից ֆինանսավորում ձեռք բերելու ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս, եւ իշխանությունները դիմում են անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների համար ժողովրդից ավելի կոպիտ ձեւերով գումարների բռնագանձման սխեմաների, որոնցից մեկը հենց պարտադիր կուտակային վճարումներն են: Բնականաբար, նման քաղաքականությունը չի կարող լուրջ արդյունքներ արձանագրել պաշարվածների ռեսուրսների վերականգնման խնդրում, եւ հակառակը` ավելացնելու է պաշարողների թիվը եւ համառությունը: Այս գործընթացը գնալով խորանում է, ռեժիմը որեւէ հակաքայլ չի գտնում, ինչի վկայությունն է նաեւ ընդդիմության չորս խմբակցությունների խորացող եւ ամրապնդվող համագործակցությունը: Կարծում եմ` մյուս էտապը լինելու է զանգվածների ճնշման ներքո խորհրդարանական մեծամասնության քայքայումը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

— Պարոն Զուրաբյան, խորհրդարանական չորս ուժերն ակտիվ քննարկումներ են սկսել վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա ղեկավարած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ ՀԱԿ-ը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու իր խոստումից:

— Նախ` խորհրդարանական չորս խմբակցությունների ձեւաչափով ընթացող համագործակցության օրակարգը չի սահմանափակվում ձեր նշած հարցով: Դա շատ ավելի լայն է եւ վերաբերում է հասարակությանը հուզող տարբեր հարցերի` լինի իշխանությունների գազային ավանտյուրայի բացահայտման խնդիրը, կուտակային պարտադիրի դեմ պայքարը, մարտի 1-ի սպանությունների բացահայտումը, թե այլ հարցեր: Չի բացառվում նաեւ, որ ինչ-որ պահի ֆորմատը սկսի քննարկել նաեւ Ս.Սարգսյանի պաշտոնանկության խնդիրը: Իհարկե, Կոնգրեսը 2008թ. ի վեր համարում է, որ երկրում դեմոկրատական իշխանություն ձեւավորելու եւ երկիրը զարգացման ուղու վրա դնելու հարցը կարող է լուծվել միայն Ս. Սարգսյանի ռեժիմի ապամոնտաժմամբ եւ ազատ ու արդար համապետական ընտրությունների անցկացմամբ: Մենք հետեւողականորեն շարունակելու ենք այդ նպատակով մեր պայքարը: Քանի որ այդ խնդրի լուծման բանալին ի վերջո զանգվածային ճնշմամբ Ս. Սարգսյանի հրաժարականին հասնելն է, մենք այդ խնդրի լուծումը տեսնում ենք հանրահավաքային պայքարի ծավալման մեջ եւ վստահ ենք, որ մարտի 1-ի մեր առաջիկա հանրահավաքը կծառայի այդ նպատակին: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ այդ գործընթացի ծավալման համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական ուժերի եւ հանրության առավելագույն համախմբում: Եվ այդ խնդիրը մենք փորձում ենք լուծել խորհրդարանում` քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի միջոցով: Կոպիտ ասած` այսօրվա քաղաքական պայքարի բանաձեւը կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել. Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ` Ազատության հրապարակում, դրան օժանդակող կառավարության հրաժարականի պահանջ` խորհրդարանում: Վստահ եմ, որ այս գործընթացները մեկը մյուսին փոխլրացնող են եւ թույլ են տալիս բազմապատկել ժողովրդական զանգվածների էներգիան` հրապարակում, թեժ ճակատամարտներով` ԱԺ-ում: Սա է այն ռազմավարությունը, որը մենք այս պահին համարում ենք ամենաարդյունավետը:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Երևանում պղծել են Մովսես Գորգիսյանի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիրները գրավել են Կիեւի քաղաքապետարանը’